Վարչապետի հրաժարականի պահանջով փողոցային պայքար սկսած և օրեր շարունակ Ազգային ժողովի նիստերը բոյկոտած ընդդիմադիրները այսօր եկել էին խորհրդարան։
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը ընթերցելուց հետո ընդդիմադիրները լքեցին նիստերի դահլիճը, իսկ իշխանականները նրանց ծափահարություններով ճանապարհեցին։
Մինչ հեռանալը հրաժարականի պահանջի տեքստը ընթերցեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ Չկատարած խոստումներ, ձախողումների և նոր վտանգներ։ Այսպիսի շեշտադրումներ արեցին ընդդիմադիրները։
«Փաստացի իրականացնում է «Ղարաբաղն Ադրբեջան է և վերջ» քարոզն ու պաշտպանում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման, այն է՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու թուրք-ադրբեջանական տեսակետը: Խոստացել է թռիչքաձև տնտեսական աճ, բայց աճում են պետական պարտքը, աղքատությունը, գները և մահերը: Չի կատարել բազմաթիվ խոստումներ, որոնցից վերջինը ողբերգական ավարտ ունեցավ. պադավատապետության դեմ խոսացող, կարմիր լույսի տակ իր ավտոշարասյան կանգնեցնելը և հետիոտններին զիջելը որպես ձեռքբերում ներկայացնող Փաշինյանի ավտոշարասյունը սպանեց կնոջը և իր դեռ չծնված երեխային: Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի մեր պետությունը նոր զիջումների տանելու մանդատ և պետք է հրաժարական տա», - ներկայացրեց Ռուստամյանը:
Փաշինյանը որոշեց կետ առ կետ անդրադառնալ պահանջին ու սկսեց բանակցային գործընթացը տապալելու մեղադրանքից։ Ասաց ոչ թե ինքը, այլ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է տապալել։
«Եվ Սերժ Սարգսյանն է այս ամբիոնից հայտարարել ապագա պատերազմի մասին, ասելով՝ «այլևս երկար ժամանակ մենք չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը չի փորձի պատերազմի ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը», - նշեց Փաշինյանը
Մինչ Ռուստամյանի արձագանքը վարչապետ Փաշինյանը փոքրիկ անոնս արեց, թե արձագանքից հետո շատ կարևոր բացահայտում է անելու։ Փորձեց անգամ հանգստացնել ընդդիմադիրների հետ տեղից բանավեճի մեջ մտած իր թիմակիցներին. «Պետք չի թողնել, որ աղմուկ աղաղակի մեջ կորի, հիմա շատ կարևոր բան է բացահայտվելու, արձագանքեք, կասեմ»:
Իսկ Ռուստամյանն իր արձագանքում անընդունելի որակեց Փաշինյանի հիմնավորումները. «Հիմա ի՞նչ կապ ունի, ով ինչ է ժամանակին արել, դուք եք եկել վարչապետ և պարտավոր էիք այդ կամքն իրականացնել, այդ կամքի իրականացման խոստումը դուք եք տվել»:
Դեռ Ռուստամյանի արձագանքի ընթացքում ընդդիմադիրները նախապատրաստվում էին դուրս գալ նիստերի դահլիճից։ Փաշինյանը նրանց բոյկոտը այսպես մեկնաբանեց. «Հենց ասացի, որ բացահայտում է հնչելու, թողեցին փախան»:
«Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով դահլիճը լքող ընդդիմադիրներին իշխանականները ճանապարհեցին հոտնկայս ու ծափահարություններով։
Ընդմիջումից հետո, սակայն, Փաշինյանը խոստացված բացահայտումը չարեց. «Պատշաճ չեմ համարում հետևից հարցին պատասխանելը»:
Փոխարենը առաջին անգամ անդրադարձավ իր հրաժարականի պահանջով օրեր շարունակվող ընդդիմադիրների բողոքի ակցիաներին: Հարցը վարչապետին տվեց նրա թիմակից Վահագն Ալեքսանյանը։ Փաշինյանը ուղիղ պատասխան չտվեց, փոխարենը կենտրոնացավ այն հանգամանքի վրա, որ ընդդիմադիրները ամբողջությամբ կրկնում են 2018-ի իրենց քայլերը։
«Նրանց թվում է, թե ամեն ինչ որ կրկնեն, նույն ձևով անեն, կրկնօրինակեն կստացվի, դրա հետ կապված ես ուզում եմ մի պատմություն պատմել՝ ժամանակի Ֆռունզիկ Մկրտչյանը դիմում է Վահրամ Փափազյանին, ասում է՝ «վարպետ, ուզում եմ նոր փուլ անցնել իմ դերասանական կարիերայի և ուզում եմ ստանձնեմ Օթելլոյի դերը», Վահրամ Փափազյանը նայում է Ֆռունզիկ Մկրտչյանին, որոշակի պաուզա է բռնում ու ասում է՝ «տղաս, ամեն սև բան Օթելլո չէ», - ասաց վարչապետը:
Իշխանական պատգամավորները այլ հարցեր Փաշինյանի չտվեցին, հերթագրված մյուս բոլոր պատգամավորները իրենց հարցերը հանեցին։