Ուկրաինայի խորհրդարանի իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան խոստանում է հստակ ապացույցներ ներկայացնել առ այն, որ Վրաստանի իշխանություններն օգնում են Մոսկվային շրջանցել արևմտյան պատժամիջոցները։ Այս մասին Արախամիան գրել է այսօր իր Տելեգրամ ալիքում։
«Վրաստանի կառավարության անդամների և իշխանամետ պատգամավորների կողմից արտերկրում իրականացված փոխանցումների, նրանց բանկային հաշիվների մասին տեղեկությունները շուտով հասանելի կդառնան հանրությանը», - գրել է Արախամիան՝ պնդելով, որ արևմտյան պատժամիջոցները շրջանցելու գործում ներգրավված է նաև «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին։