Մատչելիության հղումներ

Ցուցարարները կգիշերեն Ֆրանսիայի հրապարակում, վաղվանից՝ անհնազանդության ակցիաներ


Երևանի կենտրոնում՝ Ֆրանսիայի հրապարակում կիրակի օրը ժամը 16-ի սահմաններում մեկնարկեց ընդդիմության հանրահավաքը։

Հրապարակում միացան քայլերթով չորս խորհրդանշական վայրերից Երևան ժամանած խմբերը։

Քայլերթին մասնակցում էր նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ընտանիքի անդամների հետ։

Հանրահավաքի բացման ելույթով հանդես եկավ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր, խորհրդարանի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը, որին հաջորդեցին մայրաքաղաք հասած չորս խմբերի ղեկավարների ելույթները։

Ելույթներ ունեցան նաև Ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ, այդ թվում՝ երկու շաբաթ առաջ Ազատության հրապարակում նստացույց սկսած «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Փաշինյանի տրամաբանությանն ասում ենք՝ ոչ»

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը մասնավորապես ասաց․ - «Պատմության մեջ չկա մի դեպք, երբ ծանր պարտությունից հետո քեզանից ինչ ուզեն, ինչ զիջում ուզեն՝ դու տաս, ու դրանով լինի խաղաղություն։ Դրանից հետո լինում ա էն, որ տենում են, որ տալիս ես՝ էլի են ուզում, էլի են ուզում, մինչև որ դու վերանաս։ Սա ա Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունը, իրա տրամաբանությունը կզած մուրացողի քաղաքականությունն ա, որին մենք ասում ենք՝ ոչ»։

«Այս իշխանությունները բացի էն ամեն ինչից, որ էս չորս տարվա մեջ արել են, իրանք ուրացել են մեր հերոսներին, մեր սխրանքներին, մեր Հայաստանին ու Արցախին։ Մեր՝ այստեղ հավաքված հազարավոր հայրենակիցները, մարդիկ, որոնք դեռ վախենում են տնից դուրս գան, ունեն մեկ օրակարգ՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, որի համար դավաճանները տեղ չունեն։ Նիկո՛լ, դավաճա՛ն», - հայտարարեց Վարդևանյանը։

«Հայ ազգը զարթնել ա, լաոն զարթնել ա»

Արթուր Վանեցյանը, իր հերթին, ասաց․ - «Ապրիլի 18-ին, երբ եկա Ազատության հրապարակ, այ սրա մասին էի երազում, որ ձեզ բոլորիդ տեսնեմ այստեղ։ Իմ ընկերները, իմ ընդդիմադիր ընկերները, որոնք սկսեցին իրենց պայքարը, իրենք էլ էին սրա մասին երազում։ Հայ ազգը զարթնել ա, լաոն զարթնել ա, մենք բոլորս դառել ենք մի բռունցք՝ միասնական մի բռունցք, էս բռունցքի դեմ ոչ մեկ չի կարող կանգնել, որևէ մեկը չի կարող մեր պայքարը կասեցնել»։

«Էս իշխանություններին հորդորում եմ, կոչ եմ անում, պահանջում եմ՝ գնացե՛ք, գնացե՛ք հանուն փրկության, գնացե՛ք հանուն հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի փրկության, դուք ձախողել եք բոլոր ուղղություններով։ Հայ ազգը նորից միավորվում ա, հայ ազգը նորից դառնում ա էն հին ազգը՝ արժանապատիվ, հայրենասեր, իր խոսքի տեր, չխաբող, իրար սիրող», - հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։

Այնուհետև կրկին ելույթ ունեցավ Սաղաթելյանը՝ հայտարարելով, որ գիշերը մնում են Ֆրանսիայի հրապարակում, իսկ առավոտյան ժամը 8։30-ից սկսում են անհնազանդության ակցիաներ։

«Հայաստանում իշխանությունը այս հրապարակն է և ժողովուրդը»

«Հիշո՞ւմ եք՝ ամեն անգամ մեր հանրահավաքներից հետո հարցնում էիք՝ բա «ի՞նչ, հիմա ասելու եք՝ տուն ե՞նք գնալու»։ Հիշում ե՞ք՝ ինչ էինք պատասխանում, ասում էինք՝ «սիրելի հայրենակիցներ, կգա էդ օրը, ճիշտ պահը և ժամանակը, երբ որ կասենք՝ մնո՛ւմ ենք, մնում ենք մինչև վե՛րջ», և էսօր այդ օ՛րն է։ Այս պահից սկսած՝ այս հրապարակը ժողովրդի՛նն է, այս պահից սկսած՝ Հայաստանում իշխանությունը ժողովո՛ւրդն է», - ասաց Սաղաթելյանը։

«Ուրեմն՝ էսօրվա և մեր վաղվա ծրագրերի մասին։ Սիրելի՛ հայրենակիցներ, էսօր մենք անցկացնելու ենք այս հրապարակում, այս հրապարակում քիչ հետո կտեղադրենք վրաններ և համապատասխան միջոցներ, որպեսզի գիշերը կարողանանք անցկացնել։ Սա՝ մեկ։ Երկրորդը՝ վաղը առավոտ ժամը 8։30-ից սկսած մենք սկսում ենք մասշտաբային անհնազանդության բողոքի ակցիաներ։ Ուրեմն՝ վաղը առավոտ 8։30-ից սկսում ենք սրանց իշխանազրկելու պրոցեսը։ Սա իշխանազավթում չէ, սա Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիների սահմանադրական իրավունքն է՝ դուրս գալ պայքարի և թրքահպատակ իշխանությանը րոպե առաջ հեռացնել՝ հեռացնել հանուն Արցախի, հանուն Հայաստանի և հանուն հայ ժողովրդի», - հայտարարեց դաշնակցական գործիչը։

«Վաղը հանրապետության բազմաթիվ փողոցներ, մայրուղիներ լինելու են փակ, իսկ ո՞վ է դա անելու՝ մենք բոլորս։ Վաղը Կենտրոն համայնքում հատկապես որևէ մեքենայի շարժ պետք է չլինի։ Կոչ եմ անում մեր հայրենակիցներին, ուսանողներին՝ վաղվանից սկսեք դասադո՛ւլ և գործադո՛ւլ», - ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Առաջիկա օրերին ես ներողություն եմ խնդրում մեր բոլոր քաղաքացիներից, ում անհարմարություն ենք պատճառելու, բայց պետք է հասկանան՝ օրերի հարց է։ Էս քանի օրը պետք ա նեղվենք, տանջվենք, զրկանքներ կրենք, ընկնենք, վեր կենանք, բաժիններում հայտնվենք, բայց դա շատ կարճ ա տևելու, դրանից հետո Հայաստանում լինելու է համերաշխություն, արդարություն, ազատություն, միասնությո՛ւն», - վստահեցրեց ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակը։

«Յուրաքանչյուրդ յուրովի դրսևորեք ձեր բողոքի ակցիան։ Յուրաքանչյուրդ փակեք ձեր հայաթի փողոցը, ձեր բակի փողոցը, ձեր գյուղի փողոցը, ցույց տվեք, որ սրանք իշխանություն չունեն, Հայաստանում իշխանությունը այս հրապարակն է և ժողովո՛ւրդը», - հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG