Մատչելիության հղումներ

Եթե չհաջողենք, Փաշինյանը մնա վարչապետ, այլևս խորհրդարան չեմ վերադառնա. Արթուր Վանեցյան


Քանի դեռ այս հարցը լուծված չէ, «ես խորհրդարանում անելիք չունեմ», «Ազատության» հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: Նա ապրիլի 17-ից նստացույց է սկսել Ազատության հրապարակում` պնդելով, որ վարչապետ Փաշինյանը պատրաստվում է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։

«Եթե չհաջողենք այս պայքարում և հասկանանք, որ ամեն ինչ մնալու է այնպես, ինչպես կա, այսինքն` Նիկոլ Փաշինյանը շարունակելու է պաշտոնավարել, և որևէ կերպ չենք կարողանալու մենք այն խնդիրը, որը մեր առջև դրված է, լուծենք, ես, իհարկե, չեմ վերադառնա խորհրդարան, որովհետև ես բան չունեմ այնտեղ», - այսօր հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Պարոն Վանեցյան, Դուք մտադի՞ր եք վերադառնալ խորհրդարան, այնտեղ պայքարը շարունակել:

Արթուր Վանեցյան. - Չեմ կարող հիմա այդպես կտրուկ այդ հարցին պատասխան տալ` այո կամ ոչ, կախված է զարգացումներից: Ես ասել եմ, որ քանի դեռ այս հարցը լուծված չէ, ես խորհրդարանում անելիք չունեմ: Այո, ես այս պահին խորհրդարանում անելիք չունեմ, ես Ազատության հրապարակում եմ, փողոցում եմ, մեր ժողովրդի հետ եմ և շարունակելու եմ պայքարել: Խորհրդարան վերադառնալ-չվերադառնալը կախված է շատ-շատ հանգամանքներից: Եթե չհաջողենք այս պայքարում և հասկանանք, որ ամեն ինչ մնալու է այնպես, ինչպես կա, այսինքն` Նիկոլ Փաշինյանը շարունակելու է պաշտոնավարել, և որևէ կերպ չենք կարողանալու մենք այն խնդիրը, որը մեր առջև դրված է, լուծենք, ես, իհարկե, չեմ վերադառնա խորհրդարան, որովհետև ես բան չունեմ այնտեղ:

«Ազատություն». - Իսկ մանդատից հրաժարվելու հարցը հիմա դիտարկո՞ւմ եք, իշխանությունն ասում է` աշխատավարձ եք ստանում, գործի չեք գալիս:

Արթուր Վանեցյան. - Իշխանությունը թող իր մասին նախ խոսա, որ փող է ստանում, աշխատավարձ է ստանում, միլիոնավոր պարգևավճարներ և բոլոր ուղղություններով ձախողել է, բոլոր, չկա մի ուղղություն, որտեղ հաջողություն է գրանցել իշխանությունը: Ես իմ աշխատավարձը, հավատացեք, գիտեմ` ոնց եմ օգտագործում. ես իմ աշխատավարձը չեմ ծախսում իմ անձնական կարիքների համար, մի օր դրա մասին կխոսենք:

Մանդատից հրաժարվելու…հիմա, այս պահին հաշվեք` հրաժարված է կամ հրաժարված չէ, որևէ բան չի փոխում: Ամեն դեպքում իշխանափոխությունը ես համարում եմ, որ պետք է լինի սահմանադրական ճանապարհով, իսկ սահմանադրական ճանապարհով իշխանափոխությունը լինելու է խորհրդարանում:

«Ազատություն». - Պարզապես այսօր մամուլը գրել էր, որ արդեն կա որոշումը, որ Դուք վայր եք դնում մանդատը:

Արթուր Վանեցյան. - Այդպես չէ գրված եղել, հարցականով է գրված եղել, և ասում են, որ եթե անգամ հաջողի այս շարժումը, Վանեցյանը մանդատից հրաժարվելու է, որովհետև կգնա գործադիր, եթե չհաջողի, ինքն ասել է, որ հրաժարվելու է: Եկեք, այս պահին հստակ պատասխաններ չտանք, սպասենք զարգացումներին: Այս փուլում դեռ չեմ դիտարկում:

«Ազատություն». - Ի՞նչ է ասում իշխանությունը, որ արդյոք ընտրություններից ավելի լավ գործիք կա` չափելու հանրային վստահությունը: Դուք մի տաևի առաջ Փաշինյանի հրաժարականը պահանջում էիք, նա դա արել է, դուք ստացել եք 5 տոկոս, սրան գումարենք Քոչարյանի 20 տոկոսը:

Արթուր Վանեցյան. - Ընտրությունների արդյունքները մենք վիճարկել ենք Սահմանադրական դատարանում, չեմ ուզում հիմա մանրամասներ ներկայացնել, բայց Նիկոլ Փաշինյանը խաբել է հանրությանը, Նիկոլ Փաշինյանի և «Քաղպայմանագրի» նախընտրական ծրագիրը եթե վերցնենք, կարդանք, այնտեղ որևէ բառ չկա, որ մենք գնալու ենք միակողմանի զիջումների:

«Ազատություն». - Նրա ընտրողները 5 տարի անց կտան դրա պատասխանը, պարոն Վանեցյան:

Արթուր Վանեցյան. - 5 տարին շատ երկար ժամանակ է, և մենք իրավունք չունենք` թողնենք` երկիրը գնա կործանման, երկիրը գնա թրքացման: Չեմ պատկերացնում` 5 տարի հետո, եթե մենք թողնենք` իրեն մնան, ինչ է լինելու:

«Ազատություն».- Միջազգային հանրությունը, սակայն, ողջունել է ընտրություններով ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելը:

Արթուր Վանեցյան. - Ես էլ եմ դա ողջունում, ես էլ եմ միշտ դա ողջունում ու դեմ եմ ցանկացած հակասահմանադրական իրադարձությունների: Եկեք, ֆիքսենք, որ ես դա անգամ ՀՊՇ-ի ժամանակ Բաղրամյան փողոցում ուղիղ ասել եմ, որ հակասահմանադրական որևէ բան չպետք է լինի, ինչի համար շատ քննադատվել եմ, բայց շարունակում եմ մնալ այդ մտքին: Ժողովուրդը եթե հիմա ոտքի կանգնեց, եթե եղավ այն կրիտիկական զանգվածը, և հանրային պահանջը ձևակերպվեց, որ Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի ներկայացնել ՀՀ և Արցախի շահերը, Նիկոլ Փաշինյանը ստիպված է լինելու հեռանալ: Եվ դա լինելու է սահմանադրական, դա հեղաշրջում չէ, սա հեղափոխություն չէ, սա հստակ իրավիճակի գնահատականն է, որ այդ մարդը չի կարողանում կատարել իր վրա վերցրած պարտավորությունները` որպես ՀՀ վարչապետ:

«Ազատություն». - Արդյոք վարչապետն ասել է` Արցախն Ադրբեջանի կազմում կարող է լինել: Նա ասել է` այնպիսի մի կարգավիճակ, որ արցախահայերն այնտեղ ապրեն, դրանք տարբեր բաներ չե՞ն:

Արթուր Վանեցյան. - Ինքն ուղիղ չի ասել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, Փաշինյանին պատգամավորները, լրագրողները, տարբեր շրջանակներ ուղիղ հարց են տալիս` կարող եք ուղիղ, առանց այս կամ այն կողմ գնալու հայտարարեք, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Որևէ դեպքում նման ուղիղ պատասխան, որ այո, երբեք չի լինելու, չկա:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG