Մատչելիության հղումներ

Հունգարիան մտադիր չէ կողմ քվեարկել ռուսական նավթի ԵՄ ներկրման լիակատար արգելքին


Բուդապեշտը չի պատրաստվում կողմ քվեարկել Ռուսաստանում արդյունահանված նավթի ներկրման լիակատար արգելք սահմանելու Եվրահանձնաժողովի առաջարկի օգտին։ Չորեքշաբթի երեկոյան նման հայտարարությամբ հանդես եկավ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։

Հունգարական դիվանագիտության ղեկավարն ընդգծում է, որ իրենց չեն բավարարում անգամ այն բացառությունները, որ պատրաստ է սահմանել ԵՄ ղեկավարությունը Հունգարիայի և Սլովակիայի համար։

«Բրյուսելի կողմից շրջանառության մեջ դրված պատժամիջոցների փաթեթով արգելվում են ռուսական նավթի բոլոր մատակարարումները Եվրոպա, այն էլ՝ բավական կարճ ժամանակահատվածում։ Հունգարիայի պարագայում դա հաջորդ տարեվերջն է», - նշում էր Սիյարտոն։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ռուսաստանի դեմ սահմանվող պատժամիջոցների վեցերորդ փաթեթի մանրամասները ներկայացրեց նախօրեին։ Դրանով մասնավորաբար առաջարկվում է մինչև այս տարեվերջ արգելել Ռուսաստանում արդյունահանված նավթի և ռուսական գործարաններում արտադրված նավթամթերքի՝ մասնավորաբար դիզելային վառելիքի և բենզինի ներկրումը ԵՄ անդամ պետություններ։ Ռուսական նավթից առավել մեծ կախում ունեցող երկու երկրների՝ Հունգարիայի և Սլովակիայի համար Եվրահանձնաժողովը համաձայնել է ռուսական նավթից հրաժարվելու անցումային շրջան սահմանել՝ մինչև 2023 թվականի դեկտեմբեր։ «Բայց նույնիսկ այս պայմաններով, Բուդապեշտը չի պատրաստվում կողմ քվեարկել նավթային էմբարգոյին», - հայտարարում է Հունգարիայի արտգործնախարարը։

«Մենք այս պատժամիջոցներին կհամաձայնենք միայն մի դեպքում՝ եթե բացառվի դրանց կիրառումը խողովակաշարերով մատակարարվող չվերամշակված նավթի վրա։ Այդ դեպքում Հունգարիայի էներգետիկ անվտանգությունն ապահովված կլինի։ Հակառակ պարագայում՝ Բրյուսելի կողմից առաջարկված պատժամիջոցների փաթեթը պարզապես խարխլելու է Հունգարիա էներգակիրների մատակարարման ամբողջ մեխանիզմը»․ - հայտարարում էր Պետեր Սիյարտոն։

«Արևմտյան փորձագիտական շրջանակները ևս որոշակի կասկածներ ունեն, թե անգամ պատժամիջոցների հաստատման դեպքում Եվրոպան ի վիճակի կլինի հրաժարվել ռուսական նավթի օգտագործումից», - գրում է Reuters գործակալությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ անգամ պատժամիջոցների ուժի մեջ մտնելուց հետո եվրոպական երկրները կարող են շարունակել գնել ռուսական նավթը՝ անգամ տեղյակ չլինելով դրա ծագման մասին։

«Նավթի ծագումը, որպես կանոն, հնարավոր է պարզել դրա քիմիական բաղադրիչներին ծանոթանալով։ Նախկինում, սակայն, նավթի ծագումը թաքցնող կեղծ փաստաթղթերի միջոցով որոշ գնորդների մոլորության մեջ էին գցում ։Այդ մեխանիզմը կիրառվել է պատժամիջոցների տակ գտնվող այնպիսի պետությունների դեպքում, ինչպիսին են Վենեսուելան և Իրանը», - հիշեցնում է Reuters-ը։

XS
SM
MD
LG