Մատչելիության հղումներ

Ադրբեջանը ռուբլով չի վճարի ռուսական գազի համար


Նախօրեին SOCAR պետական ընկերությունը հերքել է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու մասին մամուլի լուրերը՝ հայտարարելով, թե դրանք իրականությանը չեն համապատասխանում։ «Երկուշաբթի օրը լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, թե Ադրբեջանը Ռուսաստանից ներմուծվող գազի համար ռուբլով է վճարելու։ Այդ տեղեկատվությունն իրականությունը չի արտահայտում»,- SOCAR-ից ասել են «Ինտերֆաքս-Ազերբայջան»-ին։

Գազի հարուստ պաշարներ ունեցող, գազ արտահանող Ադրբեջանը ներկայիս դրությամբ Ռուսաստանից գազ է ներմուծում սեզոնային փոխանակման մասին պայմանագրի շրջանակում։ 2021 թվականին պետական «Ազերկոնտրակտ» ընկերությունը և «Գազպրոմ»-ը երկու տարի ժամկետով պայմանագիր են ստորագրել, ըստ որի ամռան սեզոնին Ադրբեջանը գազ է մատակարարելու Ռուսաստանին, իսկ ձմռան սեզոնին, ընդհակառակը, Ռուսաստանն է գազ մատակարարելու Ադրբեջանին։

Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փերվիզ Շահբազովն ասել է, որ պայմանագիրը նախատեսում է օրական կես միլիոն խորանարդ մետր գազի մատակարարում։ Այդ պայմանագրի համաձայն «Ազերկոնտրակտ»-ը 2021-ին ավելի քան 326 միլիոն խորանարդ մետր գազ է առաքել Ռուսաստան։

Ռուսաստանի արտգործնախարարությունում 4-րդ վարչությունը ԱՊՀ-ի հարցերով է զբաղվում, այդ վարչության ղեկավար Դենիս Գոնչարը երեկ ասել է, որ արևմտյան պատժամիջոցների պատճառով Ռուսաստանը Հայաստանի ու Ադրբեջանի հետ առևտրային կապերում ակտիվորեն անցնում է ռուբլով վճարումներին։

Գոնչարը նշել է, որ ապրիլի 19-ին և 20-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումներում պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ առևտրի հաշվարկներում ընդլայնել ազգային արժույթով վճարումների ծավալները։ Երևանը ռուսական գազի համար արդեն վճարում է ռուբլով, ասել է Գոնչարը։

Ադրբեջանի մասով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնյան նշել է, որ փորձագիտական գնահատմամբ՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առևտրի 30 տոկոսն իրականացվում է ռուբլով, բայց նա կոնկրետ գազի մասին չի ասել։

Մարտին Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ ոչ-բարեկամ երկրները ռուսական գազի համար պետք է ռուբլով վճարեն։ Այդ ցանկում հիմնականում եվրոպական երկրներ են, որոնք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։ Ոչ-բարեկամ երկրների ցանկում Հայաստանն ու Ադրբեջանը չկան։

XS
SM
MD
LG