Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ գագաթնաժողովում Փաշինյանը քննադատություն է հնչեցրել կառույցի հասցեին


ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովում վարչապետ Փաշինյանն այսօր կրկին քննադատել է ռազմական դաշինքին՝ Հայաստան ադրբեջանական զինուժի ներխուժմանը պատշաճ չարձագանքելու համար։

«Սա Հայաստանի համար կարևոր խնդիր է», - ասել է Փաշինյանը։ - «Անցած տարի հենց այս օրերին Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք: Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, որպեսզի գործադրվեն 2010 թվականի դեկտեմբերի 10-ին հաստատված Ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերով մեխանիզմները: Բայց, ցավոք, չենք կարող ասել, որ կազմակերպությունը արձագանքեց այնպես, ինչպես սպասում էր Հայաստանի Հանրապետությունը»։

Կառույցում նախագահող Հայաստանի ղեկավարն այդ մասին խոսել է Կրեմլում ՀԱՊԿ անդամ մյուս երկրների, այդ թվում Ռուսաստանի նախագահի ներկայությամբ՝ հավելելով նաև, որ տարիներ շարունակ կազմակերպության անդամ երկրները Բաքվին զենք էին տրամադրում. - «Մենք երկար ժամանակ մենք բարձրացնում էինք Հայաստանին ոչ բարեկամ երկրին զենքի վաճառքի հարցը: Այդ զենքը օգտագործվել է Հայաստանի դեմ և հայ ժողովրդի դեմ: Դա նույնպես խնդիր է»:

Փաշինյանը քննադատել է նաև ռազմական դաշինքի արձագանքը 44-օրյա պատերազմին, միաժամանակ, բարձր է գնահատել Ռուսաստանի նախագահի դերը Ղարաբաղում հրադադար հաստատելու հարցում։

Հայաստանի ղեկավարը նաև կարևորել է ՀԱՊԿ-ի հետագա զարգացումը՝ նշելով, թե կազմակերպությունը առանցքային գործոն է համարում Եվրասիական տարածաշրջանի և Հայաստանի համար կայունության և անվտանգության ապահովման հարցում։

Ի տարբերություն Փաշինյանի, գագաթնաժողովը հյուրընկալող Ռուսաստանի նախագահն ու նրա դաշնակից Բելառուսի առաջնորդը կենտրոնացան մեկ այլ հակամարտության՝ ուկրաինական պատերազմի վրա։ Խոսելով արդեն շուրջ երեք ամիս շարունակվող պատերազմի մասին՝ Պուտինը կրկին այն որակեց որպես ռազմական հատուկ գործողություն և հայտարարեց, որ դաշնակիցներին մանրամասներ կներկայացնի դռնփակ նիստի ժամանակ։

«Մենք, անշուշտ, կքննարկենք նաև այդ հարցը, ես ձեզ մանրամասն կտեղեկացնեմ, թե ինչի հետ է այս ամենը կապված, և ինչպես է ընթանում ռազմական աշխատանքը։ Բայց, իհարկե, մենք դա կանենք փակ ձևաչափով», - ասաց նա։

Բելառուսի նախագահը ավելի բաց խոսեց և հայտարարեց, թե Ռուսաստանը չպետք է միայնակ պայքարի ՆԱՏՕ-ի ընդլայնման դեմ, ՀԱՊԿ երկրներն էլ պետք է միասնական ճակատով հանդես գան. - «Ինչպես ցույց տվեցին վերջին իրադարձությունները, միգուցե ես սխալվում եմ, բայց այսօր մենք միասնական չենք: Եթե չլինի միասնություն մեր շարքերում, մենք վաղը կարող ենք չլինել»։

Ալեքսանդր Լուկաշենկոն, ի դեպ, միակն է ռազմական կառույցի առաջնորդներից, որ հրապարակավ աջակցել է Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիային։

ՆԱՏՕ-ի դեմ միասնական ճակատով հանդես գալու ցանկություն մասին ՀԱՊԿ անդամ մյուս չորս երկրներից ոչ մեկի ղեկավարը չհայտարարեց; Կենտրոնական Ասիայի երկրների նախագահները ավելի շատ խոսում էին Աֆղանստանից եկող սառնալիքների մասին, իսկ Հայաստանի վարչապետը խոսեց Ադրեբջանի հետ պատերազմից և ՀԱՊԿ-ից այդպես էլ չիրականացված սպասելիքներից։

Հոբելյանական այս գագաթնաժողովը թերևս ամենամեծ միջազգային միջոցառումն է, որն անցնում է Կրեմլում Ուկրաինայի դեմ պատերազմի մեկնարկից ի վեր: Պաշտոնական Մոսկվան ինչպես անցած շաբաթներին, այսօր էլ նախընտրում էր չանդրադառնալ կառույցում առկա տարաձայնություններին՝ հայտարարելով, թե իր համար առաջնահերթություն է ՀԱՊԿ-ի, Եվրասիական միության և ԱՊՀ երկրների հետ հարաբերությունների խորացումը։ Մոսկվայի համար այսօր թերևս ամենակարևոր հարցերից մեկն է ցույց տալ, որ չկա միջազգային մեկուսացում, հակառակը՝ Ռուսաստանը այսօր էլ ունի դաշնակիցներ և լուրջ դերակատարում տարբեր տարածաշրջաններում;

Գագաթնաժողովին ընդունված համատեղ հայտարությունում, ի դեպ, Ուկրաինայի մասին որևէ խոսք չկա։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG