Մատչելիության հղումներ

«Ազովստալը» վերահսկող ուկրաինացի զինվորականները Կիևին կոչ են անում կտրուկ գործողությունների անցնել հրադադարի համար


Շաբաթներ ի վեր ռուսական զորքի կողմից պաշարված Մարիուպոլում գտնվող «Ազովստալ» գործարանը վերահսկողության տակ պահող ուկրաինացի զինվորականները Կիևին կոչ են անում կտրուկ գործողությունների անցնել՝ հրադադարի հասնելու և վիրավորներին գործարանի տարածքից տարհանելու համար։ Այս մասին երեկ գործարանի տարածքից տեսակապի միջոցով հայտարարել է «Ազով» գնդի հրամանատարի տեղակալ Սվյատոսլավ Պալամարը։

Ծայրահեղ ազգայնական համարվող «Ազով» գումարտակը ձևավորվել է 2014 թվականին և միառժամանակ անց միացել Ուկրաինայի Ազգային գվարդիային։

Պալամարն անուղղակի մեղադրանքներ է հնչեցրել իշխանությունների հասցեին՝ ռազմավարական նշանակություն ունեցող Մարիուպոլի պաշտպանությունը ձախողելու համար, ընդհուպ «ցինիզմ» որակել «Ազովստալի» տարածքից մարդկանց հաջողությամբ տարհանելու մասին ուկրաինացի պաշտոնյաների հայտարարությունները։

Նման հայտարարություններով են վերջին օրերին հանդես եկել Ուկրաինայի նախագահը, փոխվարչապետը։

«Ազովի» ներկայացուցչի խոսքով՝ խաղաղ բնակիչներ գործարանի տարածքից տարհանվել են, սակայն Պանամարը հրաժարվել է հաստատել՝ որ բոլորն են տարհանվել։ Մինչդեռ թե՛ Կիևը, թե՛ Մոսկվան նախօրեին հայտարարել են, որ «Ազովստալից» տարհանվել են բոլոր կանայք և երեխաները։

Մարիուպոլի գրավմամբ Մոսկվան ցամաքային կապ կհաստատի Ղրիմի թերակղզու հետ: Ռուսական կողմին չի հաջողվում ավարտին հասցնել պաշարված քաղաքն ամբողջությամբ վերահսկողության տակ առնելու ծրագիրը, քանի որ հարյուրավոր ուկրաինացիներ, այդ թվում՝ մեծաթիվ զինվորականներ շարունակում են պատսպարվել «Ազովստալ» հսկայական գործարանի ստորգետնյա թունելներում և բունկերներում՝ հրաժարվելով հանձնվել: Շաբաթներ առաջ Ռուսաստանի նախագահը կարգադրել է չգրոհել գործարանը, այլ արգելափակել այն։

Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ չեն նահանջի, ոչ մի թիզ հող չեն զիջի

Ուկրաինայում պատերազմի արդեն 75-րդ օրն է։ Այդ երկրի Զինված ուժերի գլխավոր շտաբի առավոտյան հրապարակած ամփոփագրի համաձայն՝ առաջնագծում իրավիճակը մնում է անփոփոխ․ Իզյումի տարածքում ռուսական զորքերը շարունակում են փորձերը առաջխաղացում ապահովելու դեպի հարավ։ Խարկովի մարզի հարևանությամբ մեծ թվով զորախումբ է տեղակայված, Դոնեցկի ուղղությամբ ռուսական կողմը ուժերը կենտրոնացրել է Ռուբիժնե և Պոպասնա բնակավայրերը վերահսկողության տակ առնելու փորձերի վրա՝ նախապատրաստվելով հարձակողական գործողությունները շարունակել մի շարք բնակավայրերի ուղղությամբ, Խերսոնի շրջանում ակտիվ ռազմական գործողություններ չկան, բայց կան գնդակոծություններ, Դոնբասում ուկրաինական կողմը մեծաքանակ զինտեխնիկա է ոչնչացրել։ Պաշտոնական Կիևի այս պնդումները անկախ աղբյուրներին ստուգել չի հաջողվում։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը շարունակում է պնդել՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքը չի համապատասխանում ռուսական հրամանատարության պլանին՝ ժամկետները հետաձգվել են, Ռուսաստանի տրամադրության տակ գտնվող գերճշգրիտ զենքի պաշարը, ըստ ամենայնի, սպառվել է, ինչը դժվար է լրացնել։

Ուկրաինական կողմի մոտալուտ հաղթանակի մասին է հայտարարում նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ պնդելով, որ չեն նահանջի, ոչ մի թիզ հող չեն զիջի։

«Հաղթանակի օրը մենք կռվում ենք հանուն նոր հաղթանակի: Ճանապարհը ծանր է, բայց մենք կասկած չունենք, որ կհաղթենք: Շատ շուտով Ուկրաինան կունենա երկու հաղթանակի օր։ Իսկ ինչ-որ մեկին մեկն էլ չի մնա» ,- ելույթ ունենալով նացիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակի օրվա առթիվ՝ հայտարարել է Զելենսկին։

Մի շարք պաշտոնյաներ Ուկրաինա են այցելել

Հաղթանակի տոնը ուկրաինացիների հետ նշելու նպատակով Օդեսա է ժամանել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Այսօր այստեղ ուկրաինացիները իրենց ազատությունն են պաշտպանում ռուսական ագրեսիայից։ Դուք մենակ չեք, Եվրամիությունը ձեզ հետ է»,- Թվիթերում գրել է Եվրամիության առաջնորդը, որն արդեն վերջին մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ է այցելում Ուկրաինա։ Ապրիլին նա Բուչայում էր՝ անձամբ ծանոթանալու ռուսական ներխուժման հետևանքներին։

Չհայտարարված այցով երեկ էլ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն էր Կիևում՝ հայտարարելով հերթական աջակցության մասին՝ 36,7 միլիոն եվրոյի նոր սպառազինության և սարքավորումների տեսքով։ Կանադայի կառավարությունը, մասնավորապես, անօդաչու թռչող սարքեր, զինամթերք M777 հաուբիցների համար, պարկուճներ կմատակարարի Ուկրաինային, բացի այդ Թրյուդոյի գլխավորած կաբինետը գումար կհատկացնի Ուկրաինայում պարենային անվտանգության խնդրի լուծման, ինչպես նաև ուկրաինական տարածքների ականազերծման համար։

Նախօրեին երկրի իշխանությունները հյուրընկալել են նաև Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Բերբել Բասին, որը պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինա այցելած Գերմանիայի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է: Տևական քննարկումներից, ներքին վեճերից հետո Գերմանիայի օրենսդիր մարմինը ի վերջո կողմ է քվեարկել Ուկրաինա ծանր սպառազինություն ուղարկելու առաջարկին՝ պատրաստակամություն հայտնելով տրամադրել Gepard տեսակի ինքնագնաց հակաօդային զենիթային հատուկ տանկեր, Leopard 2 տեսակի հրասայլեր։ Պաշտոնական Բեռլինը տասնամյակներ շարունակ պնդել է, որ ռազմական գործողությունների գոտիներ զենքի փոխադրումը միայն սրում է հակամարտությունները:

Ուկրաինայի ժողովրդին իր աջակցությունը հայտնելու նպատակով նախօրեին կարճատև այցով Ուկրաինայում էր Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կինը՝ Ջիլ Բայդենը՝ հայտարարելով, որ ցանկանում էր ցույց տալ, որ «Միացյալ Նահանգների ժողովուրդը աջակցում է Ուկրաինային, և որ երրորդ ամիսը շարունակվող դաժան պատերազմին պետք է վերջ դրվի։

Ջիլ Բայդենին Ուկրաինայում դիմավորել է այդ երկրի առաջին տիկին Ելենա Զելենսկայան, որն, ի դեպ, պատերազմից ի վեր առաջին անգամ է ներկայացել հանրությանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG