Բրյուսելը ջանքեր է գործադրում Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման, սահմանազատման ու տրանսպորտային ուղիների բացման ուղղությամբ, Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցից հետո Թվիթերում գրել է Եվրոպական խորհրդի նախագահը։
Շառլ Միշելը նաև տեղեկացրել է, որ Իլհամ Ալիևի հետ քննարկել է բրյուսելյան վերջին հանդիպման օրակարգային հարցերը, ընդգծել՝ Եվրոպական խորհրդի համար Հարավային Կովկասում խաղաղության, կայունության ու անվտանգության ապահովման կարևորությունը:
Ադրբեջանական պետական լրատվական գործակալության փոխանցմամբ, Իլհամ Ալիևն իր հերթին, հիշելով Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կազմակերպված եռակողմ հանդիպումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները, հույս է հայտնել, որ Շառլ Միշելի նշած օրակարգային բոլոր հարցերի լուծման ուղղությամբ իրական արդյունքներ կլինեն: Ադրբեջանի ղեկավարը խոսել է նաև 44-օրյա պատերազմի արդյունքում Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում ականների խնդրի, ինչպես նաև ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած համարվող ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանման կարևորության մասին։
Մայիսին Բրյուսելում Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած բանակցություններից հետո Հայաստանն ու Ադրբեջանը հրապարակեցին սահմանագծման ու սահմանի անվտանգության հարցերով հանձնաժողովների կազմը, այնուհետև հանձնաժողովները ղեկավարող փոխվարչապետերը հանդիպեցին հայ-ադրբեջանական սահմանին։ Բրյուսելյան հանդիպմանը առաջնորդներրը նաև ընդհանուր հայտարարի էին եկել տարածաշրջանի ճանապարհներն ու հաղորդակցության ուղիները բացելու վերաբերյալ:
Ապաշրջափակման հարցերով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների աշխատանքային խումբը վերջերս կես տարվա դադարից հետո արդեն երկու հանդիպում է անցկացրել։
Եվրոպական խորհրդի ղեկավարը նաև հայտնել էր, որ Փաշինյանն ու Ալիևը խոստացել են պահպանել սերտ շփումներն ու նույն` եռակողմ ձևաչափով ևս մեկ հանդիպում էլ անցկացնել հուլիսին կամ օգոստոսին: Այդ հանդիպման ստույգ ամսաթվի մասին դեռ չի հաղորդվել:
Տարածաշրջանային կայունության և համագործակցության հեռանկարների մասին այսօր խոսել է նաև Թուրքիայի արտգործնախարարը: Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան աջակցում է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման օրակարգին:
«Ուզում ենք, որ շուտափույթ ստորագրվի Ադրբեջանի՝ Հայաստանին առաջարկած համապարփակ խաղաղության պայմանագիր, քանի որ տարածաշրջանում կայուն խաղաղության կարիք կա: Ադրբեջանի ու Հայաստանի միջև պայմանավորվածության հիման վրա պետք է գործարկվի Զանգեզուրի միջանցքը, ինչպես նաև կյանքի կոչվեն ենթակառուցվածքային նախագծերը: Այդ միջանցքը ավելի մեծ, ռազմավարական կարևորություն է ստացել ուկրաինական պատերազմից հետո և պետք է իրականացնել այդ ծրագրերը», - նշել է Թուրքիայի արտգործնախարարը:
Տարածաշրջանային խնդիրները քննարկվել են նաև այսօր Թեհրանում Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ընթացքում: Ջեյհուն Բայրամովի հետ ասուլիսի ժամանակ Հուսեյն Ամիր-Աբդոլահիանը հայտարարել է, որ Թեհրանի պատրաստակամ է օժանդակելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման մնացյալ հարցերին՝ երկրների տարածքային ամբողջականության սկզբունքներին համապատասխան։
Բայրամովն էլ ասել է, որ Բաքուն պատրաստ է վերականգնել տրանսպորտային հաղորդակցությունը Հայաստանի հետ: Ադրբեջանի արտգործնախարարը հայտնել է, որ Իրանի տարածքով Ադրբեջանը և Նախիջևանը իրար կապող նոր տրանսպորտային հաղորդակցության ստեղծման համար նախատեսված չորս կամուրջներից առաջինի կառուցումը շուտով կմեկնարկի: Բայրամովը նաև հայտարարել է, որ հարավկովկասյան երեք երկրների և նրանց երեք մեծ հարևանների համագործակցության «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կկայանա մոտ ապագայում Իրանում: