Պաշտոնական Թեհրանը հանդես է եկել միջուկային գործարքին վերաբերող մի շարք հատուկ առաջարկներով և նախաձեռնություններով, այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։
Գերատեսչության խոսնակի փոխանցմամբ` առաջարկները փոխանցվել են Իրանի միջուկային ծրագրի հարցով ԵՄ գլխավոր բանակցող էնրիկե Մորայի միջոցով։
«Այժմ մենք սպասում ենք իսպանացի դիվանագետի միջոցով Վաշինգտոն փոխանցված առաջարկների պատասխանին։ Մենք կվերադառնանք Վիեննա, եթե Միացյալ Նահանգները արձագանքի իրանական նախաձեռնություններին», - հայտարարել է Խաթիբզադեն՝ չհստակեցնելով, սակայն, այդ առաջարկների էությունը։
«ԱՄՆ նախագահ Բայդենը ի վերջո պետք է կողմնորոշվի՝ կատարելո՞ւ է արդյոք միջուկային համաձայնագրով ստանձած պարտավորությունները, թե շարունակելու է իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը», - հավելել է Իրանի արտգործնախարարության խոսնակը։