Մատչելիության հղումներ

Հիտլերը նաև «հրեական արյուն ուներ». Լավրովի այս խոսքերն Իսրայելը դատապարտում է և ներողություն ակնկալում


«Հիտլերը նույնպես հրեական ծագում ուներ, ուստի դա ոչինչ չի նշանակում». Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե Ադոլֆ Հիտլերը հրեական արմատներ ուներ։ Իտալական «Rete 4» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նացիստական Գերմանիայի ֆյուրերի նաև հրեական արյան մասին Լավրովն ակնարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսու հետ համեմատելու ենթատեքստում։

Ուկրաինա ներխուժելու պատրվակներից մեկը պաշտոնական Մոսկվան ներկայացնում է որպես Ուկրաինայի «դենացիֆիկացիա»։ Լրագրողի հարցին, թե Ռուսաստանը ինչպե՞ս կարող է խոսել «դենացիֆիկացայի» մասին, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրեա է, Լավրովը պատասխանել է․ «Երբ նա ասում է` ի՞նչ նացիզմ կարող է լինել, եթե ես հրեա եմ, ապա կարծում եմ` Հիտլերը նույնպես հրեական ծագում ուներ, ուստի դա ոչինչ չի նշանակում։ Իմաստուն հրեա ժողովուրդն ասում է, որ ամենամոլի հակասեմականները, որպես կանոն, հրեաներ են»։

«Աններելի, սկանդալային հայտարարություն է». Իսրայելի ԱԳ նախարար

Լավրովի խոսքերը Իսրայելում վրդովմունք են առաջացրել։ Իսրայելը պահանջում է Մոսկվայի ներողությունը։

«Նման սուտը նախատեսված է` հրեաներին մեղադրելու պատմության ամենասարսափելի ոճրագործության համար, որն իրագործվել է նրանց դեմ։ Հրեա ժողովրդի Հոլոքոստի օգտագործումը քաղաքական նպատակներով անմիջապես պետք է դադարեցվի»,- հայտարարել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենետը։

«Աններելի, սկանդալային հայտարարություն է, պատմական սարսափելի սխալ, և մենք ներողություն ենք ակնկալում», - Լավրովի արտահայտությունների մասին ասել է արտգործնախարար Յաիր Լապիդը։

Իսրայելում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Արտգործնախարարություն բացատրություն տալու։

Հոլոքոստի վեց միլիոն զոհերի հիշատակի Յադ Վաշեմ հուշահամալիրի նախագահ Դանի Դայնը ռուս արտգործնախարարի խոսքերը համարել է «վիրավորանք և ծանր հարված իրական նացիզմի զոհերին»։

«Նա Հոլոքոստի հակադարձում է քարոզում։ Դա նողկալի է, զզզվելի և հակասում է պատմական ճշմարտությանը»,- ասել է նա։

Սպառնալիքներ Բրիտանիայի հասցեին

Լավրովի հարցազրույցը իտալական հեռուստաընկերության եթերում հեռարձակվել է կիրակի երեկոյան։ Այդ նույն ժամերին Ռուսաստանի Առաջին ալիքով մեկ այլ սկանդալային հայտարարությամբ հանդես էր գալիս «Россия сегодня» պետական գործակալության գլխավոր տնօրեն, Կրեմլի քարոզչամեքենայի առաջամարտիկներից համարվող Դմիտրի Կիսելյովը։ Նա ասել է, թե ռուսական «Սարմատ» մեկ հրթիռը բավական է Բրիտանիան մեկընդմիշտ խորտակելու համար։ Նրա խոսքով` Բրիտանիան կարող է ոչնչացվել նաև «Պոսեյդոն» կոչվող անօդաչու-սուզանավ ռոբոտի միջոցով, որը նույնպես թերմո-միջուկային զենք է։

«Ոչ մի միջոց չկա կանգնեցնելու ստորջրյա այդ դրոնին, որի մարտագլուխը 100 մեգատոն հզորություն ունի։ Բրիտանիայի ափերի մոտ հրթիռի պայթյունը 500 մետր բարձրության ահռելի ալիք կբարձրացնի։ Ջրային նման ալիքը նաև ռադիացիայի ծայրահեղ չափաբաժին կունենա, և անցնելով բրիտանական կղզիների վրայով` այն կդարձնի ռադիոակտիվ անապատ, այն, ինչ հնարավոր է դրանցից մնա», - շեշտել է նա։

Նրա հաղորդման ժամանակ գրաֆիկական պատկերներով ցուցադրվել են, թե ինչպես կարող են գործել նշված հրթիռները, և թե ինչպես է աշխարհի վրայից անհետանում Բրիտանիայի տարածքը։

Նույն սպառնալիքով ավելի վաղ հանդես էր եկել նաև ռուսական քարոզչության մեկ այլ ներկայացուցիչ` Վլադիմիր Սոլովյովը: Վերջինս «Ռոսկոսմոսի» ղեկավարի հետ զրույցում ասել էր, թե «մեկ Սարմատ հրթիռը նշանակում է մինուս մեկ Բրիտանիա»։

Պատերազմը քննադատողները պատժվում են

Բիզնեսի ոլորտում գործարար, «Տինկոֆ» բանկի հիմնադիր, միլիադատեր Օլեգ Տինկովի հայտարարությունը ևս կարելի է սկանդալային համարել։ «Նյու Յորք Թայմսի» հետ զրույցում նա հայտարարել է, թե Ռուսաստանի իշխանություններն իրեն սպիպել են կոպեկներով վաճառել իր բիզնեսը հակապատերազմական գրառման պատճառով։ Նա պնդել է, որ ստիպված էր բիզնեսը վաճառել իրական արժեքի երեք տոկոսի չափով։

«Ես չէի կարող գին սակարկել, դա պատանդի պես է, ինչ տալիս են` վերցնում ես»,- ասել նա։

Ապրիլի 19-ին Տելեգրամի իր էջում Տինկովը գրել էր, որ պատերազմը խելահեղություն է, զոհվում են անմեղ մարդիկ ու զինվորներ։ Նրա ասելով գրառման հաջոդ օրը ՌԴ նախագահի աշխատակազմից կապվել են իր գործընկերների հետ և սպառնացել ազգայնացնել բանկը, եթե չխզեն կապերը իր հետ, հավելել է նա։ Անցած շաբաթ Տինկովը իրեն պատկանող 35 տոկսսը վաճառել է Վլադիմիր Պոտանինին, ով «Ֆորբսի» ցանկով Ռուսաստանի երկրորդ մեծահարուստն է։

Տինկովն ասել է, որ թիկնապահներ է վարձել, քանի որ ռուսաստանյան հատուկ ծառայությունների հետ կապեր ունեցող ընկերները զգուշացրել են, որ վախենա իր կյանքի համար։

Նա պնդել է, որ ՌԴ կառավարությունում և բիզնեսսում իր ծանոթներից շատերը մասնավոր զրույցներում դեմ են արտահայտվում պատերազմին, բայց նրանք բոլորը վախեցած են։

Մշակույթի ոլորտում Մոսկվայի Մեծ թատրոնը մայիս ամսվա խաղացանկից հանել է Կիրիլ Սերեբրեննիկովի բեմադրած «Նուրեեվ» բալետը և Տիմոֆեյ Կուլյաբինի բեմադրած «Դոն Պասկուալե» օպերան։ Դրանց փոխարեն ներկայացվելու են «Սեվիլյան սափրիչն» ու «Սպարտակը», հայտնում է Մեծ թատրոնը` առանց նշելու խաղացանկի փոփոխության պատճառները։

Հայտնի է, որ բեմադրող ռեժիսորներ Սերեբրեննիկովն ու Կուլյաբինը պատերազմին դեմ են արտահայտվել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG