Մատչելիության հղումներ

Օհանյանը հայտարարում է՝ Ազգային ժողով կվերադառնան իրենց օրակարգի համաձայն


Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ Ազգային ժողով կվերադառնան իրենց օրակարգի համաձայն։ Թե որն է այդ օրակարգը, Օհանյանը չհստակեցրեց։

Անդրադառնալով ապօրինի գույքի մասին իրավապահների հայտարարություններին՝ Օհանյանը պնդեց՝ ապօրինի և անօրինական որևիցե գույք ձեռք չի բերել։

Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև

Օհանյան․ - Մենք Ազգային ժողով կվերադառնանք մեր օրակարգի համաձայն։

«Ազատություն»․ - Դա ի՞նչ է նշանակում, եթե փողոցում չեք, դահլիճում չեք, ոմանք արդեն հրաժարվում են պաշտոնից, մանդատից խորհրդարանում, էդ օրակարգը ո՞րն է, պարոն Օհանյան, մեծամասնությունն է օրակարգ հաստատում։

Օհանյան․ - Պաշտոններից և մեկ հոգի մանդատից հրաժարվել է։ Դա կարծում եմ ընդհանուր մեր «Դիմադրության» շարժման հետ կապ չունի, կամ այնքան կապ ունի, որ «Դիմադրության» շարժման մասնակիցները, երբ ժողովրդի հետ են, փողոցում են, նրանց մի մասին զրկել են Ազգային ժողովի պաշտոններից, դրա համար մնացածը հրաժարական տվեցին՝ ասելով որ պաշտոնները մեզ համար ինքնանպատակ չեն։

«Ազատություն»․ - Էլի ցանկացողներ եղե՞լ են վայր դնել մանդատը։ Մամուլը Վահե Հակոբյանի, Էլինար Վարդանյանի անուններն է գրել, Դուք եք խմբակցության ղեկավարը։

Օհանյան․ - Կարծում եմ՝ իրականությանը դա չի համապատասխանում, որովհետև իմ հետ այդպիսի քննարկումներ տեղի չեն ունեցել։ Ինչ վերաբերում է Արթուր Ղազինյանին, ինքը մեր թիմի անդամ է եղել և այսօր էլ մեր թիմի անդամ է։ Անկախ այն բանից, թե ինքը խմբակցությունից դուրս է գալիս, ինքը «Դիմադրության» շարժման մասնակից է լինելու, և մեր հիմնական «Դիմադրության» շարժման խնդիրն այն է, որ անփորձ իշխանությունները պետք է հեռանան։

«Ազատություն»․ - Խորհրդարանում նաև էլի Ձեր գույքն էին ակնարկում, որն, ըստ իրավապահների, ապօրինի եք ձեռք բերել, հեգնում էին, թե «Վահագնի թաղամասում քենու անունով տուն տալու հարց լիներ, լավ էլ կգայիք էդ նիստերին», Դուք մտադի՞ր եք գնալ դատարանում հակադարձել, որ Ձեր այդ ունեցավածքը, որը վկայակոչում են, օրինական է։ Այդտեղ մեկ մլրդ դրամից ավելի գնահատված գույքի մասին է, փողեր՝ 600 մլն դրամից ավելի և այլն։

Օհանյան․ - Ես իմ հայրենիքին ազնվիրաբար ծառայել եմ՝ սկսած դպրոցական հասակից, զինվորական ծառայության մեջ՝ Արցախում ծառայության ժամանակ և նաև Հայաստանում։ Իմ ծառայությունը իմ գործընկերների, իմ ղեկավարների, իմ ժողովրդի համար բաց է եղել, ես ապօրինի և անօրինական որևիցե մի գույք ձեռք չեմ բերել։ Անհատական իմ գործունեությունը երբևիցե կապված չի եղել իմ հանրային ծառայությունից, այլ ընդհակառակը՝ ես իմ անձը նվիրել եմ ամբողջությամբ իմ հայրենիքին և դա իմ գործընկերները տեսել են, ես ապացուցելու բան չունեմ։ Նորից տարբեր մարդիկ ասում են, չգիտեմ, «բանակը թալանած», էսպես, էնպես, թող գնան մի հատ ստուգեն և տեսնեն, թե ես իմ գործընկերների հետ որքան միջոցներ եմ դրսից, անկախ պետական հատկացվող միջոցներից, բերել և բանակի համար օգտագործել այդ ութուկես տարիների ընթացքում, որպես պաշտպանության նախարար և դրանից առաջ, իսկ մնացածն օրինական գործողություններ են, և ես ասել եմ՝ դա ինձ չի պատկանում։

«Ազատույթուն»․ - Այս թվարկածից որևէ բան Ձեզ չի՞ պատկանում։

Օհանյան․ - Ազգային ժողովի ամբիոնից թող չհոխորտան, որևիցե մի բան ինձ չի պատկանում, դատական խնդիրներ կան, թող դատարանը որոշի, ես որևիցե մի բան վախենալու չունեմ։

«Ազատություն»․ - Էդ թվում մյուս գույքերը, որևէ բան Դուք դատարանում ասելու եք, որ Ձերը չե՞ն, չկան ապացույցներ։

Օհանյան․ - Չգիտեմ, ինչ գործընթաց է, որովհետև այն հայտարարագիրը, որ ես տվել եմ, այդ հայտարարագրի շրջանակներում էլ թող ինձ հարցաքննեն։

«Ազատույթուն»․ - Դրանցի դուրս չունե՞ք այլ բան։

Օհանյան․ - Ո՛չ։

Մայիսի վերջին Դատախազությունը հայտնեց, որ դատարանից պահանջել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից և նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ պետության բռնագանձել Երևանում գտնվող 2 հասարակական նշանակության տարածքները, Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը, ինչպես նաև 1 տրանսպորտային միջոց, իսկ անհնար լինելու դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 1 մլրդ 90 միլիոն դրամ։ Ըստ գերատեսչության, Օհանյանը նաև ավելի քան 1 միլիարդ դրամի չափով ապօրինի դրամական միջոցներ է տրամադրել այլ անձի։ Դատախազությունը դա ևս հենց Օհանյանից բնռագանձելու պահանջ է ներկայացրել։ Դեռ այն ժամանակ արձագանքելով՝ Օհանյանը պնդել էր՝ Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունն իրենը չէ։

Սեյրան Օհանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG