Ընդդիմությունն այսօրվանից անհնազանդության ակցիաներ է սկսում. առավոտից բազմաթիվ փողոցներ ու մայրուղիներ փակ են լինելու, երեկվա հանրահավաքի ընթացքում հայտարարեց Ազգային Ժողովի փոխնախագահ, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը։
«Սիրելի հայրենակիցներ, վաղը Կենտրոն համայնքում, հատկապես, որևէ մեքենայի շարժ պետք է չլինի», - հայտարարեց Սաղաթելյանը։
Մեկ շաբաթ իրազեկման ակցիաներ անելուց հետո, իշխանությունների հեռացումը պահանջող ընդդիմությունը երեկ Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք էր հրավիրել, Սաղաթելյանը հայտնեց՝ հրապարակում են գիշերելու, վրաններ ու աթոռներ տեղադրեցին։
«Էս քանի օրը պետք է նեղվենք, տանջվենք, զրկանքներ կրենք, ընկնենք, վեր կենանք, բաժիններում հայտնվենք, բայց դա շատ կարճ է տևելու, դրանից հետո Հայաստանում լինելու է համերաշխություն, արդարություն, ազատություն, միասնություն», - հայտարարեց Սաղաթելյանը։
Ընդդիմությունը փողոցային պայքար սկսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի հարցում նշաձողը իջեցնելու մասին ելույթից հետո։
Ընդդիմադիրները պնդում են, որ իշխանությունը մտադիր է Արցախը հանձնել Ադրբեջանին, իսկ դա, ըստ նրանց, հնարավոր է տապալել հանրային ճնշմամբ Փաշինյանին իշխանությունից հեռացնելով։
Երեկ ելույթներ ունեցան խորհրդարանի ըննդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների մի շարք պատգամավորներ, խոսեց նաև երկու շաբաթ առաջ Ազատության հրապարակում նստացույց սկսած, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Էս իշխանություններն արդեն երեք-չորս տարի է բոլոր ուղղություններով ձախողել են, բայց, երբ երկրի վարչապետի աթոռը բախտի բերմամբ, թե պատահմամբ, զբաղեցրած անձը Ազգային ժողովում ասաց, որ «Արցախի կարգավիճակի շեմը պետք է իջեցնենք», իսկ, ամենակարևորը, երբ ասաց՝ «ունենալու էինք նույն վիճակը՝ բացառությամբ զոհերի», ես հասկացա, որ մենք այլևս իրավունք չունենք նստենք տանը, մենք պետք է դուրս գանք և վերջ տանք այս ամենին», - ասաց Վանեցյանը։
Հանրահավաքին երթով միացել էր, սակայն հարթակից ելույթ չունեցավ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: