Մատչելիության հղումներ

Հակակոռուպցիոն կոմիտեին ցուցում է տրվել զոհված զինվորներին տուժող ճանաչել, իսկ նրանց հարազատներին՝ տուժողի իրավահաջորդ


Զոհված զինծառայողների ծնողների բողոքի ցույցը Գլխավոր դատախազության շենքի մոտ։ 26-ը ապրիլի, 2022
Զոհված զինծառայողների ծնողների բողոքի ցույցը Գլխավոր դատախազության շենքի մոտ։ 26-ը ապրիլի, 2022

Բողոքի մի քանի ակցիաներից ու վարչապետի դեմ հաղորդում ներկայացնելուց հետո դատախազը պատերազմում ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունները քննող Հակակոռուպցիոն կոմիտեին ցուցում է տվել զոհված զինվորներին տուժող ճանաչել, իսկ նրանց հարազատներին՝ տուժողի իրավահաջորդ։

Այժմ Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է այս հարցով որոշում կայացնի, միևնույն ժամանակ պետք է ուսումնասիրի վարչապետ Փաշինյանի դեմ 44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողների ներկայացրած հաղորդումը։ Հարազատները Փաշինյանի դեմ հաղորդում ներկայացրեցին, երբ շաբաթներ առաջ վարչապետը Ազգային ժողովում հայտարարեց, որ այո, պատերազմը հնարավոր էր կանխել, արդյունքում կլիներ նույն իրավիճակը, սակայն առանց զոհերի։

«Ծնողները մի քանի օր առաջ հաղորդում ներկայացրել էին՝ կապված Նիկոլ Փաշինյանի կողմից Ազգային ժողովում վերջերս արված հայտարարության հետ։ Քննության առարկա են դառնալու պատերազմի վարման, պատերազմի հետ կապված գործառույթներ ունեցող բոլոր պաշտոնատար անձանց գործողությունները», - «Ազատությանը» փոխանցեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նրա խոսքով, դատախազությունը քննիչին ցուցում է տվել զինվորներին տուժող, իսկ նրանց հարազատներին տուժողի իրավահաջորդ ներգրավել դեռևս 2020 թվականից քննվող քրեական գործով, որը հարուցվել էր այն ժամանակ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության պետ Մովսես Հակոբյանի հայտնի ասուլիսից հետո։

«Կա զորահամալրում, որը որոշակի ժամանակ է պահանջում, գումարտակները մինչև 5 օր ժամանակ է պետք, որպեսզի իրենք սովորեն, պատերազմին ներդաշնակվեն, այդ ժամանակը դրա համար է տված` որոշակի զինվորական գործին իրենց հիշեցնելու, մարզելու համար, և մեր զորահավաքը չի կատարվել: Դրա պատասխանատուն երկրի ղեկավարն է, պաշտպանության նախարարը, զինվորական կոմիսարիատը և տարածքային կառավարման նախարարը, ոչ գլխավոր շտաբի պետը: Ամսի 30-ի դրությամբ Արցախի Հանրապետության լրահամալրման պլանն իրականացվել է 78 տոկոսով, Հայաստանի Հանրապետությունն իրականացրել է 52 տոկոսով», - այդ ասուլիսում ասել էր Հակոբյանը:

XS
SM
MD
LG