Մատչելիության հղումներ

Քրեական գործ է հարուցվել Հին թաղերի մարտական դիրքերի անվտանգության պատասխանատու երկու սպաների նկատմամբ


Քննչական կոմիտեն քննում է Արցախի Հին Թաղեր գյուղի մոտ ծառայություն իրականացրած պահեստազորայինների գերեվարման ու մահվան հանգամանքները։

Պահեստազորայինները հրադադարի հաստատումից մոտ մեկ ամիս անց՝ անցած դեկտեմբերին շրջափակման մեջ էին ընկել, նրանցից 2-ը գերեվարվել էին, 9-ը՝ զոհվել։

Ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար մեղադրվում են Հին թաղերի 12 մարտական դիրքերի անվտանգության պատասխանատու, հրաձգային գումարտակի հրամանատար Ջիվան Մկրտչյանը և նրա ենթակա, մայոր Վլադիմիր Ղուկասյանը։ Մկրտչյանը դատարանի որոշմամբ երեկ կալանալավորվել է, իսկ Ղուկասյանը ազատության մեջ է։

Զինվորականների փաստաբան Հրանտ Վարդանյանի փոխանցմամբ, երկուսն էլ մեղադրանքը չեն ընդունում։ Ասում է՝ մառախուղի ժամանակ դիրքերից մեկի վրա հարձակում է տեղի ունեցել, թվով մի քանի անգամ ավելի ադրբեջանցիները կարողացել են գրավել դիրքը. - «Դիրքի վրա հարձակում ա տեղի ունեցել, յոթից ութ անգամ շատ ա եղել, հատուկ նշանակության «Յաշմա» ստորաբաժանում ա եղել։ Յոթ հոգով հնարավոր չէր հիսուն հոգուն դիմակայել։ Եթե մնային դիրքերում, մեռնելու էին։ Հրամանատարությունը լավ տեղյակ ա եղել, որ դիրքերի վրա հարձակում է տեղի ունեցել։ Զրո օգնություն ա եկել տասնհինգ ժամվա մեջ»։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կողմերը պետք է մնային այն դիրքերում, որտեղ կանգնած էին։ Արցախի հարավում գտնվող Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի շրջակայքը մինչև դեկտեմբերի կեսերը գտնվում էր հայկական զինուժի հսկողության ներքո, և եռակողմ հայտարարությունից հետո էլ այդտեղ ծառայություն էին իրականացնում հայկական զինուժի ներկայացուցիչները։

Դեկտեմբերի կեսերին Հին Թաղերի ու Խծաբերդի տարածքից 64 պահեստազորային գերեվարվեց, ինը զոհվեցին, ինչից հետո Հադրութի շրջանի՝ հայկական վերահսկողության տակ մնացած վերջին երկու գյուղերն էլ անցան Ադրբեջանին։

Անցած ամիսներին գերությունից տուն է վերադարձել պահեստազորայիններից 31-ը։ Մյուսներն ադրբեջանական դատարանի վճիռներով դատապարտվել են 6 ամսից 4 տարվա ազատազրկման։

Ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնական անփութության համար մեղադրվող զինվորականների փաստաբան Հրանտ Վարդանյանն ասում է, որ իր պաշտպանյալները հրաման են կատարել, ինչի համար էլ հիմա, սակայն, մեղադրյալ են դարձել. - «Դիրքը երբ որ գրավել են գիշերը, զեկուցվել ա վերադաս հրամանատարությանը, որ հարձակում ա տեղի ունեցել, դիրքերից մեկը գրավվել ա։ Ասել են՝ անցեք շրջանաձև պաշտպանության, անցել են շրջանաձև պաշտպանության։ Առաջ էթալու, դիրքը գրավելու, հետ բերելու ոչ մի հանձնարարություն չի տրվել վերադաս հրամանատարության կողմից։ Իրանք չնայած որոշակի բաներ արել են հետ բերելու համար, դրան հիմա չանդրադառնամ՝ նախաքննական գաղտնիք ա, ամեն դեպքում իրանց հրամայել են անցնել շրջանաձև պաշտպանության, ինչը որ արվել ա։ Հիմա շրջանաձև պաշտպանության անցնելու համար մեղադրում են, որ՝ խի՞ ես անցել շրջանաձև պաշտպանության, խի՞ չես կազմակերպել մյուսների նահանջը։ Բայց մյուսների նահանջը կազմակերպել ֆիզիկապես հնարավոր չէր»։

Ադրբեջանցիների հարձակման թիրախում հայտնված դիրքի պատասխանատուն Վլադիմիր Ղուկասյանն էր, ասաց փաստաբանը։ Դիրքի գրավումից հետո չեն կարողացել այնտեղ գտնվող զինակիցներին դուրս բերել, իսկ իրենք էլ հազիվ են դուրս եկել տարածքից։

Քրեական գործերում ներգրավված զինվորականներից շատերի փաստաբանները հայտարարում են, որ իրենց պաշտպանյալները կատարել են վերադասների հրամանները։ Սակայն պատերազմից մեկ տարի անց դեռ որևէ բարձրաստիճան զինվորական դատարանի առջև պատասխանատվության չի ենթարկվել պատերազմի ընթացքում թույլ տված սխալների համար։ Ռազմական տարբեր հանցագործությունների համար 7 բարձրաստիճան զինվորական է մեղադրվում, նրանցից, սակայն, հայտնի է միայն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի անունը։ Անդրանիկ Մակարյանը մեղադրվում է պատերազմի ժամանակ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։ Գեներալը ևս մեղքը չի ընդունում։ Ու չնայած մեղադրանքին՝ իրավապահները չեն կասեցրել բարձրաստիճան զինվորականի պաշտոնավարումը։ Բարձրաստիճանների գործերից մանրամասներ իրավապահները չեն հաղորդում։

Գլխավոր դատախազությունից փոխանցում են՝ տարբեր ուղղություններով քննությունը շարունակվում է։ Ավելի քան 2 հազար պատերազմական գործերից 41-ն արդեն ուղարկվել են դատարաններ, դրանցում ներգրավված է 49 մեղադրյալ։ Ընդհանուր առմամբ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ կատարված հանցանքների համար մեղադրվում է ավելի քան 800 անձ։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի փոխանցմամբ, այժմ ինտենսիվ քննություն ընթանում՝ բացահայտելու պատերազմի ժամանակ դասալքության, անփութության, դավաճանության և այլ դրվագներով մեղավորներին։

«Ինչ վերաբերում է գործերի քննության ձեր նշած դանդաղ ընթացքին, ապա, նկատի ունենալով, թե ինչ ահռելի ծավալի նյութեր են քննության առարկա դարձվել, իսկ կարող եմ նշել, որ գործնականում ցանկացած հրապարակում, ցանկացած տեղեկություն, որ որևէ ձևաչափով հանրայնացվում է, ինչպես նաև ձեռք է բերվում զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատների, ծնողների կողմից, դրանք պարտադիր դարձվում է քննության առարկա», - հավելեց Աբրահամյանը։

Դատարան ուղարկված գործերի կեսից ավելին՝ 25-ը առնչվում է պատերազմի ընթացքում ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելուն։ 7 քրեական գործ վերաբերում է ծառայության վայրն ինքնակամ լքելուն, ևս 9 անձ էլ մեղադրվում է դասալքության համար։ Մեղադրյալների մեծ մասը շարքայիններ են։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG