Մատչելիության հղումներ

Լավրով-Միրզոյան-Բայրամով հանդիպում Դուշանբեում


Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը Մոսկվայում, 8-ը ապրիլի, 2022թ.
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը Մոսկվայում, 8-ը ապրիլի, 2022թ.

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մեկնում է Դուշանբե։ Այնտեղ ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում նախատեսված է նաև Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։

Եռակողմ հանդիպում անցկացնելու առաջարկ է արել ռուսական կողմը։ Քննարկման օրակարգը հայտնի չէ։

Մինչև հանդիպումը Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց էին ունեցել, որի ընթացքում, ինչպես հաղորդվել է, համաձայնեցրել են՝ ինչ կառուցվածք է ունենալու հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովը: Բաքվի առաջարկով հանձնաժողովի կազմը պետք է լինի երկու երկրների փոխվարչապետերի մակարդակով։ Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով՝ հայկական կողմը համաձայն է այդ գաղափարին։

Սերգեյ Լավրովի միջնորդությամբ և մասնակցությամբ նախատեսված եռակողմ հանդիպմանն ընդառաջ, նախօրեին Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների դիվանագիտության ղեկավարը և քննարկել է հայ - ադրբեջանական գործընթացում «վերջին դրական իմպուլսն» ու Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը:

Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ պետքարտուղարը և Ադրբեջանի նախագահը դրական առաջընթացից բացի քննարկել են նաև «հետագա քայլերը Հարավային Կովկասում խաղաղության ճանապարհին, այդ թվում՝ սահմանազատումը և սահմանագծումը, տրանսպորտային և հաղորդակցությունների ուղիների բացումը և մնացյալ պահվող հայերի ազատ արձակումը»:

Բլինքենը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները «պատրաստակամ է օգնելու՝ ներգրավվելով երկկողմանիորեն և համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, օգնելու երկրներին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն», փոխանցում է ամերիկյան դիվանագիտական գերատեսչությունը։

Հեռախոսազրույցի վերաբերյալ Բաքվի տարածած հաղորդագրությունում Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցի քննարկման մասին խոսք չկա։

Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության համաձայն՝ պետքարտուղար Բլինքենն աջակցություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև անցկացվող բանակցություններին ու հնարավոր խաղաղության համաձայնագրին, հույս հայտնելով, որ դա իր ներդրումը կունենա տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման գործում։

Ալիևը, իր հերթին, նշել է, որ հայկական կողմն ընդունել է Ադրբեջանի ներկայացրած հինգ կետերը, և որ Բաքուն պատրաստ է այդ սկզբունքների հիման վրա խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկին։ Երևանի ներկայացրած վեց կետերի մասին որևէ հիշատակում չկա։

Բաքուն, միևնույն ժամանակ, պնդում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանն ամենևին էլ անկեղծ չէ, որպես փաստարկ մատնանշելով Նիդերլանդներում Հայաստանի վարչապետի հայտարարությունները, որոնք ադրբեջանական կողմը որակել է «անհիմն», «իրականությունից հեռու պնդումներ»։ Այս մասին մասնավորապես հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան։

Բաքվի զայրույթն է հարուցել մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքը, որ Ադրբեջանը չի կատարել հայ ռազմագերիներին ազատ արձակելու խոստումը։ Աբդուլաևան հակադարձում է՝ Ադրբեջանում պահվող հայերը «դիվերսանտներ են, որոնք Ադրբեջանի տարածք են ուղարկվել պատերազմի ավարտից հետո»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG