Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմությունն այսօր առավոտյան Երևանում մի քանի փողոցներ էր փակել։ Մեր նկարահանման պահին ոստիկանությունը բերման ենթարկեց մի խումբ ցուցարարների՝ բացելով դեպի Ազգային ժողով տանող ճանապարհը։
Փակ փողոցներ կային նաև Արաբկիրում, փոքր կենտրոնում և ոչ միայն։ Բոլոր դեպքերում ոստիկանները մի քանի րոպեի ընթացքում ցրում էին ցույցերը։
Ազգային ժողովի ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի ու մի քանի ընդդիմադիր պատգամավորների առաջնորդած ցույցի մասնակիցները հասնելով Իսկահակյան - Կորյուն խաչմերուկ նստեցին ճանապարհին՝ խաթարելով երթևեկությունը, երբ ոստիկանները փորձեցին մոտենալ, վեր կացան ու շարունակեցին երթը։
Ոստիկանության տվյալներով, ժամը16-ի դրությամբ, բերման է ենթարկվել 206 ցուցարար։ Մինչդեռ Իշխան Սաղաթելյանը պնդեց, թե առավոտյան արդեն բաժին էր տարվել ավելի քան 200 ցուցարար. - «Ինչքան բռնում են, էնքան շատանում են, Երևանը արդեն փողոցում ա։ Էս երթերից մեկն ա, սենց երթ էս պահին Երևանում տասնհինգ-քսան ուղղություններով կա։ Այլևս ավարտված ա ամեն ինչ»։
Այստեղ էր նաև ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը։ Հարցին, թե ինչպես է արձագանքում իշխանության այն պնդումներին, որ ընդդիմությունը 2018-ի հեղափոխության քայլերը կրկնելուց բացի, որևէ բովանդակային լուծում չի առաջարկում, Վանեցյանը պատասխանեց. - «Ծրագիր մենք ունենք։ Դա իշխանությունների կողմից ծուղակն ա հերթական, մանիպուլյացիան ա։ Ծրագրերի մասին մանրամասն կխոսենք, կներկայացնենք։ Կարող է անգամ՝ այսօր, վաղը։ Մենք ունենք մի խնդիր՝ արագ կասեցնել այս պարտությունների շղթան, որպեսզի մեր երկիրը վերջնականապես չգնա քանդվի»։
Ցուցարարներն այնուհետև շարժվեցին դեպի Ալեք Մանուկյան փողոցը։ հասնելով Հյուսիսային համալսարան՝ պաշտգամբից ողջունող մի քանի քաղաքացիների կոչ արեցին միանալ իրենց։ Հետո Իշխան Սաղաթելյանը մի խումբ ցուցարարների հետ մտավ Երևանի պետական համալսարանի մասնաշենքերից մեկը։
«Փաստում ենք, որ տասը լսարանից ընդամենը մեկ կամ երկու ուսանող կա։ Համալսարանում 80-90 տոկոսով ըստ էության դասադուլ է», - դուրս գալով շենքից, ասաց նա։
Համալսարանից մի քանի ուսանողներ արձագանքեցին՝ միանալով ցույցին։ Ղեկավարներից դուրս եկավ միայն Իրավաբանության ֆակուլտետի դեկան, ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր ղազինյանի հայրը՝ Գագիկ Ղազինյանը։
«Ազատությունը» զրուցեց նաև քաղաքացիների հետ, ովքեր հեռվից էին հետևում ընդդիմության այսօրվա երթերին։
«Դեմոկրատական երկրում ընտրում են կառավարությունը ընտրություններով։ Վերջ։ Բա սրանք տասը ամիս առաջ ձեն չհավաքեցին, հիմա ի՞նչ են ուզում», - ասաց մի տղամարդ։
«Պարոն Փաշինյանը մեր աչքի լույսը չի, բայց էդ մարդիկ պետք ա ասեն իրանց քայլերը՝ առաջինը, երկրորդը, երրորդը», - հավելեց մեկ այլ երևանցի։
ԱԺ նիստերը բոյկոտած «Հայաստան» դաշինքի ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներն այսօր էլ խորհրդարան չգնացին։ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ իրենց երթերն ու երեկոյան հանրահավաքներն ամենօրյա են և անժամկետ։