Մատչելիության հղումներ

Կալանավորումից 3 օր անց էլ դատարանը դեռ չի տրամադրել ընդդիմադիր գործիչ Ավետիք Չալաբյանի կալանքի որոշումը


Դատարաններից մեկի շենքը Երևանում, արխիվ
Դատարաններից մեկի շենքը Երևանում, արխիվ

Կալանավորման որոշումից 3 օր անց էլ դատարանը փաստաբաններին չի տրամադրել ընդդիմադիր հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի կալանքի որոշումը։

Փաստաբան Արթուր Հարությունյանը փոխանցեց՝ առանց այդ փաստաթղթի իրենք չեն կարող բողոքարկել։ Իսկ որ դա բողոքարկման ենթակա որոշում է լինելու, փաստաբանը վստահ է։

«Պետք էր հենց կայացման պահից անհապաղ տրամադրվեր, այսինքն՝ շաբաթ օրը դեռևս։ Ֆիքսեք, որ սա պաշտպանական կողմի համար ծայրահեղ անընդունելի վիճակ է», - «Ազատությանը» փոխանցեց Հարությունյանը։

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը կալանավորվել է Ագրարային համալսարանի ուսանողներին ընդդիմության ցույցերին մասնակցելու նպատակով ֆինանսապես շահագրգռելու մեղադրանքով։ Փաստաբանը մեղադրանքը հիմնազուրկ է որակում, պնդում է՝ հիմքում դրվել է ընդամենը մեկ մոնտաժված և Քրեական դատավարության օրենսգրքով անթույլատրելի ապացույց համարվող գաղտնի ձայնագրություն։ Բացի այդ, շեշտում է փաստաբանը, կալանավորումն ընտրվել է մի արարքի համար, որը ուղիղ մեկ տարի առաջ ընդունված Քրեական օրենսգրքով ապաքրեականացվել է։ Նոր օրենսգիրքն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից։

«Ամիսուկես, եթե Ավետիք Չալաբյանը մնար ազատության մեջ՝ քաջ գիտակցելով, որ ամուսուկես հետո բոլոր քրեական հետապնդումներն այս գործի շրջանակներում իր նկատմամբ դադարեցվելու են, խելամտության սահմաններո՞ւմ է, որպեսզի անձը կատարեր այն արարքները, որոնց մասին մտավախություն է հայտնել մինչև միջնորդելը կալանավորումը», - ասաց փաստաբանը։

Ավետիք Չալաբյանի բնակարանում մայիսի 12-ի երեկոյան խուզարկություն էր կատարվել, ինչից հետո նրան տարել էին ոստիկանական բաժանմունք։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնեց, որ ընդդիմադիրների ցույցերին մասնակցող գործիչը ձերբակալվել էր համացանցում տարածված «Մեկ ուսանողի դիմաց 1000 դրամ՝ ընդդիմության ցույցերին մասնակցելու համար». վերնագրով անհայտ ծագման ձայնագրության հիման վրա։

Շրջանառվող ձայնագրությունից պարզ է դառնում, որ Ագրարային համալսարանի դասախոսներից Էմմա Սարգսյանը կազմակերպել է նույն համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանի հանդիպումը Չալաբյանի հետ։ Ըստ իրավապահներների, ընդդիմության հավաքներին 2 հազար ուսանող ներգրավելու դիմաց ուսխորհրդի նախագահին առաջարկել են 2 միլիոն դրամ։

XS
SM
MD
LG