Մատչելիության հղումներ

Ուկրաինայի ՀՆԱ-ն 2022-ին նախորդ տարվա համեմատ կարող է նվազել 45,1 տոկոսով․ ՀԲ


Տարվա արդյունքներով Ուկրաինայի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) նախորդ տարվա համեմատ կարող է նվազել 45,1 տոկոսով։ Նման տվյալներ են բերված Համաշխարհային բանկի երեկ հրապարակած կանխատեսման մեջ։ Փորձագետները կարծում են, որ տնտեսական անկման ճշգրիտ չափը կախված կլինի Ռուսաստանի սկսած պատերազմի տևողությունից և ուժգնությունից։

Պատերազմը և դրա հետևանքով մարդկանց տեղահանումը կարող են էապես ազդել Ուկրաինայում աղքատության մակարդակի վրա, շեշտում են փորձագետները։ Համաշխարհային բանկը զգուշացնում է, որ երկրի՝ աղքատության շեմից ցածր կենսամակարդակով բնակչության մասնաբաժինը սպառնում է կտրուկ աճել։

«Ուկրաինան տնտեսության բնականոն աշխատանքն ապահովելու համար անհապաղ ծավալուն ֆինանսական օժանդակության կարիք ունի», - հայտարարել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխնախագահ Աննա Բյերդեն։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ՀՆԱ-ն տարվա կտրվածքով կարող է նվազել 11,2 տոկոսով, կարծում են վերլուծաբանները։ Սրա պատճառը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառվող պատժամիջոցների էական հետևանքներն են, մասնավորապես՝ ներքին պահանջարկի կրճատումը։

Վերլուծաբաններն այս տարի ակնկալում են ՀՆԱ-ի անկում նաև երկու երկրներին սահմանակից Բելառուսում՝ 6,5 տոկոսով: Բելառուսի հիմնական առևտրաֆինանսական գործընկեր Ռուսաստանը բախվել է աննախադեպ սահմանափակումների տնտեսական և ֆինանսական հատվածներում։

XS
SM
MD
LG