Մատչելիության հղումներ

Թուրքիան պետք է առերեսվի 1915 թվականի մութ էջին. թուրք լրագրող


Թուրքական T24 պարբերականի սյունակագիր Բարչըն Յինանչը կարծում է, որ 1915 թվականը թուրքական պատմության մութ էջն է, և Թուրքիան սրա հետ պետք է առերեսվի:

«Կարծում եմ` այս ուղղությամբ Թուրքիան կարևոր քայլեր է անում», - ասում է նա «Ազատության» հետ հարցազրույցում:

Բացի այդ, սյունակագիրը գտնում է` որքան Ադրբեջանի և Հայաստանի հաշտեցման գործընթացում առաջընթաց լինի, Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը այդքան առաջ կգնա:

Ստորև ներկայացնում ենք հատված նրա հետ հարցազրույցից.


«Ազատություն». - Ադրբեջանը Հայաստանին խաղաղության պայմանագիր է առաջարկել, և Թուրքիան էլ ամեն առիթով Հայաստանին կոչ է անում ստորագրել այդ պայմանագիրը: Ձեր կարծիքով` հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը ինչքանո՞վ է կապված հայ-թուրքական գործընթացի հետ:

Բարչըն Յինանչ. - Ես կարծում եմ, որ այդ գործընթացները սերտորեն կապված են: Թուրք-ադրբեջանական հարաբերությունները շատ յուրահատուկ բնույթ ունեն: Ոչ միայն էթնիկական, պատմական կապեր են, այլև ներկայիս իշխանության համար շատ կարևոր են նաև տնտեսական առումով, քանի որ տարիներ շարունակ Ադրբեջանը Թուրքիայում կարևոր ներդրումներ է արել:

Իմ կարծիքով` ինչքանով էլ որ այդ գործընթացները ուղղակիորեն կապված չլինեն, որքան Ադրբեջանի և Հայաստանի հաշտեցման գործընթացում առաջընթաց լինի, Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը այդքան առաջ կգնա: Թուրքիան ցանկանում է, որ բոլորը շահեն՝ ուղերձ հղելով, թե Բաքվի հետ խաղաղության արդյունքը Երևանի համար Անկարայի հետ հարաբերությունների կարգավորումը կլինի: Այսինքն` եթե Հայաստանն ու Ադրբեջանը հաշտվեն, միևնույն ժամանակ դա խթանի մյուս հարևանի հետ հաշտեցումը: Այդ պատճառով էլ կարծում եմ՝ եթե նույնիսկ երկու գործընթացները թղթի վրա ուղղակիորեն իրար հետ կապված չեն, հատկապես թուրքական կողմի ընկալմամբ` այդպիսի առնչություն կա։

«Ազատություն. - Թուրքիան տարիներ շարունակ ջանքեր է գործադրում, որ Հայաստանն ու սփյուռքը հրաժարվեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգից: Կողմերը հայտարարում են, թե գործընթացը առանց նախապայմանների է ընթանում: Ըստ Ձեզ` այս հարցը կարո՞ղ է կրկին օրակարգ գալ գործընթացի հետագա փուլերում:

Բարչըն Յինանչ. - Ճիշտն ասած, այս փուլում սրա մասին խոսել դյուրին չէ: Հետագայում այդ ժամանակի իշխանությունը ինչ մոտեցում կունենա, ինչ որոշում կընդունի, կախված է նաև այդ ժամանակաշրջանի պայմաններից: Իհարկե, Թուրքիայի ղեկավարության մտքի մի անկյունում կա այն ցանկությունը, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ ինչ-որ կերպ կթուլանա հայկական սփյուռքի գործունեությունը: Սակայն վստահ չեմ, որ բանակցային սեղանին հարաբերությունների վերջնական կարգավորման համար նման նախապայման կդրվի:

Եթե հարցնեք ինչու, ես կարծում եմ, որ Թուրքիայում որոշում կայացնող շրջանակները գիտակցում են, որ հայկական սփյուռքը միշտ չէ, որ Երևանից եկող ուղերձների տրամաբանությամբ է գործում, այսինքն` ենթադրում եմ, լավ հասկանում են, որ Երևանը մի կոճակով չի կարող փոխել սփյուռքի վերաբերմունքը: Բայց իհարկե, երբ բանակցությունները որոշակի մակարդակի հասնեն, թուրքական կողմը իր որոշ ակնկալիքների մասին կհայտնի: Սակայն շատ իրատեսական չեմ համարում, որ նման նախապայման սեղանին դրվի:

«Ազատություն». - Տիկին Բարչըն, ի՞նչ եք կարծում, թուրք հասարակությունը պատրաստ է խոսել 1915 թվականի հարցի շուրջ: Բացի այդ, երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացում ինչքանով է կարևոր երկու ժողովուրդների երկխոսությունը:

Բարչըն Յինանչ. - Այս հարցով զբաղվող գրեթե բոլոր մասնագետները հատկապես այն հանգամանքն են ընդգծում, որ պետք է հաճախակի դարձնել երկու հասարակություններին մերձեցնող միջոցառումները: Այսինքն, Հայաստան-Թուրքիա կարգավորումը չպետք է սահմանափակվի միայն Երևանի ու Անկարայի, դիվանագետների ու պաշտոնյաների երկխոսությամբ: Այս գործընթացի հաջողությունը իրականում կախված է նաև ժողովուրդներին իրար մոտեցնելուն միտված միջոցառումներից։ Այդ նպատակով էլ երկու երկրների միջև անմիջապես բացվեցին ավիաթռիչքները, որպեսզի ավելանան շփումները:

Անձամբ ես էլ մեծ կարևորություն եմ տալիս այս գործընթացում հանրային դիվանագիտությանը, այսինքն` երկու կողմից էլ հանրային գործիչների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների շփումները ինչքան ավելանան, այնքան Հայաստան-Թուրքիա մերձեցումը արագ արդյունք կտա: Կարծում եմ, որ Թուրքիան ու թուրքական հասարակությունը պատրաստ են խոսել 1915 թվականի դեպքերի մասին: Սակայն եթե օրակարգ գա նման պահանջ, իհարկե այս փուլում պատրաստ չեն: Այսինքն` թուրք հասարակությունը երբեք պատրաստ չի լինի հարցի շուրջ երկխոսել «1915 թվականի դեպքերը ցեղասպանություն էին, թող թուրքերը ընդունեն, և դա այլևս քննարկման առարկա չէ» տրամաբանությամբ: Բայց վերջին տարիներին ես հատկապես նկատում եմ, որ 1915 թվականի դեպքերի մասին ավելի օբյեկտիվ, ավելի իրատեսական, նախկինի համեմատ ավելի առողջ մոտեցմամբ քննարկումներ անցկացնելու համար միջավայր է հասունանում: Սա չի նշանակում, որ հասարակությունը այսօր կամ վաղը կընդունի այդ իրադարձությունների այսպես կամ այնպես որակումը: Բայց իմ կարծիքով` ավելի կարևոր է, ոչ թե այն հարցը, թե արդյոք այն ժամանակ պատահածը ցեղասպանություն էր, թե ոչ, այլ որ թուրք հասարակությունը նախ և առաջ պետք է առերեսվի, որ այդ շրջանում շատ սարսափելի իրադարձություններ, հայերի նկատմամբ վայրագության հասնող գործողություններ են եղել, պետք է ընդունի այդ իրողությունը:

Դրանից հետո այդ դեպքերը այսպես կորակվեն թե այնպես, դա գուցե հաջորդ փուլում քննարկվելիք հարց է, գուցե այդ փուլին երբեք էլ չհասնենք: Բայց կարևոր է, որ 1915 թվականը թուրքական պատմության մութ էջն է, և Թուրքիան սրա հետ պետք է առերեսվի: Կարծում եմ` այս ուղղությամբ Թուրքիան կարևոր քայլեր է անում: Օրինակ, ամեն ապրիլի 24-ին թուրքական ղեկավարությունը հայ հասարակությանը ուղերձներ է հղում, իր ցավակցությունը հայտնում: 20 տարի առաջ նման բան մենք նույնիսկ չէիք կարող պատկերացնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG