67 կողմ ձայնով, առանց ընդդիմադիր պատգամավորների, խորհրդարանն այսօր քվեարկեց և առաջին ընթերցմամբ ընդունեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։
Քննարկումն Ազգային ժողովում երեկ կրկին առանց ընդդիմադիրների էր, որոնք այս օրերին չեն մասնակցում խորհրդարանի աշխատանքին և փողոցային պայքար են սկսել վարչապետի հրաժարականի պահանջով։
«Լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան համավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով, կամ նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից, միայն եթե հավատարմագրման դադարեցման սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված, այսինքն, աշխատանքային կանոնների խախտման համար նախատեսված գրավոր նախազգուշացվելուց հետո մեկ տարվա ընթացում լրագրողը կրկին խախտել է այդ կանոնները», - Ազգային ժողովի ամբիոնից երեկ հայտարարեց նախագծի համահեղինակ, նախկին լրագրող Արթուր Հովհաննիսյանը՝ շտապելով մեղմել նախագիծը՝ ընդգծելով, որ լրատվամիջոցը չի զրկվում պետական հաստատությունում հավատարմագրումից, զրկվում է կոնկրետ լրագրողը, որը խախտել է այդ հաստատության աշխատանքային կանոնները։
Այս նախագիծը տևական ժամանակ քննարկվել և արժանացել էր լրատվամիջոցների, ինչպես նաև փորձագիտական շրջանակների քննադատությանը, այնումենայնիվ, պատգամավորների կարծիքով, խոսքի ազատության սահմանափակում նախագիծը չի առաջացնում։
«Այո՛, խոսքը վերաբերում է բացառապես աշխատանքային գոտու կանոնները խախտած լրագրողին, այն էլ մեկ տարվա մեջ նախազգուշացվելուց հետո արդեն երկրորդ անգամ, ինչից հետո, այո՛, լրատվամիջոցը, բնականաբար, հնարավորություն կունենա ներկայացնելու այլ լրագրողի՝ փոխարինելու իր լրագրողին», - ասաց Հովհաննիսյանը։
Առայժմ գործող ու չփոփոխված օրենքով, պետական կառույցը չի կարող դադարեցնել լրագրողի հավատարմագրումը, դա կարող է անել միայն լրագրողին հավատարմագրած լրատվամիջոցը։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այս ընթացքում ուսումանսիրել է միջազգային փորձը, ազատ մամուլ ունեցող երկրները ի տարբերություն Հայաստանի, ձգտում են ամեն ինչ անել՝ լրագրողների հավատարմագրումը հնարվորինս դյուրացնելու համար։
«Լրագրողների հավատարմագրումը դա ոչ թե պետական մարմինների իրավունքն է, այլ լրագրողների և լրատվամիջոցների իրավունքն է, և եթե վերջիններս ուզում են հավատարմագրվել տվյալ պետական մարմնում, էդ պետական մարմինը պարտավոր է դա անել։ Որևէ երկրում վերջերս իմ կողմից ուսումնասիրված, եվրոպական երկրների մասին է խոսքը, հավատարմագրումից զրկելու գործառույթ չի նախատեսվում», - ասաց Մելիքյանը։
Դեռ մինչև այս նախագծի քննարկումը միջազգային իրավապաշտպան կառույցների կողմից Հայաստանն արդեն քննադատության էր արժանացել խոսքի ազատությունը սահմանփակող մի քանի այլ նախաձեռնությունների պատճառով, որոնցից մեկն, օրինակ, հանրային դեմքերին վիրավորելը քրեականացնելն էր։
Մելիքյանի կարծիքով՝ այս փոփոխությունից հետո ևս Հայաստանը հայտնվելու է միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում։
«Այսօր կարող է լրագրողների վարքագիծն իրենց դուր չգա, վաղը դուր չգա հագուկապը, իսկ դրանից հետո դուր չգա, թե ինչպես են լուսաբանում իրենց գործունեությունը, ինչի են քննադատում», - ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը։
Մելիքյանի կարծիքով՝ Ազգային ժողովի ապտգամավորները մի քանի լրագորղների հետ իրենց խնդրները լուծելու համար գնում են օրենսդրական մի փոփության, որը հարվածի տակ է դնում Հայաստանի ժողովրդավարական իմիջը։