«Պատասխան պատժամիջոցներ»․ այսպես կարելի է բնութագրել Մոսկվայի կողմից հինգշաբթի օրը կայացրած որոշումը, որի համաձայն եվրոպական մի շարք ընկերություններ զրկվում են Եվրամիության շուկայում ռուսական գազը վաճառելու և տեղափոխելու իրավունքից։
Պատժամիջոցների թիրախում է հայտնվել մասնավորաբար 1999 թվականին շահագործման հանձնված «Յամալ-Եվրոպա» գազատարի լեհական հատվածի սեփականատեր EuRoPol GAZ ընկերությունը։ «Գազպրոմին» արգելված է Լեհաստանի տարածքով գազ մատակարարել ԵՄ երկրներին։
Նախօրեին Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել եվրոպական մի շարք ընկերությունների նկատմամբ, ինչը նշանակում է, որ այդ կառույցների հետ գործարքներ չեն կարող կնքվել, վճարումներ իրականացվել՝ ևս, հայտարարում էր «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը։
Մոսկվայի սահմանած պատժամիջոցների թիրախում է նաև «Գազպրոմի» խոշորագույն դուստր ձեռնարկություններից մեկը՝ «Գազպրոմ Գերմանիան»։ Հարկ է ընգծել, որ Մոսկվան այս ընկերության նկատմամբ ազդեցության որևէ լծակ այլևս չունի։ Ապրիլի սկզբին, ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից մոտ մեկ ամիս անց, Գերմանիայի կառավարությունը որոշեց «Գազպրոմ Գերմանիայում» ժամանակավոր արտաքին կառավարում սահմանել։
«Պետք է արձանագրել, որ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ գազի կամ նավթի մատակարարումները որպես զենք օգտագործելու մասին հայտարարությունները սկսել են իրականություն դառնալ», -հայտարարում էր Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը՝ հավելելով, սակայն, որ Գերմանիան առայժմ լուրջ խնդիրների չի բախվում։
Բանն այն է, որ Լեհաստանով անցնող գազատարը Գերմանիայի համար երկրորդական նշանակություն ունի, երկիրը ռուսական գազի գերակշիռ մասը ստանում է «Հյուսիսային Հոսք 1» խողովակաշարով, իսկ ռուսական պատժամիջոցները գազատարների օպերատորներին շրջանցել են, ինչը նշանակում է, որ Բալթիկ ծովի հատակով կառուցված այդ խողովակաշարը շարունակելու է իր անխափան գործունեությունը։
«Դրա հետ մեկտեղ խնդիրներ կարող են առաջանալ գազի ստորգետնյա պահեստարանները շահագործող ընկերությունների համար», -նշում են Բեռլինում՝ արձանագրելով, որ դրանք այս պահին լցված են ընդամենը 40 տոկոսով։
Ամեն դեպքում, ըստ գերմանացի պաշտոնյաների, Մոսկվայի սահմանած պատժամիջոցները կարող են հանգեցնել ոչ այնքան գազի դեֆիցիտի որքան գազի մեծածախ գների աճի։
«Գազպրոմ Գերմանիայի» դեմ պատժամիջոցների սահմանումը նշանակում է, որ դրա հետ աշխատող ընկերությունները պետք է նոր պայմանագրեր կնքեն, հավանաբար ավելի բարձ գներով։ Այդ դեպքում ընկերություններին անհրաժեշտ են լինելու ֆինանսական երաշխիքներ, որոնք մենք պատրաստ ենք տրամադրել», - հայտարարում էր Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը։