Երեկ Երևանում իշխանության հեռացումը պահանջող ընդդմադիրների բողոքի ակցիաների ընթացքում խուլիգանության կասկածանքով 3 անձ է ձերբակալվել։ Ոստիկանությունից «Ազատությանը» այլ մանրամասներ չհայտնեցին՝ տեղեկացնելով միայն, որ երեկ բերման ենթարկված 11 անձանցից միայն 3-ի նկատմամբ է քրեական գործ հարուցվել, մյուսներն ազատ են արձակվել։
Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը «Ազատությանը» փոխանցեց, որ առավոտյան այցելել է ձերբակալվածների ժամանակավոր պահման վայր։ Ձերբակալվածները, ըստ պատգամավորի, չեն հասկանում՝ իրենց որ գործողություններն են որակվել որպես խուլիգանություն։
«Աբսուրդ մեղադրանք է, իրենք էլ են ապշած։ Տղաներից մեկին, որ երեկ երեկոյան ձերբակալեցին, նախաքննությունից խուսափելու համար հիմնավորմամբ էր։ Այնինչ՝ Քննչական կոմիտեից զանգահարել էին, և նա հանրահավաքի վայրից շտապ, մենակով՝ շտապել էր Քննչական կոմիտե։ Նույնիսկ այդտեղ են իրավապահները հասել ուղղակի ցինիկության»,- «Ազատության» հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Ցուցարարների անունները չեն հրապարակում ո'չ ոստիկանությունը, ո'չ էլ նրանց փաստաբան Բենիկ Գալստյանը՝ ձերբակալվածների համաձայնությունը չունենալու պատճառաբանությամբ։
«Երեքն էլ երիտասարդ տղաներ են, երկուսն, ըստ էության, դաշնակցական են, մեկն էլ «Արամ Մանուկյան» կենտրոնի հերթափոխի աշխատողը՝ պահակը», - ասաց Գալստյանը։
Փաստաբանն «Ազատությանը» փոխանցեց, որ իրենց պաշտոնապես չի հաղորդվել, թե ինչ գործողությունների համար են ձերբակալվել ցուցարարները» Ոստիկանությունը ևս պարզաբանում չի տալիս։ Այս պատճառով փաստաբան Գալստյանը միջնորդություն է ներկայացրել դատարան։
«Ըստ օրենքի, 24 ժամվա ընթացքում նիստ պետք է կայանա», - ասաց փաստաբանը։
Գեղամ Մանուկյանի փոխանցմամբ, երեկ նաև ոստիկաններն արգելել են պատգամավորներին մտել Քննչական կոմիտե, ինչը պատգամավորի գնահատմամբ, ապօրինություն է։ «Ոստիկանները ծառայամիտ ուղղակի որևէ բան չէին կարողանում պատճառաբանել, բայց իրենք էլ մասնակիցը դառան այդ հանցագործության»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Ոստիկանության բարեփոխումներ չեն եղել։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի պնդմամբ, թեև հեղափոխությունցի հետո իշխանությունները կարևորում էին այս ոլորտում էական փոփոխությունները, սակայն գործականում էական քայլեր չեն արվել։
Ըստ իրավապաշտպանի, ոստիկանական բարեփոխումների անհրաժեշտություն գործող իշխանությունը չի էլ տեսել. - «Գիտեի, որ լինելու է ինչ-որ մի էտապ, երբ որ ոստիկանության այդ անհամաչափ ուժ կիրառելը բխելու է հենց գործող իշխանությունների շահերից։ Ու դրա համար պետք չեն խորքային, բովանդակային փոփոխություններ, այլապես մենք կունենայինա այլ պատկեր»։
Ի դեպ, Ոստիկանությունից քիչ առաջ տեղեկացրին, որ այսօր բողոքի ակցիաների ընթացքում արդեն 18 ցուցարար է բերման ենթարկվել։