Մատչելիության հղումներ

Երևանը և Բաքուն կարողացել են մոտեցնել դիրքորոշումները շատ հարցերի շուրջ. Մհեր Գրիգորյան


Երևանին և Բաքվին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները սահմանային և մաքսային հսկողության բազմաթիվ հարցերի շուրջ` ռուսական ՏԱՍՍ-ին երեկ ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ կառուցողական որակելով Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը:

Ըստ Գրիգորյանի, մասնավորապես, այս պահին փորձագիտական ենթախմբերը շարունակում են աշխատել ավտոմոբիլային և երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման և հետագա օգտագործման հետ կապված հարցերի վրա: Այլ մանրամասներ Մհեր Գրիգորյանը չի փոխանցել:

Ի տարբերություն փոխվարչապետի, որը կառուցողական է որակում եռակողմ խմբի աշխատանքն ու խոսում համաձայնություններից, վարչապետ Փաշինյանը օրեր առաջ 3,4 ժամ ձգված ասուլիսում պնդում էր, թե Ադրբեջանը ապակառուցողական է տրամադրված և փորձում է նոր պատերազմ հրահրելու լեգիտիմություն ձևավորել։ Որպես ապացույց Փաշինյանը պնդեց՝ հենց Ադրբեջանն է մերժել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի ներկայացրած գրավոր նախագիծը, որը հիմնված է եղել Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։

«Պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ սկսում ենք երկաթուղու շինարարությունը և դրանից հետո Ադրբեջանն, ըստ էության, հրաժարվեց այդ պայմանավորվածությունից: Ինչպե՞ս հրաժարվեց, դրանից հետո եղավ առաջարկ ձեռք բերված պայմանավորվածությունները արձանագրել գրավոր փաստաթղթով: Փաստաթղթի նախագիծը ներկայացրել էր եռակողմ աշխատանքային խմբի համանախագահող ռուսաստանյան կողմի Ալեքսեյ Օվերչուկը փոխվարչապետ, հայկական կողմը պատրաստակամություն արտահայտեց ստորագրել այդ փաստաթուղթը, Ադրբեջանական կողմը հրաժարվեց այդ փաստաթղթից: Վերջերս էլ նաև հրապարակվեց, թե Հայաստանի Հանրապետությունը ինչ կոնկրետ առաջարկով է հանդես եկել ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների փաթեթային բացման վերաբերյալ, այդ առաջարկությունը հրապարկվեց, ադրբեջանական կողմը մերժեց նաև այդ տարբերակը: Իմ գնահատականը մեկն է՝ դա արվում է Հայաստանի դեմ նոր պատերազմի լեգիտիմություն ձևավորելու համար», - նշել է վարչապետը:

«Ազատությունը» հարցեր է ուղարկել փոխվարչապետի գրասենյակ, հետաքրքրվելով՝ ի՞նչ դիրքորոշման մասին է խոսքը, հակասություն չկա արդյոք Գրիգորյանի և Փաշինյանի խոսքերում, և եթե կա, ինչո՞վ է դա պայմանավորված, պատասխան դեռ չենք ստացել:

Ռուսական կողմը օգնել է Երևանին և Բաքվին պայմանավորվել, թե որտեղով է անցնում Ադրբեջանը Նախիջևանին կապող ավտոճանապարհը. Известия

Մինչ այդ ռուսական Известия-ն է այսօր, հղում անելով դիվանագիտական իր աղբյուրներին, գրել է, թե ռուսական կողմը օգնել է Հայաստանին և Ադրբեջանին պայմանավորվել, թե որտեղով է անցնում Ադրբեջանը Նախիջևանին կապող ավտոճանապարհը: «Մնում է, որ կողմերը համաձայնության գան ընդամենը 6-կիլոմետրանոց հատվածի շուրջ, որը բացակայում է», - թերթին ասել է բանակցություններին մոտ կանգնած բարձրաստիճան մի պաշտոնյան՝ հավելելով՝ այնտեղ լեռներ են և հիմա ռուսական "Автодор" ընկերությունը փորձագետների է ուղարկում, որպեսզի նրանք ինժեներական պարզ լուծումներ առաջարկեն:

Թե կոնկրետ որ կետերով է անցնում երթուղին, անվտանգության ու մաքսային ինչ ռեժիմ է գործելու, թերթը չի հստակեցնում, նշվում է միայն, որ ճանապարհը ձգվելու է հայկական կողմից Արաքսի երկայնքով, օգտագործելու են խորհրդային հին ճանապարհները, որոնք մինչև 1992 թվականի Ղարաբաղյան պատերազմը կապում էին Նախիջևանը ադրբեջանական Զանգելանի հետ՝ Հայաստանի տարածքով:

«Ազատությունը» հարցում է ուղղել փոխվարչապետի գրասենյակ նաև այս տեղեկությունները հերքելու կամ հաստատելու վերաբերյալ, արձագանք դեռ չենք ստացել:

Այս թեմայով խոսելուց հրաժարվում են նաև իշխանական պատգամավորները՝ հղում անելով կառավարությանն ու Արտաքին գործերի նախարարությանը։

Փոխվարչապետը ավելի շուտ պրակտիկ հարցերով է զբաղվում. Քաղաքագետ

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը կարծում է, որ փոխվարչապետը ավելի շուտ պրակտիկ հարցերով է զբաղվում, իսկ Փաշինյանի հայտարարությունները պետք է քաղաքական համատեքստում դիտարկել՝ որպես պատասխան Ադրբեջանի նախագահի վերջին մեղադրանքների, թե Հայաստանն է ձգձգում գործընթացը:

«Այսինքն՝ մեկը մյուսին չի բացառում, հայտնի է, որ այս հարցերի շուրջ վաղուց են բանակցություններ ընթանում և մամուլում հայտնված տարբեր արտահոսքերից գիտենք՝ որոշակի առաջընթաց առաջին հերթին հենց ապաշրջափակման գործընթացում կա, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչի շուրջ արդեն պայմանավորվածություն կա, որովհետև այսպիսի հարցերում մինչև ամեն մի մանրուքի շուրջ համաձայնություն չկա, կարելի է ասել, որ ոչ մի բանի շուրջ համաձայնություն չկա», - նշեց քաղաքագետը:

Շաբաթներ առաջ բանակցությունների ընթացքի մասին արտահոսք էր եղել, հղում անելով իրենց աղբյուրներին հայկական որոշ լրատվամիջոցներ գրեցին՝ կողմերը համաձայնել են, որ Հայաստանի տարածք մտնող ադրբեջանական բեռներն ու ուղևորներին ստուգելու է ռուսաստանյան սահմանապահ ծառայությունը, մաքսային վերահսկողությունն իրականացնելու է հայկական կողմը։ Այնուհետև անցումն իրականացվելու է հայաստանյան հատուկ պահակախմբի ուղեկցությամբ, որի կազմում լինելու է ռուսաստանցի առնվազն մեկ սպա։

Ըստ նույն աղբյուրների, դեռ հստակ չէ՝ արդյո՞ք նույն պայմաններն են գործելու նաև Ադրբեջանի տարածք մտնող հայաստանյան ուղևորների ու բեռների դեպքում. բանակցությունները դեռ շարունակվում են։ Պաշտոնական աղբյուրները մինչ օրս այս հրապարակումները չեն հաստատել, բայց և չեն հերքել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG