«Ազովստալ» գործարանից դուրս եկած և անձնատուր եղած ուկրաինացի զինվորականների թիվը մոտեցել է հազարի։ Այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը։
«Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում արգելափակված «Ազով» ազգայնական ստորաբաժանման զինյալներն ու ուկրաինացի զինծառայողները շարունակել են գերի հանձնվել։ Վերջին մեկ օրում անձնատուր է եղել 694 զինյալ, որոնցից 29-ը վիրավոր էին։ Մայիսի 16-ից ի վեր, ընդհանուր առմամբ, հանձնվել է 959 զինյալ, որոնցից 80-ը՝ վիրավոր։ Նրանցից 51-ը, որոնք ստացիոնար բուժման կարիք ունեին, տեղափոխվել են Դոնեցկի հանրապետության Նովոազովսկ քաղաքի հիվանդանոց», - հայտարարում էր Կոնաշենկովը։
Ռուսական աղբյուրների փոխանցմամբ, ուկրաինացի այն գերիներին, որոնք բժշկական օգնության կարիք չեն զգում, տեղափոխել են ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող Ելենովկա բնակավայր։
Ռուսաստանի քննչական կոմիտեի փոխանցմամբ, առաջիկա օրերին ուկրաինացի գերիները հարցաքննվելու են «Դոնբասի խաղաղ բնակչության դեմ ուկրաինացի զինվորականների կատարած հանցագործությունների հետաքննության շրջանակներում»։
Հարկ է նկատել, որ մինչ այս պահը «Ազովստալից» դուրս եկած գերիների հետագա ճակատագրի հարցում որևէ հստակություն չկա։ Ուկրաինայի իշխանությունները ընդհանրապես պնդում են, որ խոսքը ոչ թե «Ազովստալի» կայազորի գերեվարման, այլ տարհանման մասին է, և առաջիկայում զինվորականները փոխանակվելու են ուկրաինացիների կողմից գերեվարված ռուս զինծառայողների հետ։
Մոսկվայում այս տեղեկությունները չեն հաստատում, իսկ ռուսական աղբյուրների տարածած տեսանյութերում հստակ երևում է, որ ուկրաինացիները «Ազովստալի» տարածքից դուրս են գալիս առանց զենքի և, մինչև տարածքում կայանված ավտոբուսներին հասնելը, մանրակրկիտ կերպով խուզարկվում են։ Այն, որ խոսքը հենց գերեվարման մասին է, վստահ են նաև Կրեմլում։
«Այս դեպքում մեկնաբանությունն ու որակումը միանշանակ են՝ այն զինվորականները, որոնք պատսպարվել էին «Ազովստալի» տարածքում, վայր են դնում զենքերը և հանձնվում», - այսօր լրագրողների հետ զրույցում նշում էր Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, սակայն, անցած գիշեր հեռարձակված ուղերձում շարունակում էր պնդել՝ «Ազովստալի» կայազորը տարհանվում է։
«Տարհանման առաքելությունը շարունակվում է։ Այն ղեկավարում են մեր բանակը և հետախուզությունը։ Ամենաազդեցիկ միջազգային միջնորդները ևս ներգրավված են», - հայտարարում էր Զելենսկին՝ չհստակեցնելով, սակայն, թե հատկապես, որ միջնորդների մասին է խոսքը։
«Ազովստալում» ծավալվող զարգացումների ֆոնին արևմտյան որոշ լրատվամիջոցներ ենթադրել էին, թե Մարիուպոլի ճակատամարտի ավարտն ու ռազմաճակատի գոնե այս հատվածում լարվածության թուլացումը կարող է նոր լիցք հաղորդել ռուս-ուկրաինական բանակցություններին։ Մոսկվայում, սակայն, այս երկու խնդիրների միջև կապի առկայությունը չեն հաստատում։
«Չեմ կարծում, որ դրանք լրջորեն փոխկապակցված գործընթացներ են։ Բանակցություններում իրոք առաջընթաց չկա և մենք ուկրաինացի բանակցողների մոտ այդ գործընթացը շարունակելու ցանկության ի սպառ բացակայություն ենք արձանագրում», - հայտարարում է Կրեմլի խոսնակը։