Մատչելիության հղումներ

Դոնբասում էսկալացիայի ֆոնին Արևմուտքը նոր սպառազինություններ է խոստանում Կիևին


Լեհաստանի ռազմաօդային ուժերի МиГ-29 կործանիչ, արխիվ
Լեհաստանի ռազմաօդային ուժերի МиГ-29 կործանիչ, արխիվ

Դոնբասում մեկնարկած լայնածավալ ռազմական գործողությունների ֆոնին արևմտյան ռազմական դաշինքի անդամ երկրները Կիևին նոր սպառազինություն մատակարարելու պատրաստակամության մասին են հայտարարում։

Փետրվարի 24-ին Ռուսաստանի ռազմական ներխուժումից ի վեր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Արևմուտքին կոչ է անում ավելի շատ զենք տրամադրել ռուսական ագրեսիային հակազդելու համար:

Պատերազմի ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին օգնեցին շարժական հակատանկային հրթիռանետներով՝ ձեռնպահ մնալով ծանր սպառազինություն և ինքնաթիռներ մատակարարելուց։ Արևմտյան երկրներից շատերը մտավախություն ունեին, որ զրահատեխնիկայի և կործանիչների ուղղակի մատակարարումները կարող են սրել հակամարտությունը և մեծացնել Ուկրաինայի սահմաններից դուրս պատերազմի ընդլայնման հավանականությունը։ Բուչայում և ուկրաինական մի շարք քաղաքներում ռուս զինվորականների կողմից խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունների մասին հաղորդումներից հետո Արևմուտքի դիրքորոշումը սկսեց փոխվել։

Կիևի հիմնական խնդրանքներից մեկը մարտական օդանավերի՝ մասնավորապես խորհրդային արտադրության МиГ-29 կործանիչների տրամադրումն է, որոնց տիրապետում են նաև ուկրաինացի օդաչուները։ МиГ-29 կործանիչներ ունեն արևելաեվրոպական մի շարք երկրներ՝ մասնավորապես Լեհաստանը, Բուլղարիան, Սլովակիան։ Անցած ամիս Վարշավան հայտարարել է, որ պատրաստ է Կիևին փոխանցել իր զինանոցում գտնվող МиГ-երը, սակայն պայմանով, որ նախ դրանք կուղարկի ԱՄՆ, որտեղից էլ ամերիկացիները կփոխադրեն Ուկրաինա։ Այդ տարբերակին, սակայն, Վաշինգտոնը դեմ էր, արդյունքում՝ կործանիչների փոխանցումը ձգձգվել է։

Այժմ, դատելով Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբիի հայտարարություններից, ուկրաինական մարտական օդանավերի թիվն ավելացնելու ձևը գտնվել է։ Մանրամասները հայտնի չեն, Քիրբին միայն նշել է, որ Ուկրաինան այժմ արդեն «ավելի շատ մարտական օդանավեր ունի, քան երկու շաբաթ առաջ»։ Թե քանի օդանավի մասին է խոսքը, Պենտագոնի ներկայուցուցիչը չի հստակեցրել, նրա խոսքով՝ Վաշինգտոնը դաշնակիցներին օգնել է օդանավերի որոշ մասերի տեղափոխման հարցում։

Մյուս առանցքային սպառազինությունը, որը Կիևը կարող է ստանալ, բրիտանական «Բրիմսթոուն» հրթիռներն են, դրանց մատակարարման հնարավորության մասին նախօրեին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Դրանք արտադրող MBDA ընկերության համաձայն՝ այդ հրթիռները կարող են կիրառվել արագ շարժվող թիրախների դեմ՝ ինչպես ծովում, այնպես էլ ցամաքում։

Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների առաջնորդները, միևնույն ժամանակ, հայտարարել են ուկրաինական զինված ուժերին հակատանկային տեխնիկայի նոր խմբաքանակ տրամադրելու մասին։ Ամերիկյան ռազմական գերատեսչության խոսնակը հայտնել է, որ արդեն առաջիկա օրերին ամերիկյան 18 հաուբիցները կհասնեն Ուկրաինա։ Երեկ Սպիտակ տան ղեկավարը տեսակապի միջոցով դաշնակիցների հետ բանակցություններից հետո հաստատել է, որ ԱՄՆ-ը մտադիր է ավելի շատ հրետանային կայանքներ ուղարկել Ուկրաինա, ամերիկյան լրատվամիջոցների, ինչպես նաև Reuters-ի տվյալներով՝ Բայդենը մոտ 800 մլն դոլարի չափով Ուկրաինային օգնության հերթական փաթեթի մասին կհայտարարի առաջիկա օրերին, այդ օգնությունը ներառում է նաև հրետանի և արկեր։ Այսպիսով, փետրվարի 24-ից ի վեր Ուկրաինային տրամադրվող ԱՄՆ ռազմական օգնության ընդհանուր ծավալը կգերազանցի 3 մլրդ դոլարը։

Երեքշաբթի օրը հրետանու նոր մատակարարումների հնարավորության մասին խոսել է նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Գերմանական կառավարության ղեկավարը տակավին հրաժարվում է ծանր սպառազինություն մատակարարել Կիևին՝ փոխարենը պատրաստականություն հայտնելով լրացուցիչ ֆինանսական օգնություն հատկացնել։
Կիևն, ի պատասխան, շարունակում է քննադատել Բեռլինին՝ պնդելով, թե գերմանական ռազմական աջակցությունը բավարար չէ։ Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը DPA-ի հետ զրույցում ասել է, որ Կիևում «մեծ հիասթափությամբ և ցավով» են ընդունել կանցլերի հայտարարությունը։ Ուկրաինացի դիվանագետը նշել է, որ, մի կողմից, Գերմանիայի ֆինանսական օգնությունը սպառազինություն ձեռք բերելու համար ողջունելի է, մյուս կողմից, սակայն, «հարցերն ավելի շատ են, քան պատասխանները»։

Ուկրաինային զենքով օգնել ցանկացող երկրների ցանկը համալրել է նաև Ֆինլանդիան։ Այդ երկրի ռազմական գերատեսչությունը տեղեկացնում է Ուկրաինային սպառազինությունների մատակարարումների մեկնարկի մասին, սակայն առանց մանրամասնելու, թե ինչպիսի զինատեսակների մասին է խոսքը։ Ֆինլանդիան վստահեցնում է, որ ռազմական օգնությունը կբավարարի Կիևի կարիքները։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն իր հերթին է հայտարարել Ուկրաինա խոշոր տրամաչափի հրետանի ուղարկելու որոշման մասին։

Չեխիան էլ խոստանում է օգնել Ուկրաինային ռազմական գործողությունների ժամանակ խոցված տանկերի և այլ զրահատեխնիկայի վերանորոգման հարցում։

Նորվեգիայի կառավարությունը ևս պատրաստ է անվերադարձ Ուկրաինային փոխանցել «Միստրալ» զենիթա-հրթիռային կայանքներ։ Թագավորության պաշտպանության նախարար Բյորն Արիլդ Գրամի խոսքով՝ «Միստրալ»-ը արդյունավետ սպառազինություն է, որն Ուկրաինային մեծ օգուտ կբերի։

Երեկ ուշ երեկոյան իր հերթական ելույթում Ուկրաինայի նախագահը պնդել է, որ եթե Կիևը ժամանակին ստանար ռազմական օգնություն, ապա ռուսական զորքերը կարող էին շատ ավելի արագ նահանջել։ «Եթե մեզ հասանելի լինեին մեզ անհրաժեշտ բոլոր զենքերը, որոնք ունեն մեր գործընկերները և որոնք համեմատելի են Ռուսաստանի Դաշնության կողմից օգտագործվող զենքի հետ, մենք արդեն ավարտած կլինեինք այս պատերազմը», - հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։

Դոնբասում էսկալացիայի ֆոնին Արևմուտքը նոր սպառազինություններ է խոստանում Կիևին
please wait

No media source currently available

0:00 0:05:08 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG