Մատչելիության հղումներ

Գետքի ու Ղարիբջանյանի բնակիչները փակել էին Գյումրի - Արմավիր մայրուղին՝ ոռոգման ջրի պահանջով


Ոռոգման ջրի պահանջով այսօր Գետք ու Ղարիբջանյան գյուղերի բնակիչները փակել էին Գյումրի - Արմավիր մայրուղին: Ճանապարհը որոշ ժամանակ անց բացել էին, բայց կրքերը չէին հանդարտվում։

Բերքը դաշտում վառվում է, բողոքում էին գյուղացիները իրենց հետ բանակցելու եկած Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալին:

Երկու գյուղերի մոտ 200 հեկտար տարածք, ինչպես գյուղացիներն են ասում, չվերահսկվող ջրերով են ոռոգել տասնամյակներով: Այսինքն՝ գյուղացին չի վճարում ոռոգման համար, Ջրօգտագործողների ընկերությունն էլ սպասարկում չի իրականացնում: Չվերահսկվող ջուրը Կառնուտի ջրամբարից է գալիս և մինչև Ազատանի հողատարածքները չջրվեն ավելցուկ ջուրը Գետք ու Ղարիբջանյան չի հասնում: Ոռոգման ջուրը գյուղերի միջև կռվի պատճառ է միշտ եղել, ասում է ղարիբջանյանցի Հայկ Գևորգյանը՝ ցույց տալով դաշտում չորացած բերքը:

«Ազատան համայնքից չեն թողնում, որ ջուր գա մեզ, միշտ էլ էդ նույն խնդիրը եղել է, կա ու կմնա: [Նախորդ տարիներին] իրանք ջրել պրծել են, նոր ջուրը բրախել են մեզ, ջուրը թողել են, որ մենք ջրենք, իրանք հիմա արդեն 4-րդ ջուր կջրեն, մենք հլը առաջինը չենք ջրել: Բույսի վիճակը տեսնում եք ինչ է, ու մենք վարկեր, պարտքեր, ընտանիք կպահենք, երեխա կպահենք», - ասաց Գևորգյանը:

Երիտասարդ գյուղատնտեսն ասում է, որ խնդիրը կլուծվի, եթե վերականգնվի գյուղին ոռոգման ջուր մատակարարող պոմպակայանը. - «Ախուրյան գետից նասոսով էն ժամանակ ջուրը հանել են մինչև էս հողերն էլ են ոռոգել, սաղ ոռոգովի է եղել, քանդվել է ու վերջ, էլ չի սարքվել, ամեն տարի ասում են, որ պիտի սարքվի ու չենք սաքում»:

Հիասթափված է. եթե ոռոգման ջրի հարցը չլուծվի, Գևորգյանն ասում է, հող էլ չի մշակի. - «Հողերը կթողնենք, կգնանք Ռուսաստան: Սենց չի լինի, պետությունը մեզ պիտի նորմալ նայի, որ մենք կարողանանք գյուղատնտեսությամբ զբաղվել»:

Մանվել Սերոբյանն էլ որդու հետ կարտոֆիլի, կաղամբի ու ծաղկակաղամբի դաշտերն է ցույց տալիս: Ասում է՝ բերքն արդեն 3-4 անգամ պետք է ջրած լինեին, բայց մեկ անգամ էլ չեն ոռոգել. - «3-րդ բերան պիտի ջրվեր, բայց մի բերան էլ չեմ ջրել, ջուր չի տեսել ընդհանրապես»:

Ծաղկակաղամբն արդեն շուկայում պետք է վաճառեին, այնինչ բերքը դաշտում չորանում է. - «2 միլիոնի էս սերմից առել եմ, էն էլ բանկով, փողը բանկից եմ վերցրել, հիմա ես խոստացել եմ, որ աշունը էդ մարդկանց փողը տամ, ես որտեղի՞ց տամ, որ բերք չկա»:

Գյուղացիների հետ հանդիպման եկավ Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետը, վեճն ու կռիվը տեղափոխվեց Ղարիբջանյանին համայնքապետարան, ներկա էր նաև «Շիրակ ՋՕ»-ի տնօրենի տեղակալը: Մանվել Նահապետյանն ասաց՝ քանի որ համայնքը ՋՕ-ն չի սպասարկում, ջուր էլ, բնականաբար, տալ չեն կարող:

«Շիրակ ՋՕ»-ն Ղարիբջանյան համայնքի հետ պայմանագիր չունի, Ղարիբջանյան համայնքը «Շիրակ ՋՕ»-ի անդամ չէ, բնականաբար, «Շիրակ ՋՕ»-ն չի կանխատեսել, չի պլանավորել ոչ մի լիտր ջուր Ղարիբջանյան համայնքի համար ու հնարավորություն չունի էդ ջուրը տալու», - ասաց Նահապետյանը:

Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Ռոման Համայակյանն ասաց՝ խնդիրը կլուծվի եթե, համայնքները ոռոգման համակարգ ունենան: Հարցը փորձելու են սուբվենցիոն ծրագրով լուծել:

«Սուբվենցիոն ծրագրերը որոշակի ոռոգման համակարգերի հարց կարողանան լուծել, որը հնարավորություն կստեղծի նաև անդամակցելու «Շիրակ ջրօգտագործողների» ընկերությանը ու էս իրավիճակում գոնե կկարողանան ջուր ստանալ: Էդ հատվածում, որտեղ բնակիչները նշում են, ոռոգման համակարգ չկա, չի էլ եղել», - նշեց Համայակյանը:

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով ոռոգման ջրի պահանջարկը մեծացել է, ասում մարզի գլխավոր գյուղատնտեսը: Թեև մարզային պաշտոնյաները վստահեցնում են, որ մարզը ոռոգման ջրի խնդիր չունի, բայց բողոքի ակցիաների պակաս չկա։ Շաբաթվա սկզբին էլ ճանապարհ էին փակել ախուրիկցիները։ Բողոքի ակցիայից հետո այս գյուղը ջուր ստացավ։

XS
SM
MD
LG