«Բացառվում է, որ ՀԱՊԿ-ը կարող է արձագանքել Հայաստանի վրա հարձակմանը», - կարծում է Հայաստանի երկրորդ նախագահ, ընդդիմադիր առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Եվ խոսքը նրա մասին չի, որ ՀԱՊԿ-ը մեռած կառույց է, չի աշխատում։ Լավ էլ աշխատում է այնտեղ, որտեղ բոլորի շահերը համընկնում են։ Եվ աշխատեց Ղազախստանի պարագայում։ Սա փաստ է, և մենք ուղղակի այս փաստի հետ պետք է հաշվի նստենք։ Մնալ ՀԱՊԿ-ում թե չմնալ՝ իհարկե, պետք է մնալ։ Առաջինը, չկա այլ կառույց, որը կարող է փոխարինել ՀԱՊԿ-ին», - ասաց նա։
Պատերազմին հաջորդած մեկ տարվա ընթացքում Հայաստանում գրեթե ոչինչ չի արվել բանակի մարտունակությունը բարձացման ուղղությամբ, վստահ է Քոչարյանը։ Երբ Զինված ուժերը և ՀԱԿՊ-ը երաշխիք չեն անվտանգության հարցում, միակ աշխատող գործոնը, ըստ Քոչարյանի, մնում է Ռուսաստանը և այդ երկրի հետ անվտանգության ոլորտում կնքված պայմանագիրը. - «Սա գործող հանգամանք է, բայց այս պատերազմը բացահայտեց այստեղ որոշ հարցեր։ Ռուսաստանի միջնորդ լինելը ղարաբաղյան կարգավորման մեջ որոշ չափով, ես կասեի նույնիսկ էականորեն սահմանափակում է քայլեր ձեռնարկելու Ռուսաստանի ազատությունը։ Սա ևս փաստ է։ Եվ երրորդ հանգամանքը, որը բացահայտվեց այս պատերազմի ընթացքում, դա Թուրքիայի դերակատարության շեշտակի աճն է Հարավային Կովկասում»։
Մինչ «Հայաստան» դաշինքն առաջարկում է բարձրացնել բանակի մարտունակությունը, գրեթե զրոյից ստեղծել ռազմական արդյուանբերության ոլորտ, խորացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ, իշխանությունը, ըստ Ռոբերտ Քոչարյանի, գնում է բոլորովին այլ ուղով, որն է՝ ընդունել ադրբեջանական սպառնալիքը որպես անհաղթահարելի գործոն և ենթարկվել դրան. - «Թուրքիան դադարելու է մեզ դիտել որպես իր ծրագրերի խոչընդոտ միայն մեկ պարագայում՝ եթե ունենա տոտալ ազդեցություն մեր քաղաքական գործընթացների վրա, մեր քաղաքականության վրա։ Սա ենթադրում է, որ Թուրքիան պետք է գերիշխող դիրքեր ունենա մեր տնտեսության մեջ, և Թուրքիան պետք է լիարժեք ազդեցություն ունենա մեր քաղաքական էլիտայի վրա»։
Ռուսաստանը ցանկանում է այս տարածաշրջանում ունենալ ուժեղ դաշնակից, իսկ Թուրքիային պետք է չափազանց թույլ հարևան, ասում է Քոչարյանը և Ռուսաստանի հետ ավելի խորը ինտեգրացիայի ուղին հակադրում Թուրքիայի առջև դռները բացելու և տնտեսապես կախման մեջ հայտնվելու տարբերակին։
«Եթե ցանկանում ես համբավդ վերականգնել, լուծումներից մեկը կարող է լինել միութենական պետության շրջանակում»
Ի՞նչ կարծիքի է ՀՀ երկրորդ նախագահը Ռուսաստանի հետ ընդհանուր Միութենական պետության մասին։ «Առհասարակ ինտեգրման գործընթացներից պետք չէ վախենալ», - ասում է ընդդիմադիր առաջնորդը՝ բերելով Եվրամիության հաջողված օրինակը, նկատելով, թե ինչ մեծ ներդրում է արել Եվրամիությունը օրինակ Հունաստանում. - «Նման կարգի գործընթացներին պետք է վերաբերվել շատ պրագմատիկ և հաշվարկի հիմքի վրա։ Եթե դու գնում ես այս տարածաշրջանում գործոն դառնալու ուղղությամբ, քո համբավը վերականգնելու և այն պետությունը լինելու, որի հետ հաշվի են նստելու այս տարածաշրջանում, պետք է լուծումներ գտնես։ Հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել այդ Միութենական պետության շրջանակներում»։
Բայց Միութենական պետության միանալու առաջարկ չի եղել, չկա նաև քննարկում, նկատում է Քոչարյանը՝ ավելացնելով սակայն, որ առաջարկը պետք է հնչի հայկական կողմից. - «Այդ պրոցեսի նախաձեռնողը պետք է լինի Հայաստանի Հանրապետության իշխանությունը։ Ինքը պետք է ասի այս խնդիրների լուծումը տեսնում ենք այս ճանապարհով, այդ ճանապարհի համար պետք են այս, այս, այս քայլերը...»
Ղարաբաղյան բանակցությունների մասին
Քոչարյանի տպավորությամբ, իշխանությունները դիտավորյալ խուսափում են այդ թեմայից, իսկ նպաակն այն է, որ հանրությունը, այդ թվում Ղարաբաղի բնակիչները «իրենց հետ այս հարցում հույս չկապեն ու հարցերը փորձեն լուծել ռուսների հետ»։ Ղարաբաղի իշխանությունները պետք է պահանջեն ու ստիպեն Հայաստանի իշխանությանը բացատրել, թե ուր են տանում գործընթացը, ասում է Ղարաբաղը 1994-97-ը նախագահած Քոչարյանը։ - «Իմ տպավորությունն այսպիսին է, որ զգայուն թեմա է, ծանր թեմա է, և բոլոր կողմերը չեն ուզում այս հարցը քննարկել։ Հայաստանը խուսափում է ընդհանրապես այս հարցի շուրջ խոսել, ես բացատրեցի ինչ պատճառներով։ Ղարաբաղի իշխանությունը, իմ տպավորությունն այդպիսին է, ես ուրախ կլինեմ, եթե ես սխալվեմ այս հարցում, չեն ուզում այս թեման սրել՝ հարաբերությունները չփչացնելու համար»։
«Մեզանից հիասթափվողը այս իշխանության ֆանատը չի դառնում»
Լրագորղները չշրջանցեցին և հարցեր ուղղեցին նաև ներքաղաքական թեմաներով, այդ թվում «Հայաստան» դաշինքի՝ ժամանակին խոստացած իշխանափոխության մասին։
Քոչարյանը հղում է անում տարբեր հարցումների՝ իշխանությունների վարկանիշն ընկնում է, ուշ թե շուտ կրիտիկական զանգված փողոց է դուրս գալու։ Եվ նրան չի անհանգստացնում, որ նույն հարցումների համաձայն, ընկնում է նաև իր առաջնորդած «Հայաստան» դաշինքի վարկանիշը. - «Մեզանից հիասթափվողը այս իշխանության ֆանատը չի դառնում։ Մեզանից հիասթափվում են նրանք, ովքեր մեզանից սպասում են ավելի ռադիկալ քայլեր։ Սա նշանակում է մի բան՝ որ ընդհանրապես ընդդիմադիր զանգվածը չի նվազում, հակառակը՝ աճում է»։
Միևնույն ժամանակ Քոչարյանը նկատում է՝ այս պահին Հայաստանում չկա քաղաքական ճգնաժամ. - «Դա կլինի, եթե մեզ հաջողվի ժողովրդին փողոց հանել և ցույց տալ, որ այս իշխանությունը այլևս որևէ կերպ ժողովրդի ցանկությունների հետ առնչություն արդեն չունի»։
Խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագրի» հետ գրեթե որևէ հարցում չհամագործակցող «Հայաստան» դաշինքի առաջնորդը իշխանության հետ համագործակցության մի դաշտ այնուամենայնիվ տեսնում է։ Ըստ Քոչարյանի, կարելի է որևէ հարգված հոգևորականի առաջադրել նախագահի պաշտոնում, և այս հարցում պատրաստ են նստել մեկ սեղանի շուրջ իշխող ուժի հետ. - «Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր սրբազան Վահագն Խաչատրյանից ավելի լավ նախագահ է լինելու»։