«Հյուսիսատլանտյան դաշինքը երբեք այսքան միասնական չի եղել», - չորեքշաբթի երեկոյան Վաշինգտոնում կայացած խորհրդակցության ժամանակ, դիմելով ամերկյան բանակի բարձրաստիճան հրամանատարներին, հայտարարում էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Ուկրաինայի իրադարձություններին զուգահեռ մեր դաշնակիցներն ավելի ակտիվ դերակատարություն են ստանձնում՝ բարձրացնելով մեր գործողությունների արդյունավետությունը։ ՆԱՏՕ-ն այժմ կենտրոնացած է և ավյունով լի, ավելի քան երբևէ։ Երբ ես երիտասարդ էի՝ 30-40 տարեկան, և զբաղեցնում էին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ՆԱՏՕ-ի ենթակոմիտեի ղեկավարի պաշտոնը, նույնիսկ այդ ժամանակ ես դաշինքի նման միասնականության ականատեսը չեմ եղել։ Կարծում եմ, որ Պուտինը ևս չէր կարծում, որ մենք կկարողանանք պահպանել այդ միասնականությունը», -դիմելով ամերիկացի գեներալներին՝ հայտարարում էր Բայդենը։
Սպիտակ տան ղեկավարի այս հայտարարությունների հիմքը ՆԱՏՕ-ի անդամ պետությունների մայրաքաղաքներից եկող լուրերն են, որոնց համաձայն, դաշինքի գրեթե բոլոր անդամները, ամերիկացիների գլխավորությամբ, ավելի ու ավելի ակտիվորեն են իրենց զինանոցները բացում ուկրաինացիների համար։
Այսօր հայտնի դարձավ, որ վերջին 24 ժամերին Միացյալ Նահանգներից Եվրոպա է ժամանել ամերիկյան սպառազինությամբ բեռնված ևս չորս տրանսպորտային օդանավ։ Այս մասին լրատվամիջոցներին փոխանցել են Պենտագոնին մոտ կանգնած աղբյուրները։ Ամերիկացի զինվորականները, չհստակեցնելով առաքվող սպառազինության կոնկրետ տեսակները, նշել են միայն, որ դրանց մի մասի հետ ուկրաինացի զինվորականները նախկինում չեն առնչվել, ուստի եվրոպական պետություններից մեկում նրանց համար մեկշաբաթյա դասընթացներ են անցկացվելու։
Նիդերլանդները առաջիկա օրերին Կիևին գերմանական արտադրության հրետանային համակարգեր կտրամադրեն։ Ըստ Bloomberg-ի, Բեռլինն արդեն իսկ համաձայնել է ուկրաինական կողմին այդ համակարգերի համար նախատեսված զինամթերք տրամադրել ինչպես նաև սեփական տարածքում կամ հարևան Լեհաստանում մարզումներ անցկացնել ուկրաինացի զինվորականների համար։
Հյուսիսատլանտյան դաշինքի մեկ այլ անդամ՝ Լիտվան, առաջիկա օրերին Ուկրաինային ծանր ականանետներ կտրամադրի։ Վիլնյուսում սակայն չեն հստակեցնում առաքվող սպառազինության քանակը։ ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեեստրի 2020 թվականի տվյալներով՝ Լիտվան 100-ից ավելի նման ականանետեր ունի։
Սպառազինության չդադարող այս հոսքը, ըստ Բայդենի, ռուս-ուկրաինական պատերազմում որոշիչ դեր ունի՝ թույլ տալով ուկրաինացիներին հաջողությամբ դիմադրել ռուսական բանակին։
«Մինչև պատերազմը ես մի քանի անգամ եղել եմ Ուկրաինայում, ելույթով հանդես եմ եկել Ռադայում, խորապես ներգրավված եմ եղել այնտեղ ընթացող պրոցեսներին։ Ես գիտեի, որ նրանք հաստատակամ ու հպարտ մարդիկ են, բայց չէի պատկերացնում, որ այս աստիճան։ Ես ապշում են, թե ինչեր են անում ուկրաինացիները՝ մեր տրամադրած սպառազինության և ձեր խորհուրդների օգնությամբ», -դիմելով ամերիկացի զինվորականներին՝ հայտարարում էր Բայդենը։
Բայդենի վարկանիշը հասել է ռեկորդային ցածր մակարդակի
Ուկրաինայի հարցում որդեգրած կտրուկ դիրքորոշումը, սակայն, ներքաղաքական ասպարեզում ԱՄՆ նախագահին առանձնապես չի օգնում։ Վերջին օրերին անցկացված գրեթե բոլոր հարցումները վկայում են՝ Բայդենի վարկանիշը հասել է ռեկորդային ցածր մակարդակի։
CNN հեռուստաընկերությունն, օրինակ, արձանագրում է՝ «ԱՄՆ տարածքում անցկացված վերջին չորս խոշոր սոցհարցումների միջինացված տվյալների համադրումը Բայդենի համար բավական տխուր պատկեր է ուրվագծում։ ԱՄՆ նախագահի գործունեությունից գոհ է ընտրողների 39, դժգոհ՝ 55 տոկոսը», - նշում է CNN-ը՝ հավելելով․ - «Թեև Բայդենը բավական դրական գնահատականների է արժանանում իր ուկրաինական քաղաքականության համար, բայցևայնպես միմյանց հաջորդող բոլոր հարցումները վկայում են՝ ընտրողների մեծամասնության համար տնտեսական կացությանն առնչվող մտավախությունները ավելի կարևոր են, քան արտաքին քաղաքականությունը»։
Մոտավորապես նույնն են վկայում նաև AP գործակալության պատվերով անցկացված հարցման արդյունքները։ Դրան մասնակցած ամերիկացիների մեծամասնությունը՝ 54 տոկոսը, վստահ է, որ Բայդենը բավարար կոշտ դիրքորոշում չի ցուցաբերում Ուկրաինայի խնդրում։ Դրա հետ մեկտեղ, հարցվածների ճնշող մեծամասնությունը վստահ է՝ ուկրաինական ճգնաժամում Վաշինգտոնը պետք է սահմանափակվի սպառազինություն ուղարկելով և պատժամիջոցներով։ Ամերիկացիների միայն 22 տոկոսն է կարծում, որ Միացյալ Նահանգները պետք է զորք ուղարկի Ուկրաինա։
«Ես ինքս զինվորականների ընտանիքից եմ, իմ հայրը պաշտոնաթող զինվորական է, և ես չեմ կարծում, որ մեր երկիրը պետք է իր քաղաքացիներին ուղարկի մեռնելու մի հակամարտությունում, որում մենք ներգրավված չենք։ Ես կգերադասեի, որպեսզի այս վարչակազմն ու Կոնգրեսը կենտրոնանային ներքին խնդիրների, ներքին կյանքին վերաբերող այն խոստումների վրա, որոնք տրվել են նախագահ Բայդենի քարոզարշավի ընթացքում», - նշում էր AP հարցման մասնակիցներից մեկը՝ Վաշինգտոնի բնակիչ Ջենիֆեր Բրայանտը։