Միացյալ Նահանգների ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին նախօրեին ասել է, թե «Ռուսաստանը ստեղծում է Ուկրաինայի տարածքի զգալի մասը բռնազավթելու հիմքեր»:
Նա ասել է, թե այդ մասին են վկայում ամերիկյան հետախուզության հայթայթած տվյալները: Քիրբիի փոխանցմամբ, Մոսկվան պատրաստվում է «Ռուսաստանի մաս» հռչակել Խերսոնի և Զապորոժիեի շուրջ տարածքները և ամբողջ Դոնբասը:
«Ռուսաստանն արդեն սկսել է Ուկրաինայում իր հսկողության տակ հայտնված տարածքներում ապօրինի կարգով պաշտոնյաներ նշանակել: Նախ այդ մարդիկ կկազմակերպեն կեղծ հանրաքվեներ, ապա դրանց արդյունքների հիման վրա այդ տարածքները Ռուսաստանի մաս կհռչակեն»,- ասել է Քիրբին:
Նրա փոխանցմամբ, Միացյալ Նահանգները բացահայտելու է Կրեմլի ծրագրերը, քանի որ «աշխարհը պետք է տեղեկացվի ապօրինի բռնազավթման փորձերի մասին»։ Նա վստահեցրել է, որ Մոսկվայի այդօրինակ գործողություններն անպատիժ չեն մնա: