«Համախմբում, դիմադրում և հեռացում» կարգախոսով այսօր ընդդիմությունը մեկնարկեց իրազեկման երթը Սասունցի Դավիթ հրապարակից:
ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ իրենց պայքարը հնարավոր չէ կասեցնել:
«Համախմբում, դիմադրում, հեռացում», - կոչ արեց Սաղաթելյանը, հավելելով, որ իրենց իրազեկման երթը ևս այս պայքարին միանալու կոչ է:
Ընդդիմադիրները հասան Գլխավոր դատախազության շենքի մոտ, որտեղ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն են` օբյեկտիվ դատաքննության պահանջով: Նրանց այստեղ է բերել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ընդունեց՝ պատերազմը, այո, հնարավոր էր կանխել, արդյունքում կլիներ նույն իրավիճակը, սակայն առանց զոհերի։ Հենց այս հայտարարությունը պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ ինքնախոստովանական ցուցմունք են համարել ու վարչապետի դեմ դատախազություն հանցագործության հաղորդում ներկայացրել։
Ցուցարարներն իրենց աջակցությունը հայտնեցին զոհերի հարազատներին:
Արդեն Ֆրանսիայի հրապարակում եզրափակելով` պատգամավոր Սաղաթելյանը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին ևս շարունակելու են իրազեկման երթերը մինչև մայիսի 1-ը, դրան հաջորդելու է հանրահավաք: Վաղը երթը մեկնարկելու է Գարեգին Նժդեհի հրապարակից:
«Բռնություն են գործադրել, այդ թվում` Սևակ Նազարյանի նկատմամբ». Գեղամ Մանուկյան
Երևանի տարբեր հատվածներում այսօր անհնազանդության բողոքի այլ ակցիաներ են իրականացվել: Պատգամավոր Գեղամ Մանուկյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ այս ընթացքում 4 ակտիվիստ է բերման ենթարկվել, նրանցից երկուսը ձերբակալվել են, նրանց մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով:
«Այսօր դաշնակցական մի խումբ երիտասարդներ նման ակցիա իրականացրել էին Կոմիտասի պողոտայում, որը վերածվեց ոստիկանության կողմից հերթական ապօրինության, երբ նրանք, որևէ օրենք չհարգելով, շրջափակեցին Դաշնակցության Արամ Մանուկյանի երիտասարդական կենտրոնի ամբողջ տարածքը, և փաստաբանի ուղեկցությամբ մեր երիտասարդները որ ուղղակի դուրս էին եկել, ուղղակի գողացան նրանց: Բռնություն են գործադրել, այդ թվում` Սևակ Նազարյանի նկատմամբ, որը հաղորդում է տվել բռնության մասին», - հայտնեց Մանուկյանը` շարունակելով. «Այս իշխանությունները, նրանց կամակատար ոստիկաններն ու քննչական մարմինները ուղղակի չեն կարողանում ընկալել` ում հետ գործ ունեն, անիմաստ, անտեղի գործողություններ են իրականացնում, քննչական մարմիններին անտեղի ծանրաբեռնում են, որևէ արդյունքի չեն հասնելու, որևէ մեկը ետնահանջ չունի»: