Մատչելիության հղումներ

ԱԺ-ն չեղարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների թեմայով ընդդիմության նախաձեռնած լսումները 


Հայ- թուրքական հարաբերությունների վերաբերյալ քննարկումը «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանից տեղափոխեց Ազատության հրապարակ։ Լսումներն այսօր պետք է լինեին Ազգային ժողովում, սակայն աշխատակազմը չեղարկել է պատճառաբանելով, թե տեխնիկական խնդիրներ կան։

«Հետագայում հասկացանք, որ իրենց որոշումը քաղաքական է», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ հավելելով՝ իրենց հայտնել են, թե մինչև ապրիլի 24-ը չեն կարող Ազգային ժողովի նիստերի դահլիճում լսումներ անել։

Պատգամավորի կարծիքով՝ Թուրքիայի հետ բանակցություններ սկսած իշխանությունը միտումնավոր է տապալել. «Իրենք ակնհայտորեն, օրվա խորհրդով պայմանավորված և հարցի սրությունից ելնելով, վախենում են պարզապես որևէ նման միջոց տրամադրելուց»։

Ազգային ժողովի տեղեկատվության ազատության պատասխանատու Լաուրա Անտոնյանն «Ազատությանը» փոխանցեց, որ լսումները չեղարկելու պատճառը Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի նիստն է. տեխնիկական ամբողջ կազմը, ըստ նրա, զբաղված է դրանով. «Ամբողջ տեխնիկական սպասարկումը գտնվելու է Ստեփանավանում, այսօր առավոտվանից արդեն մեկնել են նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու համար, որպեսզի վաղը հանձնաժողովի նիստը անխափան լինի»։

«Ամբողջ հարցը նա է, որ օրենքն իմպերատիվ է սահմանում այս պահանջը, կանոնակարգ օրենքը, և այստեղ որևէ այլ բան նախատեսված չէ, որ նույնիսկ Ազգային ժողովի ղեկավարությունը կարող է մերժել», - նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը Ստեփանավան քաղաքում է, ոչ թե խորհրդարանի նիստերի դահլիճում, շեշտում է ընդդիմադիր պատգամավորն ու շարունակում՝ ընդդիմությունն անգամ առաջարկել է ավելի փոքր դահլիճում նիստն անել, ուղիղ հեռարձակումն էլ սեփական միջոցներով կազմակերպել, սակայն Ազգային ժողովից չեն համաձայնել։

«Իրենք վախենում են, որ Ազգային ժողովի դահլիճից ի լուր աշխարհի կհնչեն այն կարմիր գծերը, որոնք անհրաժեշտ են մեր պետականության համար», - շեշտեց պատգամավորը։

«Հայաստան» խմբակցության նախագծով առաջարկվում է` Ազգային ժողովը հայտարարություն ընդունի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին։ Այդ դրույթներն, ըստ Մինասյանի, պետականության պահպանման կարմիր գծերն են. «Որևէ ձևով Թուրքիան չի կարող և չպետք է ներգրավվի կամ պայմանավորվի որևէ բան «Զանգեզուրի, այսպես կոչված, միջանցքը» արտահայտությամբ կամ Արցախի կարգավորման հետ կապված և այլն, այսինքն՝ այն կարմիր գծերն են, և բնականաբար, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման մասով որևէ զիջում չի կարող լինել Հայաստանի կողմից»։

Ազգային ժողովում լումներ հրավիրելու հարցն ընդդիմության օրակարգում է։ Օրը կորոշեն ապրիլի 24-ից հետո։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին նախագիծը շրջանառության մեջ են դրել, քննարկել կկարողանան, բայց հայտարարությունն ընդունելու համար միայն ընդդիմադիր խմբակցությունների ձայները բավարար չեն։

ԱԺ-ն չեղարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների թեմայով ընդդիմության նախաձեռնած լսումները
please wait

No media source currently available

0:00 0:02:58 0:00

XS
SM
MD
LG