77-ամյա Ջուլիետա Հովհաննիսյանը թևը կոտրել է երեկ Օրբելի-Կիևյան խաչմերուկում, որտեղ ոստիկանները բերման էին ենթարկում ճանապարհը փակած ցուցարարներին։
«Հրեցին, ես ընկա, մեկ էլ ժողովուրդը հավաքվեց, ինձ բարձրացրին», - պատմեց Հովհաննիսյանը:
«Կարմիր բերետավորները մի ցուցարարի գետնին քարշ տալով տանում էին, փորձեցի միջամտել, որ բաց թողնեն ու ինձ էլ գետնին տապալեցին», - պատմում է 77-ամյա կինը։ Պնդում է՝ վայր ընկնելու պահին էլ կոտրել է թևը։
«Ինձ որ շպրտեցին, աչքերիս մոտ սևացավ, մեկը շուռ եկավ, ճիշտն ասած, չտեսա դեմքը, ինձ էնպես գցեց էն կողմ, մենակ ոստիկաններ էին այդտեղ», - ներկայացրեց Հովհաննիսյանը:
Ցուցարարները շտապօգնություն են կանչել ու Ջուլիետա Հովհաննիսյանին տեղափոխել «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ էլ ռենտգեն հետազոտությամբ հաստատվել է՝ կինը ձախ բազկոսկրի կոտրվածք ունի։
«Ասաց՝ «ստեղ ոչ գիպս կլինի դնել, ոչ մի բան, ուղղակի հանգիստ պահեք ձեռքը, մի 3-4 շաբաթից արդեն կարող ա ցավերը դադարեն», - նշեց նա:
Ջուլիետա Հովհաննիսյանը դիմել է ոստիկանություն:
Տիկնոջ լուսանկարը դեպքի վայրից երեկ հրապարակել էր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ գրելով, որ այս ու մի շարք այլ դեպքերի վերաբերյալ հաղորդում կներկայացնեն։
Ցուցարարների նկատմամբ ոստիկանների բռնություն գործադրելու դեպքերով մի քանի քրեական գործ է հարուցվել։ Հակակոռուպցիոն կոմիտեի տեղեկացմամբ՝ դրանցից մեկը վերաբերվում է մայիսի 2-ի դեպքին, երբ ճանապարհը փակած ցուցարարին բերման ենթարկելիս ոստիկանը մի քանի անգամ հարվածել էր նրա գլխին։ Գործերը հարուցվել են բռնությամբ պաշտոնական լիազորությունները անցնելու ու պաշտոնական դիրքը չարաշահելու հոդվածներով։
Երևանում 18 օր է վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցեր ու անհնազանդության ակցիաներ են։ Ցուցարարները վաղ առավոտից կաթվածահար են անում մայրաքաղաքի երթևեկությունը։ Ոստիկանները ուժի կիրառմամբ բերման են ենթարկում քաղաքացիներին՝ որոշ դեպքերում նրանց մարմնական վնասվածքներ հասցնելով, ընդհուպ կոտրվածքներ։ Օրեր առաջ էլ ցուցարար Կարո Հայրապետյանն էր «Ազատությանը» պատմել՝ ոստիկանները բերման ենթարկելիս իրեն հարվածել են, ուսի ոսկորը կոտրել։
«Էս ուսիս վերջին ոսկորը որ կա, այստեղ կոտրվածքն է, մոտավոր 2-3 սանտիմի չափով ոսկորը կոտրվել է ստեղից», - ասում է Կարո Հայրապետյանը։
Մայիսյան ակցիաների ընթացքում իրավապահների գործողությունների վերաբերյալ 36 ծառայողական քննություն է նշանակվել։ Մի քանի քրեական գործ է հարուցվել, բայց դեռ որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել։ Արագ ընթացք են ստացել, սակայն, այն դեպքերը, երբ ցուցարարներն են ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառել։ Ոստիկանների նկատմամբ բռնություն կատարելու դրվագով երեք գործ կա։ Քննչական կոմիտեից հայտնում են՝ չորս ցուցարարի մեղադրանք է առաջադրվել, երկուսը կալանավորված են։ Ոստիկանին հարվածելու կասկածանքով երեկ նաև ձերբակալվել է Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը։