Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը Ֆեյսբուքում տեղեկացրել է՝ որոշել է վայր դնել պատգամավորական մանդատը՝ չմանրամասնելով պատճառները։
Այդ գրառմամբ Ղազինյանը միայն հպանցիկ հայտարարել է, թե դրանք բացառապես քաղաքական ու մարտավարական են։ Վստահեցրել՝ կապերը չի խզել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրություն» շարժման հետ։
«Այս ԱԺ-ում որևէ օրակարգով իմ հետագա աշխատանքն այլևս չեմ պատկերացնում, իսկ այդ պայմաններում պահպանել ԱԺ պատգամավորի կարգավիճակը, չեմ կարող. առնվազն ազնիվ չէ: «Դիմադրության» շարժումն ունի չիրացված ահռելի ներուժ: Այն այս պահին գոյություն ունեցող միակ հարթակն է, որ ի զորու է կանխել նոր դավաճանություններն ու զիջումները. շարունակելու եմ մասնակցել շարժման կազմակերպած բողոքի ակցիաներին», - նշել է նա:
Նրա հետ կապվել չհաջողվեց։ Արթուր Ղազինյանի հրաժարականի որոշումը հաջորդեց իր թիմակիցներին՝ «Հայաստան» խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին ու Տնտեսական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից հեռացնելու՝ իշխանության նախաձեռնությունը։ Դրանից հետո ընդդիմադիր երկու խմբակցությունների անդամները հրաժարվեցին նաև իրենց վերապահված հանձնաժողովի մեկ նախագահի ու երեք փոխնախագահների պաշտոններից։ Բացառություն էր Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը նախագահող «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանը։ Բայց որոշեցին պահել մանդատները։
Իր հայտարարության վերջում Ղազինյանը «Հայաստան» խմբակցության գործընկերներին մաղթել է քաղաքական շրջահայացություն, ոչ բոլորի մասին ասել. - «Հավատացեք, այնտեղ կան բազմաթիվ ազնիվ, նվիրյալ ու հայրենասեր անձիք»:
Ի՞նչ հայտարարություն է սա, արդյոք ընդդիմադիր խմբակցությունում կան տարաձայնություններ ընտրած ճանապարհի հետ կապված, արդյոք էլի կլինեն մանդատից հրաժարվողներ։ Մամուլը գրում է, որ նման մտադրություն ունի նաև Էլինար Վարդանյանը, որի հետ հնարավոր չէ կապ հաստատել։
Գեղամ Մանուկյանը վստահեցնում էր՝ տարաձայնություններ չունեն
«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը վստահեցնում էր՝ տարաձայնություններ չունեն, Էլինար Վարդանյանն էլ իրենց չի ասել, թե ուզում է մանդատից հրաժարվել. - «Արթուր Ղազինյանի հրաժարականի մեջ ինտրիգներ պետք չի փնտրել, ինտրիգ կլիներ, եթե Արթուր Ղազինյանը հրաժարական տար խմբակցությունից, բայց պահեր մանդատը»:
«Ազատության» հարցին՝ այն, որ Արթուր Ղազինյանը վայր է դնում մանդատը, տարաձայնություն չէ՞, Մանուկյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ տարաձայնություն է, հատկապես Արթուր Ղազինյանն իր հայտարարությունում նման տարաձայնությունների մասին չի խոսել: Ինքը հայտարարում է, որ քանի որ անելիք չունի խորհրդարանում, այդ դեպքում բարոյական չէր այդ մանդատը պահը, որը «Հայաստան» խմբակցությանն է»:
Փողոցային պայքարը շարունակող ընդդիմադիրները հայտարարել են խորհրդարան կգան Հայաստանի ու Արցախի անվտանգությանը վերաբերող իրենց օրակարգով։ Բայց նրանք չեն կարողանում իրենց նախաձեռնությունները խորհրդարանում կյանքի կոչել՝ բավարար ձայներ չունենալու պատճառով։ Հնարավո՞ր է վերանայեն որոշումը, հրաժարվեն մանդատներից:
«Եթե դու կարողանում ես մանդատդ գործի դնել, ծառայեցնել քո քաղաքական նպատակներին, քաղաքական գործունեությանը, բնականաբար, այդ մանդատն անհրաժեշտություն է», - ասաց Մանուկյանը:
Հարցին՝ «այդ մանդատներով չեք կարողանում, օրինակ, շրջանառության մեջ դնել և որևէ նախագիծ անցկացնել, այդ դեպքում նպատակը ո՞րն է պահելու», ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. - «Այդ տրամաբանությամբ ուրեմն աշխարհում որևէ տեղ ընդդիմություն չպետք է գոյություն ունենա, որովհետև ընդդիմության նախաձեռնությունների մեծ մասը իշխանության կողմից մերժվում են: Բայց դա քաղաքական պայքար է, այսինքն միայն օրենսդիր գործունեություն չի: Պայմանական ասում՝ այսօր մի քանի պատգամավորական հարցապնդումներ եմ արել տարբեր գերատեսչություններում, որոնց պատասխաններից հետո նաև դրանց հետ կապված քաղաքական հայտարարություններ կանեմ»:
Իսկ ԱԺ փոխնախագահի ու հանձնաժողովների նախագահների թափուր պաշտոններում անելո՞ւ են առաջադրումներ, Գեղամ Մանուկյանը կարծում է՝ ոչ։
«Ինչ կերպ, որ իշխանությունը շարժվում է, այդ քինախնդրություն ասեմ, փոքրոգությունը, որով նրանք շարժվեցին, քաղաքական հայացքները չհանդուրժելը պատճառ է դառնում նման գործողության, չեմ կարծում այդ օրակարգին հասնելու են, ֆրակցիայում, համենայնդեպս, նման հարց ընդհանրապես չի էլ քննարկվել», - ընդգծեց նա:
Մանուկյանի փոխանցմամբ՝ Արթուր Ղազինյանին խորհրդարանում կփոխարինի՝ ՀՅԴ երիտասարդական միության ղեկավար Արգիշտի Գևորգյանը։
Իսկ ի՞նչ որոշում ունեն «Պատիվ ունեմ»-ում։ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մանդատից հրաժարվելուց հետո պատգամավոր է դարձել նախկինում ԲՀԿ անդամ, այժմ անկուսակցական Մարտուն Գրիգորյանը։ Հրաժարվելո՞ւ են պատգամավորական մանդատներից, թե՞ պահելու են, այդ դեպքում՝ ո՞վ է ղեկավարելու խմբակցությունը, ի՞նչ մարտավարություն են ընտրելու. այս հարցերը խմբակցությունը դեռ անպատասխան է թողնում։ Հստակ է մի բան՝ ՀՀԿ-ն շարունակում է մասնակցել դիմադրության շարժման ցույցերին։