33 տարի առաջ՝ 1991 թվականի գարնանը, մեկնարկեց «Կոլցո» օպերացիան: Սա խորհրդային բանակի կողմից իր պատմության ընթացքում իրականացված վերջին ռազմական գործողությունն էր, որի ընթացքում այդ պահին թվաքանակով և սպառազինությամբ աշխարհի խոշորագույնը համարվող ուժը կռվում էր հայ աշխարհազորայինների և միլիցիոներների դեմ:
Լեռնային Ղարաբաղի հայկական բնակավայրերում հատուկ գործողությունների շարք սկսելու մասին վերջնական որոշումը կայացվեց 1991-ի ապրիլի 16-ին, երբ Բաքվում կայացած խորհրդակցության ժամանակ դրան հավանություն տվեց ԽՍՀՄ ներքին գործերի առաջին փոխնախարար, Աֆղանստանում տեղակայված խորհրդային 40-րդ բանակի նախկին հրամանատար Բորիս Գրոմովը: Լայնածավալ գործողությունն անվանվել էր «Կոլցո»՝ ճիշտ այնպես, ինչպես 1943-ին խորհրդային բանակի կողմից Ստալինգրադում գերմանական զորքերի ջախջախման օպերացիան։ Հայկական բնակավայրերի բնակչության տեղահանման նպատակով իրականացվող այս գործողությանը մասնակցելու էին խորհրդային բանակի, ներքին զորքերի ստորաբաժանումները, ինչպես նաև Ադրբեջանի ոստիկանության հատուկ ջոկատը՝ ՕՄՕՆ-ը։ Որպես առաջին թիրախ ընտրվեցին Խանլարի շրջանի դեռևս չհայաթափված վերջին երկու գյուղերը՝ Գետաշենն ու Մարտունաշենը։
91-ի մայիսի սկզբին ստեղծված իրավիճակն իրոք լայնամաշտաբ պատերազմ էր հիշեցնում։ Մայիսի 1-8-ը խորհրդային բանակը գրոհում էր միանգամից մի քանի ուղղություններով՝ Շուռնուխ, Գորիս, Արծվաշեն, Պառավաքար։ Կիրանցում խորհրդային բանակը քանդում էր գյուղ տանող ճանապարհները՝ կտրելով բնակավայրի կապը Նոյեմբերյանի շրջանի հետ։ Պաշտոնական Երևանի հրապարակած տվյալներով՝ 24 մարդ էր զոհվել՝ 14 ոստիկան և 10 քաղաքացիական անձ։ 104 Հայաստանի բնակիչ գերեվարվել էր, նրանցից 67-ը՝ ոստիկանության աշխատակիցներ։