Ընդդիմադիրներին պատգամավորական մանդատներից զրկելու հարցով իշխանությունը Սահմանադրական դատարան չի դիմի։ Այսօր երեկոյան Ազգային ժողովի խորհրդի նիստից հետո հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Այս խորհրդով քննարկումը համարվում է բացված, բայց քանի որ այն պատգամավորները, ում վերաբերում է քննարկումը, չէին ներկայացել, ըստ կանոնակարգի քննարկումը տեղափոխվում է մեկ շաբաթ անց, բայց սա զուտ տեխնիկական մասն է, որը մեծ հաշվով այդքան էլ կարևոր չէ։ Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշմանը, որոշումը հետևյալն է, որ նշյալ պատգամավորներին մանդատից զրկելու վերաբերյալ ՍԴ միջնորդությամբ չենք դիմելու։ Այս նստաշրջանի համար Սահմանադրական դատարան չենք դիմելու, եթե հաջորդ նստաշրջանում նույնպես լինեն բացակայություններ, արդեն ավտոմատ կերպով հարցը գալու է խորհրդի քննարկման տիրույթ», - ասաց նա։
ԱԺ խորհրդի նիստը ընդդիմադիր 33 պատգամավորներին՝ «Հայաստան» խմբակցության ողջ կազմին և «Պատիվ ունեմ»-ի մեծամասնությանը մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան դիմելու հարցով էր նշանակված։ Հիմնավորումը 6 ամսվա մեջ քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայություններն են։
«Ազատության» հարցին, թե իշխանությունները հաստատակամություն էին հայտնում, որ հարցը պետք է քննարկվի, Ազգային ժողովի նախագահը վճռական էր մինչև ՍԴ հասցնելու, ո՞րն է խնդիրը, որ «հետքայլ» է կատարվում, արդյոք միջազգային հանրության կողմից կա ճնշում, կամ ներքին քննարկումների արդյունքում գերակշռե՞լ է այն մտավախությունը, որ սա կարող է դիտարկվել որպես հետապնդում այլախոհների նկատմամբ, Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց. - «Մենք հայտարարել ենք հետևյալը, որ կա այսպիսի հարց, և այդ հարցն ավտոմատ կերպով գալու է Ազգային ժողովի խորհրդի տիրությ, մենք ասել ենք նաև, որ մեր խմբակցությունը քննարկում է այդ հարցը։ Քննարկումն ավարտվել է, ես ձեզ ներկայացրեցի քննարկման արդյունքը, այն է՝ Սահմանադրական դատարան այս հարցով չենք դիմելու։
Նաև շարունակեմ պատճառների ներկայացումը։ Առաջին պատճառը ներկայացրեցի՝ ժողովրդի տված քվեի հանդեպ հարգանքը, երկրորդն այն է, որ մենք կարծում ենք, որ մեր երկրին հիմա պետք է քաղաքական կայունություն և համերաշխություն, և մենք այս որոշումը նաև պայմանավորում ենք դրանով, և վերջինը՝ մենք կարծում ենք, որ եթե ընդդիմությանը թվում է, որ մենք պիտի դիմենք ՍԴ և նրանց փախուստի փրկօղակ նետենք Ազգային ժողովից, նրանք սխալվում են»։
Հարցին, թե ի՞նչպես է այդ հարցը լուծվելու աշնանը, երբ ընդդիմությունը դարձյալ չգա խորհրդարան, «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորը պատասխանեց. - «Չգա խորհրդարան, կնշանակի, որ այդ նստաշրջանում նույնպես կծագի իրենց բացակայությունների հիիմքով Սահմանադրական դատարան դիմել-չդիմելու հարց, և մենք կքննարկենք»։
Փողոցում 2.5 ամիս վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմությունը մանդատներից զրկելու՝ իշխանության սկսած գործընթացը քաղաքական հետապնդման փորձ է որակում։ Իսկ ինչո՞ւ հրաժարվեցին, Գեղամ Մանուկյանը կարծում է. - «Ենթադրում եմ՝ մի խելոք մարդ, ոչ պատգամավոր վստահաբար ասել է՝ տղե՛րք, համը հանում եք, երկիրն եք խայտառակ անում, ժողովրդավարության բաստիոնի փլուզված վերջին քարերն եք հրում գետիններ, դրա համար նման հայտարարություն են արել։ Իրենք իրենց իսկ հրաժարումով պարզեցին իրենց բուն նպատակը, իսկ մնացած բոլոր լոլոները՝ պարլամենտարիզմի, նիստերին մասնակցելու, ժողովրդի մանդատի և այլն, այդ ամբողջը քողարկում էր ՔՊ-ական միահեծանությունն ու քաղաքական անհանդուրժողականությունը»։
Մանդատներից զրկել-չզրկելու որոշումը ՍԴ-ն է կայացնում։ Հենց դիմելու հարցը այսօր երեկոյան պիտի քննարկվեր ԱԺ խորհրդում։