Մատչելիության հղումներ

Լավրովը խոսել է Ուկրաինայում ավելի շատ տարածքներ գրավելու մտադրության մասին


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր խոսել է Ուկրաինայում ավելի շատ տարածքներ գրավելու նոր նպատակների մասին։ Ռուսական պետական քարոզչական Russia Today և РИА Новости լրատվամիջոցների հետ հարցազույցում նա ասել է, որ աշխարհագրական խնդիրները փոխվել են։

«Ստամբուլում բանագնացների հանդիպմանը մի աշխարհագրություն էր և մեր պատրաստակամությունը` ընդունել ուկրաինական առաջարկները` հենվելով այդ աշխարհագրության վրա՝ 2022 թվականի մարտի վերջի դրությամբ աշխարհագրության վրա։ Հիմա ուրիշ աշխարհագրություն է, այն ոչ միայն Դոնեցկն ու Լուգանսկն է, այլ նաև Խերսոնի մարզը, Զապորոժիեի մարզը և մի շարք այլ տարածքներ, և այդ գործընթացը շարունակվում է, ընդ որում շարունակվում է հետևողական և համառ»,- ասել է Լավրովը, սպառանալով, որ եթե Արևմուտքը Կիևին հեռահար զենք տրամադրի, ապա «այսօրվա գծից ավելի հեռու աշխարհագրական խնդիրներ կդրվեն»։

Մոսկվայի պլանների մասին Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քըրբին, վկայակոչելով ամերիկյան հետախուզության տվյալները, նախօրեին ասել է, որ Ռուսաստանը հիմքեր է ստեղծում Ուկրաինայի զգալի մասը անեքսիայի ենթարկելու համար։

Քըրբին զգուշացրել է, որ Մոսկվան մտադիր է Ռուսաստանի մաս հռչակել Խերսոնի, Զապորոժիեի շրջանները և ամբողջ Դոնբասը։ Գրաված տարածքներում Ռուսաստանի գործողությունները նա համեմատել է Ղրիմի 2014 թվականի բռնազավթման հետ։

«Ռուսաստանը նշանակում է անօրինական պաշտոնյաներ Ուկրաինայի շրջաններում, որոնք գտնվում են իր վերահսկողության տակ։ Այդ մարդիկ առաջին հերթին ձևական հանրաքվեներ կանցկացնեն Ռուսաստանին միանալու հարցով, հետո Ռուսաստանը, օգտագործելով այդ հանրաքվեները, կփորձի անեքսիայի ենթարկել Ուկրաինայի ինքնիշխան տարածքը», - ասել է Քըրբին, հավելելով, որ դա կլինի ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում և անպատիժ չի մնա։

Պատերազմական իրադրությունը

Ուկրաինայում շարունակվող պատերազմում ռուսական ուժերի ամենօրյա զանգվածային հրետակոծությունները չեն դադարում։ Ուկրաինայի զինված ուժերը, մարզերի և քաղաքների ղեկավարները հաղորդում են ռուսական ուժերի վերջին 24 ժամվա ընթացքում հարվածների և հետևանքների մասին։

Կրկին ռմբակոծվել է Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Խարկովը, տրանսպորտի կանգառում գտնվող երեք մարդ է զոհվել, այդ թվում` 13 տարեկան տղա։

Դնեպրոպետրովսկի մարզում Նիկոպոլի հրետակոծության հետևանքով երկու մարդ է զոհվել, տասը վիրավորվել են, հիվանդանոց տեղափոխվածներից չորսը երեխաներ են։ Դոնեցկի մարզում մի շարք փոքր բնակավայրերի հրետակոծության հետևանքով հինգ մարդ է զովել, տասնվեցը` վիրավորվել:

Հրետակոծվել են նաև Զապորոժիեի, Սումիի մարզերը, օդից և ռազմածովային ուժերից հրթիռներ են արձակվել Օդեսայի ու Օդեսայի մարզի Դաչնոե ավանի վրա։

Բրիտանիայի ռազմական հետախուզությունը նշում է, որ չնայած զանգվածային հրետակոծություններին` ռուսական ուժերը ցամաքային գործողություններում վերջին շրջանում նվազագույն առաջխաղացման են հասել։

Ուկրաինական ուժերը, իրենց հերթին, հարվածել են Խերսոնի ռազմավարական նշանակություն ունեցող կամրջին։ Հրթիռակոծվել է Դնեպրի ափերը կապող Անտոնովսկի կամուրջը։

Խերոսնի մարզում ռուսների կողմից նշանակված ժամանակվոր վարչակազմի ղեկավար Կիրիել Ստրեմուսովն ասել է, որ կամուրջը հրթիռակոծվել է ամերիկյան HIMARS հրթիռային համակարգով, այն լրջորեն վնասվել է, բայց վերանորոգելի է, բայց դրա համար ժամանակ կպահանջնի։ «Հավանաբար մենք ստիպված կլինենք դադարեցնել երթևեկությունը», - ասել է նա։

Նշենք, որ 1400 մետր երկարություն ունեցող կամուրջը եթե անօգտագործելի դառնա, ռուսական ուժերը բավականին դժվարություններ կունենան զենք-զինամթերք մատակարարելու, զինվորներ տեղափոխելու համար։ Դնեպր գետը այդ հատվածում` Խերսոնի մուտքի մոտ, բավականին լայն է, ու ռուսական խմբավորումների միջև կապը կարող է կտրվել։

Խերսոնի ուկրաինական իշխանությունների ներկայացուցիչ Սերգեյ Հլանը պնդում է, որ ուկրաինական ուժերի հիմնական թիրախը ոչ թե կամուրջն էր, այլ կամրջի հարևանությամբ «Նաիրի» սրճարանում տեղակայված ռուսական ուժերի բազան։

Ուկրաինական հեռուստատեսության եթերում նա ասել է, որ հիմնական թիրախը կամրջի մոտ գտնող «Նաիրի» կոչվող սրճարանի տարածքն էր, որտեղ ռուսները ամրություններ են կառուցել, զենք կուտակել, ստորաբաժանումներ տեղակայել և հզոր հենակետ ստեղծել, հիմա այնտեղ ուժեղ պայթյուն է։

ԱՄՆ պաշտպանության նախարարի խոսքով` Ուկրաինան կստանա ևս չորս HIMARS հրթիռային կայաններ, որոնց օգնությամբ ուկրաինացիները կարողանում են խոցել հակառակորդի թիկունքում տեղակայված զինապահեստները, ռազմական այլ օբյեկտներն ու լոգիստիկ հանգույցները։ Իսկ անցած շաբաթավերջին Կոնգրեսը հավանություն է տվել մի օրինագծի, որն օրենք դառնալու դեպքում ուկրաինացի օդաչուները հնարավորություն կունենան մասնակցելու վարժանքների՝ ամերիկյան F-16 կործանիչներին տիրապետելու համար։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG