Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը Սաղաթելյանին և Հակոբյանին հեռացրեց պաշտոններից


Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներն այսօր հեռացրին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին Ազգային ժողովի փոխնախագահի, իսկ մեկ այլ ընդդիմադիր Վահե Հակոբյանին էլ` Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոններից։

Նախքան փակ քվեարկությունը իշխանական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց, թե ինչու են Իշխան Սաղաթելյանին հեռացնում ԱԺ փոխխոսնակի պաշտոնից: Որպես հիմնավորում նշվեց Սաղաթելյանի բացակայությունները, ինչի հետևանքով նա, ըստ իշխանական պատգամավորի, չի կատարել խորհրդարանի փոխնախագահի իր պարտականությունները։ Ըստ այդ հաշվարկի՝ Սաղաթելյանը բացակայել է այս տարվա առաջին 6 ամիսների 342 քվեարկությունների կեսից ավելիից` 198-ից։ Ջուլհակյանն ակնարկեց նաև, թե ինչ է արել Սաղաթելյանը ԱԺ չներկայանալու ժամանակ։

«Ինչպես մի առիթով նշեց հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նաև ընդդիմության առաջնորդ, և որպես այդպիսին` նա ոչ միայն չի կատարել քաղաքացիական համերաշխությանն ուղղված իր առաքելությունը, այլ նաև քանիցս հրահրել է բախումներ, օգտագործել ատելության խոսք, վիրավորել հանրության տարբեր ներկայացուցիչների, Ազգային ժողովի պատգամավորների», - ասաց նա:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության մեկ այլ անդամ Վահե Հակոբյանին հեռացնելու պատճառներն էլ ներկայացրեց իշխող խմբակցությունից Ծովինար Վարդանյանը: Նա նշեց, որ Հակոբյանն անցած կես տարվա ընթացքում բացակայել է մոտ 200 քվեարկությունից, ինչպես նաև Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար ընտրվելուց հետո չի նախագահել այդ հանձնաժողովի 27 նիստերից 11-ը։ Ավելին` ըստ իշխանական պատգամավորի՝ հնարավոր չի եղել որևէ կերպ շփվել Հակոբյանի հետ. «Նշեմ նաև, որ հանձնաժողովի ընդունարանը պարբերաբար փակ է եղել, իսկ զանգերը մնացել են անպատասխան»:

Վահե Հակոբյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանը
Վահե Հակոբյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանը

Վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով մոտ մեկուկես ամիս փողոցային ակցիաներ իրականացնող ընդդիմադիրներն արդեն մոտ 2 ամիս խորհրդարանի աշխատանքներին չեն մասնակցում, այսօր ևս ընդդիմադիր 2 խմբակցությունները խորհրդարանում չէին։ «Ազատության» հետ զրույցում Սաղաթելյանը ԱԺ փոխնախագահի պաշտոնից իր հեռացումը քաղաքական հետապնդում որակեց։

Պաշտոններից հեռացնելու նախաձեռնությունից առաջ իշխանականները չէին բացառում անհարգելի բացակայություններ ունեցող ընդդիմադիրներին նաև պատգամավորական մանդատներից զրկելու հնարավորությունը: Այսօր իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ այդ գաղափարից չեն հրաժարվել, սակայն չմանրամասնեց` երբ են այդ հարցով որոշում կայացնելու. «Ե՛վ պայմանավորված հետագա զարգացումներով, և՛ ընդդիմադիր պատգամավորների պահվածքով նաև, խորհրդարանական պահվածքի մասին է խոսքը գնում, մենք ըստ այդմ նաև կկայացնենք որոշում»:

ԱԺ փոխնախագահներից մեկին և մշտական երեք հանձնաժողովների նախագահներին առաջադրելու իրավունքը ընդդիմությանն է, սակայն այսօր «Ազատության» եթերում Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ընդդիմությունը նոր թեկնածուներ չի պատրաստվում առաջադրել։ Իշխանությունն էլ, իր հերթին, չի բացառում, որ իրենք ևս չեն լրացնի այս պաշտոնները, ու դրանք թափուր կմնան։ Ըստ իշխանականների՝ դա խորհրդարանի լեգիտիմությանը չի վնասի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG