Եվրոպական երկրների առաջնորդները շանտաժ են որակում Բուլղարիա և Լեհաստան ռուսական գազի մատակարարումները դադարեցնելու Մոսկվայի որոշումը՝ պնդելով, որ Կրեմլի այդ քայլերն Արևմուտքը պառակտելու անհաջող փորձ է։
Ուկրաինայում շարունակվող պատերազմի և Կիևին տրամադրվող արևմտյան ռազմական աջակցության ֆոնին նախօրեին Մոսկվան գործի դրեց իր թերևս ամենաազդեցիկ լծակներից մեկը՝ դադարեցրեց գազի մատակարարումները Եվրամիության անդամ երկու պետություններ՝ Լեհաստան և Բուլղարիա, որոնք հրաժարվել են հետևել Կրեմլի պահանջին և ռուսական կապույտ վառելիքի դիմաց վճարումներն իրականացնել ռուբլով։
Մոսկվան սպառնում է փակել ծորակը նաև բոլոր այն երկրների համար, որոնք կհետևեն Լեհաստանի և Բուլղարիայի օրինակին։
Լեհաստանում, մինչդեռ, համոզված են՝ իրենց ռուսական գազից զրկելու իրական պատճառը Ուկրաինային ցուցաբերվող ռազմական աջակցությունն է․ Վարշավան այս շաբաթ էլ պատրաստվում է տանկեր ուղարկել սահմանակից երկիր։
Ռուսական էներգետիկ հսկայի՝ «Գազպրոմ»-ի որոշումից բառացիորեն ժամեր առաջ Լեհաստանի կառավարությունը հայտարարել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին, որը մասնավորապես թիրախավորում է ռուսական բիզնեսները և օլիգարխներին:
Բուլղարիայի նորընտիր լիբերալ կառավարության քաղաքականությունը ևս ակնհայտորեն չի գոհացրել Ռուսաստանի իշխանություններին։ Պատերազմի մեկնարկից հետո պաշտոնական Սոֆիան խզել է իր վաղեմի կապերը Մոսկվայի հետ և աջակցություն հայտնել Կրեմլի դեմ պատժամիջոցներին, թույլատրելով նաև արևմտյան կործանիչների տեղակայումն իր երկրում՝ Սև ծովի ափին գտնվող ՆԱՏՕ-ի նոր հենակետում:
Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը հայտարարել է՝ գազի մատակարարումներից զրկելու ռուսական կողմի որոշումը «շանտաժ է», և Բուլղարիայում չեն պատրաստվում «տրվել այդ ռեկետին»։
Ռուսական գազի կրճատումների պատճառով այդ երկու երկրներն առայժմ սարսափելի խնդիրների չեն բախվի, հատկապես Լեհաստանը տարիներ ի վեր աշխատանքներ է տարել ռուսական վառելիքին այլընտրանք գտնելու հարցում և արդեն պատրաստ էր այս տարեվերջին ամբողջովին հրաժարվել ռուսական գազից։
Ռուսական կապույտ վառելիքի ծորակը փակելը, այդուհանդերձ, լուրջ մտահոգություն է առաջացրել եվրոպական դաշինքում։ Հատկապես Գերմանիան ռուսական էներգիայի խոշորագույն գնորդն է, Իտալիան ևս հիմնական սպառողներից է, և այս երկու երկրների քայլերը ռուսական էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու հարցում դեռևս շոշափելի արդյունք չեն բերել։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, սակայն, վստահեցնում է՝ պատրաստ են ռուսական էնգակիրներից զրկվելու սցենարին և ունեն «հենց նման դեպքերի համար» ունեն մշակած պլան։
Եվրոպական հանձնաժողովը դեռևս անցած տարի Ռուսաստանի հետ «գազային» կապերն աստիճանաբար խզելու պլան է պլան է մշակել՝ վերջնաժամկետ նշանակելով 2050 թվականը։ Ուկրաինայում պատերազմը ստիպել է խմբագրել այդ փաստաթուղթը։ Նոր պլանի համաձայն՝ Եվրամիությունը պետք է հրաժարվի ռուսական էներգակիրներից մինչև 2030 թվականը՝ 90 տոկոսով լցնելով գազի պահեստները և մեծացնելով այլ երկներից՝ այդ թվում Ադրբեջանից, Նորվեգիայից, Ալժիրից, Կատարից կապույտ վառելիքի մատակարարումները:
Մինչ այդ, Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանը գրեթե կրկնապատկել է ԵՄ երկրներին մատակարարվող վառելիքից իր եկամուտները: Նույնիսկ վաճառքի ծավալների նվազման պայմաններում էներգակիրների գների աճը, ըստ Ֆիննական էներգետիկայի և մաքուր օդի հետազոտությունների CREA կենտրոնի, Մոսկվային մոտ 62 միլիարդ եվրոյի եկամուտ է ապահվել։ Ռուսական նավթի, ածխի և գազի ներմուծումը Եվրամիություն պատերազմի երկու ամիսների ընթացքում կազմել է մոտ 44 միլիարդ եվրո։ Համեմատության համար նշենք, որ ամբողջ անցած տարվա ընթացքում այդ գումարը կազմել է 140 միլիարդ եվրո կամ ամսական մոտ 12 միլիարդ։
Հիմնական գնորդը Գերմանիան է։ Չնայած Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտության մասին այդ երկրի իշխանությունների հավաստիացումներին՝ պատերազմի երկու ամիսներին Բեռլինը ներկրել է 9 միլիարդ եվրոյի էներգետիկ պաշարներ։