Մատչելիության հղումներ

Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման առնչությամբ Չավուշօղլուն արդեն տեխնիկական խնդիրներ է նշում


Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլու, արխիվ
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլու, արխիվ

Հարաբերությունները կարգավորելու համար Թուրքիան և Հայաստանը շարունակում են աշխատել վստահությունն ամրապնդող քայլերի ուղղությամբ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը: Մևլյութ Չավուշօղլուն այսօր թուրքական Ahaber հեռուստաընկերության ուղիղ եթերում բանակցային գործընթացից որոշ մանրամասներ է փոխանցել:

«Մենք դրական ուղերձների հետ մեկտեղ որոշեցինք հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ նշանակել: Նրանք երկու անգամ հանդիպել են և մշտական հեռախոսային կապի մեջ են: Վստահության բարձրացմանն ուղղված քայլեր ձեռնարկեցինք: Թռիչքներ սկսվեցին: Մյուս կողմից՝ առևտրի բնագավառում որոշ քայլեր են ձեռնարկվում», - ասել է Չավուշօղլուն։

Ուշագրավ է, որ Թուրքիայի արտգործնախարարը, խոսելով հայ - թուրքական սահմանների բացման հնարավորության մասին, նշել է, որ արդեն քննարկվում են նաև տեխնիկական բնույթի հարցեր. - «Սահմանային գետերի սողանքների հետ կապված հարցեր կան, քննարկվում է, թե ինչ աշխատանքներ կարող են տարվել: Վաղը սահմանների բացման դեպքում հաղորդակցության հարցեր առաջ կգան, ճանապարհների և երկաթուղիների գործարկման հետ կապված երկու կողմն էլ անելիքներ ունի»։

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ բանագնացների աշխատանքին զուգահեռ նաև քաղաքական շփումներ կան. որպես օրինակ Չավուշօղլուն նշել է իր հանդիպումը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, որ տեղի էր ունեցել շաբաթներ առաջ՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ։ «Իրականում ես ցանկանում էի, որ այդ հանդիպումը եռակողմ լիներ և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ևս մասնակցեր: Սակայն Անթալիայում չստացվեց: Հիմա Ալիևն ու Փաշինյանն են հանդիպելու Եվրոպայում», - հավելել է նա։

Չավուշօղլուն ասել է, որ տարիներ շարունակ Հայաստանի և Թուրքիայի միջև կապը կտրված է եղել՝ ղարաբաղյան խնդրի ու ադրբեջանական հողերի օկուպացիայի պատճառով, սակայն վերջին պատերազմից հետո լավ դինամիկա է նկատվում։

«Բայց մեկ օրում բոլոր հարցերը չեն կարող լուծվել, փոխադարձ քայլեր պետք է ձեռնարկվեն, վստահ է Չավուշօղլուն: Թուրքիայի արտգործնախարարը հերթական անգամ ընդգծել է, որ Ադրբեջանի հետ են քննարկում իրենց քայլերը և առանց Բաքվի հետ խորհրդակցելու առանցքային հարցերում որոշումներ չեն կայացնում: Չավուշօղլուն նաև կրկնել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Ադրբեջանի կողմից խնդիր չի տեսնում:

«Պատերազմն ավարտվել է, և Կովկասյան տարածաշրջանում կայունության հաստատման համար պետք է քայլեր ձեռնարկվեն: Եթե Հայաստանն էլ նույն մոտեցումն ունի, և՛ մենք, և՛ Ադրբեջանը կկարգավորենք հարաբերությունները Հայաստանի հետ, սահմանները կբացվեն, առևտուր կսկսվի, լոգիստիկ խնդիրները կլուծվեն, ու տարածաշրջանը զարգացում կապրի: Այս համատեքստում Ադրբեջանը Հայաստանին ընդգրկուն խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկ է արել, և Հայաստանը պետք է դրական պատասխան տա», - նշել է Թուրքիայի արտգործնախարարը:

Ի պատասխան լրագրողի հարցին, Չավուշօղլուն չի բացառել, որ այս գործընթացի շրջանակներում Հայաստանի արտգործնախարարը կարող է այցելել Անկարա, ինքն էլ Երևան կգնա:

Տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին այսօր նաև նախագահ Էրդողանն է խոսել, բայց՝ խիստ ձևակերպումներով։ Ուզբեկստան կատարած այցից հետո, գնահատելով հայ-ադրբեջանական վերջին լարվածությունը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե հայկական զինված ուժերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքներից:

Ղարաբաղում հրադադարի պահպանմանը հետևող երկրի՝ Թուրքիայի առաջնորդը նաև պնդել է, թե Ադրբեջանը ամբողջությամբ պահպանում է եռակողմ հայտարարության դրույթները և Բաքվի կողմից հրադադարի խախտման մասին խոսք չի կարող լինել: Թեև Մինսկի խմբի երեք համանախագահող երկրները՝ թե՛ Ֆրանսիան, թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Ռուսաստանը հրապարակավ հայտարարել են ադրբեջանական ուժերի առաջխաղացման մասին՝ Թուրքիայի նախագահն այսօր պնդել է, թե Ադրբեջանի նկատմամբ հարձակում է եղել, նրանք էլ պաշտպանական բնույթի հակահարված են տրվել:

XS
SM
MD
LG