Ախուրիկցիներն այսօր առավոտից փակել էին գյուղի տարածքում տեղակայված ռուսական սահմանապահ ուղեկալ տանող ճանապարհն ու ոռոգման ջուր էին պահանջում: Արդեն 2-րդ ամիսն է, ասում են, հողերը չեն ջրվում, բերքը չորացել է:
«Ժողովրդի կարտոֆիլը սաղ չորցել, թափվել է, ջուրը, խաբում են, էսօր-էգուց, չկա, դրա համար էլ փակել է ժողովուրդը ճամփեն»:
«Հայկավան, Ոսկեհաս օգտագործում են, ստեղ Ախուրիկ գյուղ չի հասնում ջուր: Ժողովուրդն ի՞նչ անի, տանջվել են, ցանել են, բերքը չեն կարող, էգուց երեխա պիտի պահեն», - ասում են նրանք:
Ախուրիկի վարչական ղեկավար Գարիկ Մելքոնյանը գյուղացիների հետ ուղեկալի ճանապարհին էր: Ըստ պաշտոնյայի՝ Արփի լճից բաց թողնվող ջրի քանակը քիչ է, դրա համար էլ ոռոգման ջուրը գյուղ չի հասնում. «Բացվում է 100 լիտր/վայրկյան քանակությամբ, որը Ախուրիկ չի հասնում ջուրը, հասած ջրի քանակը շատ քիչ է, այդ քանակությունը չի բավարարում մեր ջրակայանի աշխատանքի համար»:
Կրքերն ավելի թեժացան, երբ Շիրակ ՋՕ-ի մարզային կառույցի ղեկավարի տեղակալ Մանվել Նահապետյանը եկավ գյուղացիների հետ բանակցելու: Պաշտոնյայի բացատրությունները էլ ավելի զայրացրին գյուղացիներին։
Գյուղացիները ամեն կերպ փորձեցին ջուրը բաժանող կառույցի ներկայացուցչից հավաստիացում ստանալ, որ վաղը ոռոգման ջուրը ցանքատարածություններ կհասնի։
Ախուրիկի ու հարակից գյուղերի ոռոգման ջրի խնդիրը կլուծվի, երբ կառուցվի Կապսի ջրամբարն, ասաց Շիրակ ՋՕ-ի մարզային կառույցի ղեկավարի տեղակալը։ Իսկ առայժմ տարբերակներ են փորձում՝ խնդիրը լուծելու համար. «Հիմա մի տարբերակ ենք մտածել, որը մեր Աջափնյակ ջրանցքից սելաֆատարի օգնությամբ ջուր թափենք, որպեսզի պոմպակայանն աշխատի», - ասաց նա:
Հետո Շիրակի փոխմարզպետն ու գյուղվարչության պետը խոշորացված համայնքի ղեկավարի հետ հասան ուղեկալի տարածք: Փոխմարզպետ Ալբերտ Այվազյանն ասաց՝ ոռոգման ջրի խնդիր մարզը չունի շուրջ 18 մլն խորանարդ ավելի ջրի պաշար կա կուտակված: Թե ինչու Ախուրիկ ջուր չի հասնում, սլաքն ուղղեց գյուղացիների կողմը, թե ՋՕ-ի հետ քանի հեկտարի պայմանագիր ունեք կնքած:
Ալբերտ Այվազյանը հավաքված ախուրիկցիներին համոզում էր ուղեկալ տանող ճանապարհը բացել: Գյուղացիները պայման կապեցին փոխմարզպետի հետ. «Հիմա քո ասելով առավոտյան ջուրը լինելու է, նասոսը միացնենք, խնդիր չի լինելու»:
«Հա, առավոտյան ջուրը լինելու է, մենք ամեն ինչ անելու ենք այս պահից սկսած, դուք կարող եք նստել ավտոն, գնաք, Հայկավանի գլխամասից արդեն առուն ջուր կլցնենք», - ասաց նա:
Գյուղացիները մտադիր են կրկին ճանապարհ փակել, եթե վաղը ոռոգման ջուրն Ախուրիկ չհասնի։