Հայաստանում ներքաղաքական ճգնաժամ չկա, խորհրդարանում այսօր հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Իշխող ուժի ներկայացուցիչն անգամ քաղաքական լարում չի տեսնում։
Ըստ նրա` ընդդիմադիրները փորձում են ինչ-որ ալիք բարձրացնել, որին, իր գնահատմամբ, ժողովրդի մեծ մասը չի աջակցում։
«Ընդդիմության գործելաոճը, և այն, ինչ որ անում են, իրենց իրավունքն է, ի դեպ նաև հեղափոխության կողմից տրված իրավունքն է, և քաղաքացիները եթե ցանկություն են ունենում նոր իշխանություն ձևավորելու, իրենք դա անում են ընտրությունների միջոցով: Մնացածն արդեն քաղաքական լոզունգներ են: Ես հարգանքով եմ վերաբերվում մեր գործընկերների գործունեությանը, չնայած նրան, որ իրենք հաճախ իրենց թույլ են տալիս վիրավորանքներ, ագրեսիա», - ասաց խորհրդարանի ղեկավարը:
Ալեն Սիմոնյանը վստահ է՝ անցած ամսվանից իշխանափոխության պահանջով փողոց դուրս եկած ընդդիմությունն ասելիք չունի ժողովրդին: Ընդդիմությունը պայքարը սկսել է Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո։ Նրանք պնդում են՝ Փաշինյանի կառավարությունը մտադիր է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։
«Արցախի և Հայաստանի անվտանգության համար խնդրում եմ` թող իրենք, դուք բացեք` ինչ է նշանակում համայն, եկեք, առաջարկ անեմ` թող իրենց առաջարկը ձևակերպեն, որն է այդ առաջարկը, այսինքն` երբ վիրավորում են կամ գոռում են` միացիր, դա առաջա՞րկ է անվտանգության համար: Այն, ինչ որ իրենք պետք է անեին անվտանգության համար, Դաշնակցությունը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, մոտավորապես 20 տարի ունեցել են, և իրենք որևիցե բան չեն արել», - նշեց ԱԺ նախագահը:
Իսկ գործող իշխանությունը, ըստ Ալեն Սիմոնյանի, ավելի լավ է ապահովում երկրի անվտանգությունը, քան նախկինները. «Այսօր Հայաստանի Հանրապետության անվտանգությունը մեր իրավիճակից ելնելով` ՀՀ իշխանությունը ապահովում է շատ ավելի լավ, քան այն դերակատարները, որոնք այսօր դրա մասին խոսում են, կարողացել են ապահովել կամ կկարողանան այս իրավիճակում ապահովել»:
Ազգային ժողովի նախագահն անդրադարձավ նաև ոստիկանների գործողություններին, մասնավորապես քաղաքացիներին քաշքշելու և հարվածելու դեպքերին։ Ալեն Սիմոնյանը համոզված է՝ նման միջադեպերը շատ չեն. «Մի կոնկրետ դեպքն ընդհանրացնել և հոգնակի թվով ներկայացնելը լրատվամիջոցին և ձեզ պատիվ չի բերում, որովհետև եթե ձեզ ես հիմա խնդրեմ մեկ, երկու, երեք դեպք ասել, դուք դա չեք անի: Բացի երկու-երեք դեպքից, ընդհանուր առմամբ ոստիկանությունը…»:
Խորհրդարանի ղեկավարը չի կիսում ընդդիմադիրների ու իրավապաշտպանների այն տեսակետը, որ ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառում ցուցարարների նկատմամբ, ճիշտ հակառակ կարծիքն ունի:
«Շնորհակալություն եմ ևս մեկ անգամ հայտնում, որ մեր մյուս քաղաքացիների իրավունքներն իրենք պահպանում են և թույլ չեն տալիս, որ տարբեր փոքր այդ միջոցառումները, որ տեղի են ունենում, խանգարեն մնացած քաղաքացիների իրավունքներին, բայց միևնույն», - նշեց ԱԺ նախագահը:
Իշխող ուժի պատգամավորներն Ազգային ժողովը լքած ու փողոցում պայքար սկսած իրենց գործընկերներին Ազգային ժողովի հայտարարությունների ժամին անդրադարձան։ Նրանք ընդդիմությանը քննադատում են իշխանությունը զավթելու փորձերի համար։ Հայտարարում, թե իրենց ընդդիմախոսների պայքարը չի կարող ստանալ ժողովրդի աջակցությունը։ «Քաղաքացիական պայմանագրում» համոզված են՝ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները սպառել են իրենց՝ որպես ընդդիմություն։
«Ընդդիմադիրների գործողություններն իրոք միտված են փրկելու կամ փրկվելու, բայց խոսքը բացառապես գողացածի և իրենց փրկության մասին է», - ասաց խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը: