Մատչելիության հղումներ

Խորհրդարանականները նույնքան կոշտ են արձագանքում Լուկաշենկոյի կոշտ հայտարարություններին


Լուկաշենկոյի հայտարարությունները Հայաստանի արտաքին քաղաքականության հետ կապ չունեն, հայտարարում է իշխանությունը, ընդդիմությունն էլ, թե՝ իշխանությունն է իր գործողություններով լեզու դրել Բելառուսի նախագահի բերանը։

«Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ», - Լուկաշեկոյի կոշտ գնահատականներին այսպես արձագանքեց ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հոնանյանը։

«Հայաստանը փախչելու տեղ չունի, կարծո՞ւմ եք նրանք ինչ-որ մեկին պետք ե՞ն, իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է», - Ռուսաստանի առաջնորդած տարբեր կազմակերպություններում, այդ թվում ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակից Բելառուսի նախագահը այսպես էր արտահայտվում՝ հիմնավորելով կարծիքը, որ Հայաստանը ևս մաս կկազմի Միութենական պետության, որը, նրա կարծիքով, առաջիկա տարիներին կդառնա իրականություն։ Լուկաշենկոն հայտնի է նաև Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ իր ջերմ հարաբերություններով։

Պաշտոնական Երեւանն անուղղակի հայտարարեց, թե Հայաստանը չի գնում դեպի Ռուսաստան-Բելառուս միութենական պետություն։ «Ազատության» հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պնդեց, թե Հայաստանի իշխանության հետ նման խոսակցություններ չկան. - «Չեմ կարծում, որ Ռուսաստանն էր խոսում ի դեմս Լուկաշենկոյի։ Կարծում եմ, որ պարզապես Լուկաշենկոն իր սովորության համաձայն արջի ծառայություն է մատուցում Ռուսաստանին՝ ըստ այդմ նաև խնդիրներ առաջացնելով ՀԱՊԿ անդամ պետությունների փոխհարաբերություններում։ Որովհետև մենք նույն անվտանգային համակարգի երկրներն ենք, և Ղազախստանի օրինակը միակ օրինակն է ՀԱՊԿ պատմության մեջ, և այդ օրինակը Հայաստանի Հանրապետության շնորհիվ է եղել։ Եվ սա պետք ա հիշի Լուկաշենկոն միշտ, որովհետև ինչ-որ մի օր միգուցե հենց Բելառուսում էլ կրկնվեն էն գործողությունները, որոնք եղան Ղազախստանում»։

Իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին արձագանքում էին նաև Ազգային ժողովի ամբիոնից։

Հովիկ Աղազարյան
Հովիկ Աղազարյան

Բելառուսի նախագահի հայտարարությունները խիստ զայրացրել էին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանին. - «Լուկաշենկոներն ու մարգարիտասիմոնյանները իրենց գործունեությամբ արջի ծառայություն են մատուցում Ռուսաստանի իշխանություններին և ռուսական պետականությանը»։

Մյուս արձագանքողը Հայաստանի և Բելառուսի Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Վաղարշակ Հակոբյանն էր։ Նա դատապարտեց Լուկաշենկոյի որակումները. - «Մեր գործընկեր երկրի ղեկավարը իրավունք չունի նման մտքեր արտահայտել մյուս գործընկեր երկրի նկատմամբ։ Եվ ես ուզում եմ հիշեցնել վերջերս ղազախական դեպքերի ժամանակ թե ում էր պետք Հայաստանը»։

Վահագն Ալեքսանյանն էլ որոշեց պատասխանել. - «Հայաստանը մեզ է պետք, պարոն Լուկաշենկո։ Դուք լավ կանեք ձեր երկրի մասին մտածեք»։

Հայկ Մամիջանյան
Հայկ Մամիջանյան

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը «անընդունելի» որակեց այն հայտարարությունները, որ իրեն թույլ է տվել Լուկաշենկոն. - «Ալեքսանդր Գրիգորիի, մի նույնականացրեք Հայաստանն ու Նիկոլ Փաշինյանին։ Եվ երբեք չկարծեք, որ Հայաստանի Հանրապետության հետ կարող եք խոսել այն նույն ձևով, ինչպես խոսում եք Փաշինյանի հետ»։

Արթուր Խաչատրյան
Արթուր Խաչատրյան

Ընդդիմադիր մյուս՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կարծում է, որ իշխանության վարած քաղաքականությունն է պատճառը, որ Բելառուսի նախագահն իրեն թույլ է տալիս Հայաստանի նկատմամբ անհարգալից հայտարարություններ. - «Հիշեցնեմ 2020 թվականի դեկտեմբերի կեսերը, երբ թուրքերը ներխուժեցին Խծաբերդ և Հին Թաղեր, վարչապետի այն ժամանակվա մամուլի խոսնակին հարցնում, ասում ենք՝ ի՞նչ ա տեղի ունենում, ասում ա՝ ռուսներին հարցրեք։ Հետո թուրքերը Շորժայի և Սև լճի տարածքով մխրճվում են Հայաստան, ասում ենք՝ ի՞նչ եղավ, ասում ա՝ ռուսները գնում հետները բանակցում են... Գերիների հարցով իշխանական պատգամավորներից մեկը ասում է՝ էդ հարցով ռուսներին դիմեք։ Այսինքն՝ բոլորը իրենց պարտականությունները, պատասխանատվությունը գցում էին երրորդ երկրների վրա։ Պետությունը գիտակցաբար գցեց այս երկրի ինքիշխանության մակարդակը։ Եվ իհարկե, Լուկաշենկոն և մնացածները չեն վարանի դրանից օգտվեն»։

Իշխանականների մի քանի ելույթները ընդդիմադիր պատգամավորը չի համարում Լուկաշենկոյին համարժեք պատասխան. - «Երկրի փաստացի ղեկավարը որևէ բան չի ասի, պատգամավորներից մեկը-երկուսը ցանկացած բան կարող են ասեն։ Հաշվետվություն պետք է տրվի, նա պետք է գա և ասի ինչ վիճակում է հայտնվել երկիրը, որ այլևս գնալու տեղ չունի։ Իրա փոխարեն Լուկաշենկոն է որոշում, թե Հայաստանի ինչ պետք է անի։ Դա կատաստրոֆա է»։

Արդյո՞ք պաշտոնական Երևանը հայտարարությունից զատ պատրաստվում է նաև բողոքի նոտա հղել Բելառուսի դեսպանին։ Արտգործնախարարության խոսնակը փոխանեց, թե «այս պահի դրությամբ տրված մեկնաբանությանն ավելացնելու բան» չունի։

Հայաստանում Բելառուսի դեսպանատան մոտ էլ այսօր բողոքի ակցիաներ չեղան։

Իսկ 5 տարի առաջ, երբ Մինսկը Բաքվի դիմումով արտահանձնեց Ղարաբաղ այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինին, ընդդիմադիր «Ելք» դաշինքի անդամները, որի մաս էր կազմում Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ՔՊ-ն, Բելառուսի դեսպանատան մոտ բողոքի ակցիա էին անում։ Պահանջում էին նաև օրվա իշխանություններից կոշտացնել Բելառուսի հանդեպ քաղաքականությունն ու Մինսկից հետ կանչել Հայաստանի դեսպանին։

«Սա ապտակ ա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին անձամբ, սա ապտակ ա Սերժ Սարգսյանին անձամբ, և էդ ապտակը մեկն Ալիևն ա հասցրել, մյուսը՝ Լուկաշենկոն», - այդ օրն ասել էր Փաշինյանը։

Այսօր ավելի ուշ Հայաստանի արտգործնախարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ Հայաստանում Բելառուսի դեսպանն այսօր եղել է արտգործնախարարությունում։ Հունանյանը սակայն չասաց, թե արդյոք Ալեքսանդր Կոնյուկը կանչվե՞լ է արտգործնախարարություն, Բելառուսի նախագահի հայտարարություններով պայմանավորված հղվե՞լ է բողոքի նոտա։

XS
SM
MD
LG