Ուղիղ 34 տարի առաջ՝ 1988 թվականի մայիսի 28-ին, գրեթե յոթ տասնամյակի դադարից, իսկ ավելի ճիշտ՝ խստագույն արգելքից հետո, Երևանի կենտրոնում՝ ներկայիս Ազատության, այն ժամանակ՝ դեռ Թատերական հրապարակում, ծածանվեց Հայաստանի անկախության գլխավոր խորհրդանիշը՝ Եռագույնը:
Վերջին անգամ այս դրոշը Հայաստանի մայրաքաղաքում բացեիբաց փողփողացել էր 1921-ի գարնանը՝ այն օրերին, երբ Հայրենիքի փրկության կոմիտեն Փետրվարյան ապստամբության պարտությունից հետո Երևանից հեռանում էր Սյունիք:
88-ի գարունը, սակայն, միանգամայն տարբեր էր՝ սա արդեն ոչ թե նահանջի, այլ ակնհայտ վերելքի շրջան էր: 1988-ի փետրվարին սկիզբ առած Ղարաբաղյան շարժումը ոչ միայն չէր պարտվել, այլև օրեցօր թափ էր հավաքում: