Պատերազմի ավարտից հետո Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի դիրքերից գերեվարված պահեստազորայինների հարազատները հանդիպում են պահանջում վարչապետի հետ, որպեսզի հարցնեն, թե ինչ է լինելու արդեն ավելի քան 8 ամիս Բաքվում պահվող և ադրբեջանական դատարանների առաջ կանգնող իրենց զավակների ճակատագիրը։
Փաշինյանը ռազմագերիների հարազատներին դեռ չի ընդունել, փոխարենը նրանց պահանջներին արձագանքել է վարչապետի մամուլի քարտուղարը։
«Գերեվարվածների հարազատները գիտեն, որ վարչապետի հետ պարբերաբար հանդիպումներ ունենալու հնարավորություն ունեն, և դրա համար առկա է կոնկրետ մեխանիզմ», - «Արմենպրեսին» ասել է Մանե Գևորգյանը՝ նշելով, որ Խծաբերդում գերեվարված զինվորների հարազատների հետ վերջին 9 ամիսներին վարչապետը հանդիպել է 9 անգամ, այդ թվում՝ երկու անգամ Շիրակի մարզում: Վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 23-ին, երբ վարչապետը ներկայացրել է առկա ողջ տեղեկատվությունը։
Վարչապետին հանդիպելու բոլոր միջոցները կիրառել են, բայց անարդյունք, վստահեցնում են գերիների հարազատները։ «Ուզում եմ նշել նաև հանրության համար, որ վարչապետի հետ հանդիպման բոլոր բարոյական և օրինական մեխանիզմները մեր կողմից կատարվել են», - ասում է բողոքավորներից Տիգրան Ամբարդարյանը։
Գիշերը կառավարության դիմաց լուսացրած հարազատները վստահեցնում են, որ չեն հեռանալու, քանի դեռ կառավարության ղեկավարը չի ընդունել իրենց, չի տվել իրենց հուզող հարցերի պատասխանները, որոնք բոլորն էլ վերաբերում են ադրբեջանական դատարաններում դատապարտված կամ վճռի սպասող իրենց երեխաներին Հայաստան վերադարձնելուն։ Խոստումներ շատ են լսել, հիմա արդյունքի են սպասում, ասում են Շիրակի մարզից Երևան եկած հարազատները։
Արվող քայլերի մասին Կառավարության շենք մտնելիս հակիրճ խոսեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Նրա խոսքով, գերեվարումից անմիջապես հետո էլ իրենք աշխատանքներ են տարել, բայց ադրբեջանական դատարանը ընդառաջ չի գնում. - «Մեր նախաձեռնությամբ ներքին քննարկումներ սկսել ենք տարբեր իրավասու մարմինների հետ ձեր նշած մեխանիզմների մասով։ Իրականում ոչ թե էքստրադիցիայի մասին է խոսքը այս դեպքում, այս դեպքում այլ փոխանցման մեխանիզմներ կան։ Չնայած այստեղ չպետք է մոռանանք, որի մասին մենք բազմիցս ենք շեշտել, որ էդ բոլոր դատավարությունները շինծու են, անհիմն են, քաղաքական նպատակներով սարքված, բեմականացված դատավարական պրոցեսներ են։ Իսկ այդ քայլերի ուղղությամբ հիմա քննարկումներ կառավարության շրջանում ընթանում են»։
Գերեվարված զինծառայողներին ազատելու և վերադարձնելու վերաբերյալ վերջին պահանջը դատարան ներկայացվել է հունիսին, բայց էլի անարդյունք։ Սա չի նշանակում , որ այս ուղղությամբ տարվող աշխատանքները կանգնում են, ասում է Կիրակոսյանը՝ նշելով, թե Ադրբեջանն ինչ հիմնավորում է ներկայացնում. - «Ասվում է, որ սա իրականում դատարանի կողմից կիրառվող 39-րդ կանոնի շրջանակներից դուրս է։ 39-րդ կանոնը դա հրատապ միջոցն է, որը դատարանը կիրառում է այն պարագայում, երբ կա անդառնալի վտանգի ռիսկ։ Անդառնալի վտանգի ռիսկը դատարանը որպես կանոն մեկնաբանում է երկրորդ, այսինքն՝ կյանքի իրավունքի և երրորդ, խոշտանգման և անմարդկային վերաբերմունքի ռիսկի, դրա արգելքի տրամաբանության մեջ, երբ որ նման ռիսկ առկա է։ Եվ բացառիկ դեպքերում նաև 8-րդ հոդվածի, այսինքն՝ անձնական, ընտանեկան կյանքի իրավունքի խախտման ռիսկի առկայության պարագայում»։
Օրվա վերջում ռազմագերիների հարազատները փոխանցեցին կառավարության պատասխանը, որ վարչապետի հետ հանդիպումը կկայանա առաջիկա երկու օրերի ընթացքում։
Խծաբերդի տարածքից նախ շրջափակման մեջ հայտնված, այնուհետև գերեվարված 64 զինծառայողներից 24-ն արդեն վերադարձվել են, մյուսները կա՛մ դատապարտվել են կա՛մ վճռի են սպասում։
Կա՛ն մեխանիզմներ դատապարտված գերիներին հայրենիք վերադարձնելու, ասում են իրավաբանները։ Օրինակ, կա դատապարտյալների հանձնման վերաբերյալ եվրոպական կոնվենցիան, որով խրախուսվում է, որ անձը շարունակի պատիժը կրել իր հայրենիքում՝ երաշխիքով, որ ազատ չի արձակվի։ Սա նույն մեխանիզմն է, որով հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովը վերադարձվեց Ադրբեջան։ Դատապարտված գերիների մի մասը, որոնց դատարանը 6 ամսվա ազատազրկում էր տվել, հուլիսի 3-ին վերադարձան Հայաստան՝ Աղդամի ականապատման քարտեզների դիմաց։