Ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը հաղորդում են՝ տվյալներ են ստացել, Երևանում անցկացվող հավաքի որոշ մասնակիցներ մտադիր են այսօր կայանալիք ՀՀ ԱԺ նիստի ընթացքում «իրականացնել հակաօրինական գործողություններ՝ զավթելու ԱԺ շենքը՝ այդ կերպ խաթարելով հասարակական կարգն ու հասարակական անվտանգությունը»:
ԱԱԾ-ն և ոստիկանությունը հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին կոչ են անում ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններից՝ «հակառակ պարագայում կատարվածի ողջ պատասխանատվությունը կրելու են դրանց կազմակերպիչները»:
Իրավապահները քաղաքացիներին հորդորում են չտրվել սադրանքներին և զերծ մնալ ոչ իրավաչափ գործողություններից, հակառակ դեպքում նույնպես կենթարկվեն պատասխանատվության:
Ընդդիմադիրները կեղծ են որակում այս հաղորդումները։
Նշենք, որ նախորդ օրը խորհրդարանի ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը կարևորել էր այսօրվա ակցիաները, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամը 16-ից Ազգային ժողովում է լինելու, որտեղ կառավարության անդամները պատասխանելու են պատգամավորների հարցերին։ Այդուհանդերձ, դաշնակցական գործիչը չի մանրամասնել՝ ինչ-որ գործողություններ այդ ժամին նախատեսվո՞ւմ են։
Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը ապրիլի վերջից բողոքի ակցիաներ է իրականացնում իշխանափոխության պահանջով, մայիսի 1-ի հանրահավաքում հայտարարվեց այս շաբաթ անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։