Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքին անդամակցության ձգտող Ֆինլանդիային չի հաջողվել համաձայնության հասնել Թուրքիայի հետ, հայտարարել է սկանդինավյան երկրի նախագահ Սաուլի Նիինիստյոն։
«Ըստ էության, հանդիպմանը հատուկ առաջընթաց չարձանագրվեց, սակայն մենք գոհ ենք, որ քննարկումը մեկնարկել է», - ասել է Ֆինլանդիայի նախագահը:
«Ես չէի ցանկանա հստակ ժամկետներ հայտնել ՆԱՏՕ-ին անդամակցության հետ կապված, սակայն քիչ հավանական է, թե մենք դա կանենք մինչև սեպտեմբեր», - հավելել է Նիինիստյոն։
Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան նախօրեին բանակցություններ են վարել Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ քննարկելու սկանդինավյան երկրների անդամակցության հայտերը և Անկարայի անվտանգային մտահոգությունները։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այդ բանակցությունները «կառուցողական» է գնահատել, մինչդեռ Թուրքիան շարունակում է պնդել , որ «օրինական» մտահոգություններ ունի՝ կապված ահաբեկչության հետ: