Մատչելիության հղումներ

Զելենսկին Ռուսաստանն անվանել է «աշխարհի ամենամեծ ահաբեկչական կազմակերպությունը»


Կրեմենչուգ քաղաքի առևտրի կենտրոնում զոհերի թիվը հասել է 18-ի

Ուկրաինայի պատերազմի մեկնարկից ի վեր` 4 ամսվա ընթացքում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհվել է 4731 խաղաղ բնակիչ:

«Ռուսաստան պետությունը դարձել է աշխարհի ամենամեծ ահաբեկչական կազմակերպությունը: Դա փաստ է և պետք է լինի իրավական փաստ», - ասել է Ուկրաինայի նախագահը` այսպես մեկնաբանելով ռուսական զորքերի երեկվա հրթիռային հարվածը Կրեմչուկ քաղաքի առևտրի կենտրոնին:

«Այդ պահին շենքում հազարից ավելի մարդ է եղել: Փառք Աստծո, նրանց մեծ մասը տագնապի ազդանշանից հետո հասցրել է դուրս գալ շենքից», - հավելել է Վլադիմիր Զելենսկին:

Այսօրվա տվյալներով` առևտրի կենտրոնում զոհերի թիվը հասել է 18-ի, տուժել է ևս 59 մարդ, որոնցից 25-ը վերակենդանացման բաժանմունքում են, 36-ը անհետ կորած են համարվում: Փրկարարները շարունակում են աշխատել կենտոնի փլատակներում, զոհերի ու վիրավորների թիվը կարող է աճել։

Ռուսական կողմն ընդունել է, որ Կրեմենչուգ քաղաքի վրա իրականացվել է հրթիռային հարձակում

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը գրեթե մեկ օր անց խոստովանել է, որ հրթիռային հարձակումը Ուկրաինայի Պոլտավայի շրջանի Կրեմենչուգ քաղաքի վրա իրականացվել է ռուս զինվորականների կողմից։ Միևնույն ժամանակ, ռուսական կողմի հաղորդագրության մեջ նշված է, որ բարձր ճշգրտությամբ զինատեսակներով հարվածը հասցվել է ռազմական օբյեկտի՝ Կրեմենչուգի ավտոգործարանին, որտեղ պահվում էր արևմտյան զենք ու սպառազինություն:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ «արևմտյան զենքի համար պահեստավորված զինամթերքի պայթեցումը հրդեհ է առաջացրել գործարանի կողքին գտնվող չգործող առևտրի կենտրոնում»: Խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին ռուսական կողմի հաղորդագրությունում խոսք չկա։ Ընդ որում, ավելի վաղ` երեկ գիշերը, ռուսական կողմն այլ հայտարարություն էր արել. ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին առևտրի կենտրոնի հրթիռակոծությունը որակել էր որպես ուկրաինական կողմի «հերթական սադրանք»:

Վերջին օրերին ռուսական ուժերը ավելի ինտենսիվ են սկսել հրթիռակոծել շփման գծից հեռու գտնվող ուկրաինական քաղաքները։ Երկու օր առաջ Կիևի բնակելի շենքի հրթիռակոծության համար ռուսական կողմը, օրինակ, մեղադրել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանը։

Կիև
Կիև

Հրթիռակոծություն էր եղել նաև Խարկովում, որի հետևանքով 5 մարդ զոհվել է, ևս 31-ը` վիրավորվել:

Պատերազմական իրավիճակը

Մեծ Բրիտանիայի ՊՆ-ի ամենօրյա զեկույցում նույնպես նշված է, որ Ռուսաստանը հունիսի 24-26-ը անսովոր ինտենսիվ հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինայի տարածքի ուղղությամբ։ Ընդ որում, ռուսական զորքերը օգտագործել են հեռահար հրթիռներ, որոնք արձակվել են Ռուսաստանի և Բելառուսի օդային տարածքում գտնվող ինքնաթիռներից։

Միաժամանակ զեկույցում նշվում է, որ ուկրաինական ուժերը շարունակում են ուժեղացնել իրենց դիրքերը Լիսիչանսկում՝ հաջողությամբ հարվածներ հասցնելով ռուսական զորքերին։ Ռուսական հրամանատարությունը վեց բանակների հիմնական ստորաբաժանումներ է տեղափոխել Դոնբաս, սակայն նրանց հաջողվել է հասնել միայն մարտավարական հաջողության Սևերոդոնեցկում, և ռուսական ուժերը, ըստ բրիտանական հետախուզության, գնալով սպառվում են։

Կրեմլը հայտարարել է` եթե Կիևը հանձնվի, պատերազմը անհապաղ կավարտվի

Մինչդեռ Կրեմլը այսօր հայտարարել է` եթե Կիևը հանձնվի, պատերազմը անհապաղ կավարտվի։ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարն այսօր ասել է, թե Ուկրաինան կարող է մինչև օրվա վերջ հասնել ռազմական գործողությունների դադարեցման, դրա համար անհրաժեշտ է միայն զինվորականներին զենքերը վայր դնելու հրաման և Մոսկվայի պայմանների կատարում։

Լիսիչանսկ
Լիսիչանսկ

«Ուկրաինական կողմը կարող է դադարեցնել ամեն ինչ մինչև ընթացիկ օրվա ավարտը, մեզ պետք է հրաման, որպեսզի ազգայնական ստորաբաժանումները վայր դնեն զենքերը, հրաման, որպեսզի ուկրաինացի զինվորականները վայր դնեն զենքերը և կատարեն Ռուսաստանի Դաշնության պայմանները», - այսպես է մեկնաբանել Դմիտրի Պեսկովը Զելենսկու «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակներում արած հայտարարությունն այն մասին, որ պետք է հնարավորինս անել մինչև այս տարվա վերջ պատերազմը ավարտին հացնելու համար։


Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG