Մատչելիության հղումներ

Կան բոլոր նախադրյալները, որ Արցախի կարգավիճակի մասին քննարկումները չզատվեն բանակցային գործընթացից. Հայկ Մամիջանյան


«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն ասում է` ընդդիմության գործողությունները դասական խաղաղ անհնազանդությունների տրամաբանության մեջ են: Այս մասին նա նշեց «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ:

Նրա խոսքով` համաժողովրդական շարժման գործիքակազմը շատ մեծ է:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից, ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյութում.

«Մենք ունենք ազգային նպատակ ու ազգային գաղափարախոսություն»

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի խոսքով` ընդդիմության գործողությունները դասական խաղաղ անհնազանդությունների տրամաբանության մեջ են: Արձագանքելով իշխանական պատգամավորների հայտարարություններին, թե այս օրերին ընդդիմությունը կրկնօրինակում է 2018-ի ընդդիմության քայլերը, Մամիջանյանն ասաց. «Տարբերությունը 18-ի և այս պահի համաժողովրդական շարժման հետևյալն է` իրենք ունեին միայն տեխնոլոգիաներ, իրենք չունեին ազգային գաղափարախոսություն, ազգային նպատակ, մենք ունենք ազգային նպատակ ու ազգային գաղափարախոսություն, ունենք արժանապատիվ խաղաղության նպատակ: Եվ այս պարագայում տեխնոլոգիաները մեզ համար գործիքից էլ ավելի ստորադաս կարևորություն ունեն»:

«Շատ խաղաթղթեր ունի համաժողովրդական շարժումը»

Շատ խաղաթղթեր ունի համաժողովրդական շարժումը, որոնք կիրառվելու են շատ մեծ ինտենսիվությամբ, վստահեցրեց պատգամավորը` հավելելով, որ գործիքակազմը շատ մեծ է, իսկ դրանք գաղտանազերծվելու են, երբ որ իրականացման լինեն:

«Փաշինյանն ինքն է գնում նշաձող իջեցնելու»

Ինչ վերաբերում է իրենց հետագա քայլերին իշխանության գալու դեպքում` արցախյան խնդրի հետ կապված, Հայկ Մամիջանյանը շեշտեց` կան բոլոր նախադրյալները, որ Արցախի կարգավիճակի մասին քննարկումները, բանակցությունները որևէ կերպ չզատվեն ընթացող բանակցային գործընթացից: Եվ սա, նրա խոսքով, լինելու է առաջնային գործողություններից մեկը իրենց կողմից իրականացրած իշխանափոխությունից հետո:

Նա նկատեց, որ վարչապետ Փաշինյանն այդպես էլ չկոնկրետացրեց, թե «այդ ովքեր են պահանջում նշաձող իջեցնել», հավելեց` նման միջազգային հանրություն գոյություն չունի:

«Այսինքն` Փաշինյանն ինքն է գնում նշաձող իջեցնելու: Միջազգային հանրությունն ասել է, որ Արցախի կարգավիճակին պիտի լինի անդրադարձ, մինչ այդ համանախագահ երկրներն ունեն հայտարարություններ, որ ԼՂ հակամարտությունը չունի ուժային լուծում և լուծվելու է 3 հիմնարար սկզբունքների հիման վրա: Այդ երկու զենքն օգտագործելով` շատ մեծ դժվարությամբ, որովհետև այնպիսի կեղտի մեջ է գցել մեզ այս ապիկարների խունտան, այդ թվում նաև բանակցային տեսանկյունից, շատ մեծ դժվարությամբ հնարավոր է վերադարձնել բանակցային գործընթացն այդ ռելսերի վրա` վերադառնալ կարգավիճակի մասին բանակցությունները անշեղորեն գործընթացից չզատելու փուլին», - պնդեց ընդդիմության «Պատիվ ունեմ»-ի քարտուղարը:

«Վստահեցնում եմ, որ սա քաղաքական պայքարի տարբերակներից մեկն է»

Պատասխանելով հարցադրմանը, թե իրենք աշխատավարձ են ստանում և պետք է խորհրդարանում գործունեություն ծավալեն, ոչ թե փողոցում, օրենսդիր մարմնի ներկայացուցիչը նախ դրական արձագանքեց, որ քաղաքացիները պահանջատեր են իրենց վճարած հարկերի համար, ապա հավելեց. «Վստահեցնում եմ, որ սա քաղաքական պայքարի տարբերակներից մեկն է, անկախ նրանից` ես գտնվում եմ պառլամենտի շենքում, թե ոչ, մասնավորապես իմ միջազգային բլոկով տարվում է ահռելի աշխատանք կուսակցական դիվանագիտության տրամաբանության մեջ, խորհուրդ կտամ այս նույն հարցադրումն անել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարին, որը հրավիրել է 4-5 հանձնաժողովի նիստ, որից 2-3-ը եղել են ընդդիմության առաջարկած օրակարգով»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG