Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ն 4,4 տոկոսից մինչև 3,6 տոկոս է նվազեցրել համաշխարհային տնտեսական աճի իր կանխատեսումը


Մինչ աշխարհը շարունակում է պայքարել համավարակի առաջացրած տնտեսական հետևանքների հաղթահարման ուղղությամբ, ռուս-ուկրաինական հակամարտությունը և Մոսկվայի դեմ արևմտյան պատժամիջոցները ավելի են սրել առկա անորոշությունը՝ ազդելով համաշխարհային առևտրի, նավթի գների բարձրացման և սննդի մատակարարման վրա։ Արժույթի միջազգային հիմնադրամը այս գործոններով ու վերջին զարգացումներով պայմանավորված՝ նվազեցրել է համաշխարհային տնտեսական աճի հեռանկարը, ասում է կառույցի գլխավոր տնտեսագետ Պիեռ Օլիվյե Գուրինչասը։

«Նույնիսկ նախքան պատերազմը՝ առաջարկի և պահանջարկի անհավասարակշռության և համավարակի ընթացքում, ֆինանսական աջակցության քաղաքականությամբ պայմանավորված՝ գնաճը շատ երկրներում մեծանում էր, ինչը նպաստեց դրամավարկային քաղաքականության խստացմանը», - հայտարարել է ԱՄՀ գլխավոր տնտեսագետ Պիեռ-Օլիվյե Գուրինչասը։

Արժույթի միջազգային հիմնադրամը 2022-ին համաշխարհային տնտեսական աճի իր գնահատականը կանխատեսված 4,4 տոկոսից նվազեցրել է մինչև 3,6 տոկոս, իսկ Համաշխարհային բանկը 4,1 տոկոսից մինչև 3,2 տոկոս։ Էլեկտրաէներգիայի և ապրանքների գնաճը նպաստել են արտադրանքի ծավալների անկմանն ու գնաճի ավելացմանը: Ըստ Սպիտակ տան մամլո խոսնակի՝ մեղավոր է Մոսկվան։

«Մենք ի սկզբանե ասել ենք, որ նախագահ Պուտինի և Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումը շարունակական ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսության՝ թե՛ նավթի շուկաների, թե՛ այլ ոլորտների վրա», - ասել է Ջեն Սաքին։

Դանդաղել է նաև Չինաստանի տնտեսության աճը։ Ջորջ Վաշինգտոնի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Դիանա Ֆուրխտգոթ-Ռոթը կարծում է՝ պատճառը համավարակով պայմանավորված հաճախակի լոքդաուններն են։

«Նախ, Չինաստանը մեկշաբաթյա կարանտին է սահմանել ներմուծվող ապրանքների համար, ինչը նշանակում է, որ այն արտադրողները, որոնք այլ երկրներից, օրինակ՝ Հարավային Կորեայից են տարբեր պահեստամասեր ներկրում, հիմա չեն աշխատում։ Դրանից բացի, Հոնկոնգի և Շանհայի նավահանգիստներում խցանումներ են արգելափակման պատճառով», - պարզաբանում է Դիանա Ֆուրխտգոթ-Ռոթը։

Տարբեր երկրների Կենտրոնական բանկերի ներկայացուցիչները, որոնք Վաշինգտոնում մասնակցում են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումներին, մեկ հիմնական նպատակ ունեն, այն է՝ զսպել գնաճը առանց աշխարհին նոր ճգնաժամի մեջ ներքաշելու՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքների աստիճանական համակարգված բարձրացման եղանակով:

«Դա կկանխի մի տեղից մյուսը գնաճի տեղափոխումը: Բայց սա նուրբ խնդիր է, քանի որ բաժնետոմսերի շատ աշխույժ շուկաներ ունենք, ինչպես նաև բնակարանային աշխույժ շուկաներ: Այդ առումով հեշտ չի լինելու տոկոսադրույքները այնպես բարձրացնել, որ գնաճը նվազի առանց տնտեսական հապաղում առաջ բերելու», - կարծում է Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող և ԱՄՀ քաղաքականության մշակման և վերանայման բաժնի նախկին փոխտնօրեն Դեզմոնդ Լաչմանը։

Այս ամենի համակարգումը խնդրահարույց է՝ հաշվի առնելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մեկուսացնելու Արևմուտքի ջանքերը: ԱՄՆ-ը հայտարարել է, որ չի մասնակցի այս շաբաթ կայանալիք G-20-ի ֆինանսների նախարարների հանդիպումների մեծ մասին՝ բոյկոտելով դրանց Մոսկվայի մասնակցությունը։

ԱՄՀ-ն 4,4 տոկոսից մինչև 3,6 տոկոս է նվազեցրել համաշխարհային տնտեսական աճի իր կանխատեսումը
please wait

No media source currently available

0:00 0:02:57 0:00

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG